Գլխավոր Լրահոս

Քրեական ենթամշակույթը ՀՀ զինված ուժերում. միջազգային փորձն ու  հայաստանյան իրականությունը

Քրեական ենթամշակույթը ՀՀ զինված ուժերում. միջազգային փորձն ու  հայաստանյան իրականությունը

«Ավետիսյանի գործողությունների հետևանքով, զինվորական ենթամշակույթում չգրված նորմերի ու բարքերի համաձայն, ծառայակիցների կողմից արհամարհական և մերժողական վերաբերմունքով պայմանավորված, Գևորգյանը հայտնվել է անելանելի վիճակում և 2023թ. մարտի 11-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ինքնաձիգից կրակոց է արձակել պարանոցի շրջանում՝ ինքնասպան լինելով»,- սա հատված է դատական վճռից։

Նմանատիպ տողեր հաճախ են հանդիպում զինված ուժերին առնչվող քրեական գործերում։ Զինվորական ենթամշակույթի չգրված նորմերը և քրեական բարքերը ամեն տարի բազմաթիվ մահերի պատճառ են դառնում Հայաստանի զինված ուժերում:

Իրավիճակը զինված ուժերում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) վերջին տեղեկանքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել զորամասերում «հեղինակությունների» ինստիտուտի շարունակական առկայությունը, որը քրեական բարքերի անհերքելի դրսևորում է:

Ըստ ՀՔԱՎ-ի տվյալների՝ 2024թ. ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք։ 2023թ. Հայաստանի և Արցախի զինված ուժերում (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք։

Գլխավոր դատախազության 2024թ. զեկույցի համաձայն՝ նույն տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք (2023թ.՝ 54)։

Ստորև ներկայացնում ենք զինված ուժերում հետպատերազմյա շրջանում ու դրանից հետ մահացության դեպքերի տվյալները։ Ինգրաֆիկայում չեն ներառվել 2020-ի ու 2021-ի տվյալները։ Ընտրվել է 2017-2019-ի ու 2022-2024-ի տվյալները։ Ինֆոգրաֆիկան ներառում է ինքնասպանության/ինքնասպանության ու սպանության դեպքերի թիվը․

Զինված ուժերում մահվան դեպքեր՝ ըստ աղբյուրների

Զինված ուժերում մահվան դեպքեր՝ ըստ աղբյուրների

Այս տվյալների միջև էական անհամապատասխանություն կա, որը պայմանավորված է ՀՔԱՎ-ի և իրավապահ մարմինների կիրառած տարբեր մեթոդաբանություններով։

Ուշագրավ է գլխավոր դատախազության 2024թ. զեկույցի վերլուծությունը. 2024-ին առերևույթ հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում գերակշիռ մասը բաժին է ընկնում ժամկետային զինծառայողներին՝ 52% (2023թ՝  50%), սպաների տեսակարար կշիռը կազմել է 15.2% (2023թ․՝ 20.4%), ենթասպաներինը՝ 2.2% (2023թ․՝ 2%), պայմանագրային զինծառայողներինը՝ 30.8% (2023թ․՝ 28.3%)։

ՀՔԱՎ հետազոտողները նշում են, որ սպանության դեպքերն առավելապես տեղի են ունենում մարտական հենակետերում, երբ սպան կամ զինծառայողը վիրավորում է իր ծառայակցին. արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետևանքով վրեժխնդրություն է տեղի ունենում։

Գլխավոր դատախազությունն իր վերջին զեկույցում արձանագրել է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի նվազում, որը, ըստ զեկույցի, պայմանավորված է «զինծառայողների շրջանում կարգապահության մակարդակի բարձրացմամբ»:

Քրեական ենթամշակույթի խնդիրների ակունքները

«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»,- նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունվարի 28-ին։

Նման տեսակետը լայնորեն տարածված է և հաճախ օգտագործվում է զինված ուժերի խնդիրները արդարացնելու համար. բոլոր իշխանությունները պնդում են, որ բանակի խնդիրները սկզբնավորվում են հասարակությունից։ Սակայն հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ բանակը, ի տարբերություն հասարակության, ավելի փակ համակարգ է՝ հստակ վերահսկման մեխանիզմներով և մարմիններով։

Գրիգորի Բադալյան, հոգեբան

Նախկին ռազմական հոգեբան Գրիգորի Բադալյանը, որը տարիներ շարունակ աշխատել է հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում, նշում է, որ հայ հասարակությունը դեռ խորհրդային ժամանակներից «ժառանգել» է քրեական ենթամշակույթը և մինչ օրս չի կարողանում ազատվել դրանից. «Քրեական ենթամշակույթը հեշտությամբ ախտահարում է ցանկացած առողջ համակարգ։ Մեր հասարակությունը փոքր է, ԱՄՆ-ում հասարակություն-բանակ կապը բավականին հեռացված է, հասարակությունը կարող է ունենալ միջինից ցածր ինտելեկտի աստիճան, մինչդեռ բանակը՝ բարձր»,- ասում է հոգեբանը՝ հավելելով, որ բանակը այդ ենթամշակույթի «ամենամեծ զոհն» է։

