- Լավ հարցեր չես տալիս,- հարցազրույցից հետո ինձ ասում է 21 տարի Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բուժառուն՝ Արթուրը (անունը փոփոխված է)։
- Ինչո՞ւ, Արթուր։
- Դե չես հարցնում՝ ի՞նչն է ինձ երջանկացնում ամենաշատը, ի՞նչն է տխրեցնում։
Այդ պահին ես գիտակցում եմ, որ մեր ամբողջ զրույցը կենցաղային պայմանների մասին էր՝ սննդի, շենքային վիճակի, ազատ ժամանակվա զբաղմունքի ու ազատության մեջ հայտնվելու ժամանակ կյանքի դասավորման, բայց ոչ մի հարց՝ երջանկության կամ դժբախտության մասին։
- Իսկ ի՞նչն է քեզ երջանկացնում, Արթուր,- հարցնում եմ ես։ Նա էլ անակնկալի է գալիս, ասես՝ մեր նախորդ խոսակցությունը չկար, նրա նկատառումը։
- Երաժշտությունը։ Ինձ երջանկացնում է միայն երաժշտությունը․․․

Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ժամանակ բուժառուների միջև տարածվել էր տեղեկությունը, որ լրագրողներ են եկել։ Երբ մշակութային կենտրոնում էինք, ասացին, որ բուժառուներից մեկն է գալիս, որ մեզ համար նվագի։ Եկավ Արթուրը՝ վաթսունին մոտ տղամարդ, որի կյանքը փլուզվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, բայց որը փորձում է այն վերականգնել երաժշտության միջոցով։
Սկզբում դաշնամուր նվագեց մեզ համար, հետո կիթառ, վերջում՝ սինթեզատոր։ Նվագի ընթացքում նայում էր մեզ՝ որսալու մեր ոգևորությունը։
Շիզոֆրենիա ունի Արթուրը։ Երբեմն դրսևորումները շատ ծանր են։ Սուր նոպաների ժամանակ նա իրեն մահացած է համարում, ասում է՝ արյուն չի հոսում երակներում։ Այս վիճակը նրա մոտ սրվել է Սպիտակի երկրաշարժից հետո։
Մշակութային կենտրոնի պատերին լուսանկաներ են, դրանցից որոշները սովորական զգացողություններ են հաղորդում, մյուսները ջերմացնում են, մի մասն էլ՝ սարսափեցնում։





Պատերից մեկին էլ հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներից մեկի բանաստեղծությունն է․
Ինձ կանչում են հեռուները,
Ինձ գերում են հեռուները,
Թողած հայրենի ափերը,
Ես կգնամ հեռուները՝
Կապուտաչյա երազներս որոնելու և գտնելու,
Իմ մոխրացած ցնորքները
Մոխիրներից վեր հառնելու:
Ես կգնամ հեռուները,
Որ հավատս ոգի առնի:
Գերմանացի գերիների կառուցած շենքը, որտեղ մնում են հոգեկան խնդիր ունեցող հայերը
- Գիտե՞ք՝ ովքեր են կառուցել այս շինությունները, - հոգեկան առողջության կենտրոն մտնելիս առաջին հարցը մեզ է տալիս բուժական գծով փոխտնօրեն Սյուզաննա Բարսեղյանը։ Պատասխանում եմ, որ չգիտենք։
- Գերմանացի գերիներն են կառուցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կենտրոնի հենց սկզբնամասում պատին խորհրդային քարոզչական գրություն է՝ ռուսերեն ու գերմաներեն։
Շենքը պարբերաբար վերանորոգվում է, բայց դեռ վատ պայմաններով մասնաշենքեր կան։ Յուրաքանչյուր մասնաշենքում մեծապես կին բույժքույրերն էին բուժառուների հետ աշխատում։
Ճաղերը անցնում ես ու տասնյակ հայացքներ որսում քեզ վրա, որոշներում՝ ատելություն, մյուսներում՝ անտարբերություն, մի մասում էլ՝ հույս, որ նրանց պատմությունը կհանես այս ճաղերից դուրս, որ կլսես ու կզարմանաս։ Ի զարմանս ինձ՝ պարզեցի, որ բուժառուները ազատորեն կարող են օգտվել համացանցից, ոմանք անգամ ուղիղ հեռարձակումներ են պարբերաբար անում Տիկտոկում։
Ջերմատանը մի տղամարդու նկարահանեցինք. նա մորն էր սպանել, այստեղ լոլիկներն էր հավաքում։ Մասնաշենքերից մեկում նկարահանեցինք կենցաղային պայմանները, սենյակում մի տղամարդ էր, լուռ էր, ծանր քայլերով ճեմում էր։ Երկու անձի էր սպանել։ Նրանց ու բուժքույրերին ոչ մի արգելապատնեշ, սահման, ոչինչ չէր բաժանում։ Այստեղ աշխատողների մեծ մասը կին է։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնից հեռանում եմ գիտակցումով, որ թվերի ու փաստերի փնտրտուքում կորցրել էի ամենակարևորը՝ մարդուն։
Արթուրի հարցը՝ «Իսկ ի՞նչն է ինձ երջանկացնում», շարունակում է հնչել մտքումս։ Այնտեղ, որտեղ պատերը պատմում են գերմանացի գերիների մասին, իսկ ներկան լի է ծանր ճակատագրերով, երաժշտությունը դառնում է ոչ թե պարզապես զբաղմունք, այլ գոյատևման ձև, պատասխան այն հարցին, որը ոչ ոք չի տալիս։
Եվ հասկանում ես՝ ճաղերից, ախտորոշումից ու կենցաղային պայմաններից այն կողմ մի ամբողջ աշխարհ կա՝ իր տխրությամբ և փոքրիկ, դժվարությամբ ձեռք բերված երջանկությամբ։
Գևորգ Թոսունյան