Մասնագետի խոսքով՝ հայ հասարակության աշխարհընկալման մեջ արմատացել է քրեական ենթամշակույթի կանոններով հարցեր լուծելու մոդելը. «Օրինակ՝ ինչու Դանիայում, երբ երկու երիտասարդ կռվում են, մեկը մյուսին դանակով չի հարվածում․ որովհետև տվյալ մոդելը չկա նրանց բանականության, երևակայության կամ հիշողության մեջ, որ այն խնդրի լուծման ճանապարհ է, իսկ Հայաստանում՝ կա»։

Հոգեբանը նաև նշում է, որ եթե ծնողը չի կարողացել անձին որպես քաղաքացի ձևավորել, իսկ դպրոցը՝ կրթություն տալ, ապա սպան երկու տարվա ընթացքում դժվարությամբ կարողանա այդ բացը լրացնել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրել է դաս՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Թեև այս իրադարձությունը հետագայում մեդիայում քննարկվեց կուրսանտների խոնարհման հարցի շուրջ (ավելի ուշ հերքվեց), սակայն դրա էությունն ավելի կարևոր էր։

Դատախազը կարծում է, որ սպաները պետք է սովորեն յուրաքանչյուր իրավիճակում իրականացնել կոնֆլիկտի կառավարում, հակառակ դեպքում քրեական ենթամշակույթը ինքը կկառավարի զինծառայողների վարքագիծը. «Քրեական ենթամշակույթը օգտվում է անձի թուլությունից՝ ներքաշելով նրա կոնֆլիկտի մեջ»։

Ըստ գլխավոր դատախազի՝ հանցագործությունները հիմնականում տեղի են ունենում մեկ պատճառով՝ «հալածանքի». «Նույն հալածանքի արդյունքում մի մարդ իրեն է վնասում, մեկ այլ մարդ՝ ուրիշին, բայց պատճառը մեկն է՝ հալածանք։ Սա քրեական ենթամշակույթի կեռիկներից է, որը մեզ կեռիկից կախում է»։ Այսպիսով՝ քրեական ենթամշակույթի հիմնական խնդիրը անձի արժանապատվության ոտնահարումն է։

Արթուր Սաքունց, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ իրավիճակը աստիճանաբար վատթարանում է: Պատճառների թվում նա նշում է կարգապահության ցածր մակարդակը, ռազմական կրթության թույլ համակարգը, ոչ կանոնադրական հարաբերությունները, գողական հասկացությունները, ինչպես նաև նեպոտիզմը և կոռուպցիան, որոնք շարունակում են մնալ որպես նորմ:

«Բանակում նեպոտիզմ է տիրում․ զինծառայողները չեն վստահում իրենց հրամանատարությանը»,- նշում է նա:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղիները

2020թ․ պետությունը սկսեց պայքարել քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեականացնելով այս երևույթը։ Այնուամենայնիվ, օրենսդրական դաշտը շարունակում է կատարելագործվել։

2025թ․ կառավարությունը նախատեսում է մշակել նմանաբնույթ հանցագործությունների կանխարգելման նոր ռազմավարություն և քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալը՝ դիտարկելով այն որպես քրեական պատասխանատվության առարկա։ Օրենսդրական փոփոխությունների նախագծերը դեռևս չեն հրապարակվել։

ՀՔԱՎ հետազոտողներն առաջարկում են բարեփոխել զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգը. «Հրամանատարները պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում՝ զինվորական ծառայության առավել արդյունավետ իրականացման նպատակով։ զինված ուժերում քրեական բարքերի դեմ պայքարը չի կարող սահմանվել միայն պատժամիջոցներով։ Կարևոր է նաև շարունակական մշտադիտարկման իրականացումը՝ միաժամանակ հաշվի առնելով սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները, որոնք կարող են ազդել նման բարքերի զարգացման վրա»,- նշված է տեղեկանքւոմ։

Բացի այդ, կարևորվում է սպա-հոգեբանի ինստիտուտի կայացումը։

Կառավարությունն արձանագրում է, որ թեև խնդիրը շարունակում է մնալ բանակում, սակայն վերջին տարիներին նկատվում է նվազման միտում։ Գլխավոր դատախազության վերջին զեկույցում նշվում է, որ 2024թ․ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 132-ով կամ 15.6%-ով, իսկ այլ հանցագործությունները՝ 92-ով կամ 13%-ով:

«Դեպքերի նվազումը, ի թիվս այլնի, պայմանավորված է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ»,- նշված է զեկույցում։

Հոգեբան Գրիգորի Բադալյանն առաջարկում է փոխել արժեհամակարգը, խստացնել օրենքը և զինված ուժերում վարել ճիշտ կադրային քաղաքականություն։ Նա կարծում է, որ իրավիճակի արմատական փոփոխությունը կարճաժամկետ հատվածում հնարավոր չէ և պահանջվում է սերնդափոխություն։

Միջազգային փորձը քրեական ենթամշակույթի դեմ պայքարում

2020թ․ ԱՄՆ-ում մեծ աղմուկ բարձրացրեց Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում զինծառայող Վանեսա Գիլյենի սպանության դեպքը, որը նաև սեռական բռնության էր ենթարկվել։ 2020թ․ Ֆորտ Հուդում մահացել էր ընդհանուր 28 զինծատայող՝ սպանությունների, ինքնասպանությունների և այլ դժբախտ պատահարների հետևանքով։ Ռազմաբազայում քրեական ենթամշակույթը խորապես արմատացած էր։

Այս իրադարձություններից հետո ԱՄՆ բանակը հայտարարեց «Մարդիկ՝ առաջին հերթին» (People First) նախաձեռնության մասին, որն իրականացվեց, մասնավորապես, 1-77 զրահատանկային գումարտակում։

Բարեփոխումների հիմքում դրվեց այն մոտեցումը, որ մշակույթը փոխելու համար նախ և առաջ պետք է հասկանալ խնդրի էությունը. խոշոր կազմակերպությունները բարդ են, և փոփոխություններ կատարելը, առանց կազմակերպության փոխկապակցված համակարգի լիարժեք ընկալման, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Գումարտակում կիրառվեց Burke-Litwin մոդելը, որը կազմակերպությունը բաժանում է տասներկու փոփոխականների և ցույց է տալիս, թե որ փոփոխականներն են առավել անմիջականորեն ազդում մյուսների վրա: Բացի այդ, կիրառվեց նաև Kotter-ի փոփոխության մոդելը՝ փուլային առաջնորդման համար։

Burke-Litwin մոդելը (Burke-Litwin Model of Organizational Performance and Change) կազմակերպության վարքի և փոփոխության մոդել է, որը մշակվել է Ուորրեն Բյուրկի (W. Warner Burke) և Ջորջ Լիտվինի (George H. Litwin) կողմից։ Այն նպատակ ունի բացատրել, թե ինչպես են տարբեր գործոններ փոխկապակցված կազմակերպության ներսում և ինչպես կարող են փոփոխությունները ազդեցություն ունենալ կազմակերպության գործունեության վրա։

Ստեղծվեց «Մարդկային աջակցման խումբ» (People Cell), որի սկզբնական նպատակը բարեփոխումների մշտադիտարկումն էր, սակայն այն հետագայում վերածվեց շաբաթական հավաքի, որն անվանում էին «վագրի որջ»։ Հանդիպումներին մասնակցում էին խորհրդատուներ, հոգևորականներ, հասարակայնության հետ կապերի մասնագետներ, գումարտակի անդամներ և ղեկավարներ։

Մասնակիցները պարբերաբար ստուգում էին որոշակի ցուցանիշներ, օրինակ՝ դիտարկում էին բարձր ռիսկային զինվորների վարքագիծը և քննարկում այլ հարցեր։

Գումարտակում ձևավորվեց նաև մշակութային միջավայր՝ հատուկ շապիկներով, տարբերանշաններով, մրցանակներով։ Իրականացվում էին տարբեր միջոցառումներ՝ ընկերական մրցումներ, գիշերային հավաքներ, նորամուտի հանդիպումներ։

Երկու տարվա աշխատանքների արդյունքում այդ զորամիավորումում գրանցվեցին մի շարք դրական փոփոխություններ.

  • Բարձրացավ զինծառայողների պատրաստության մակարդակը
  • Երկու տարում ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին
  • Ինքնասպանության չորս փորձեր կանխվեցին երիտասարդ ժամկետային զինծառայողների միջամտության շնորհիվ
  • Երկու միջադեպ, որոնք կարող էին հանգեցնել սեռական բռնության, նույնպես կանխվեցին

Մեծ Բրիտանիայի և Հարավային Կորեայի փորձը

Մեծ Բրիտանիայի զինված ուժերում վերանայվել է ալկոհոլի քաղաքականությունը՝ փոխելով պատասխանատվության մեթոդները։ Ստեղծվել է Սեռական ոտնձգությունների դեմ պայքարի հատուկ խումբ և բարեփոխվել է կանոնակարգը։

Հարավային Կորեայում 2014թ․ ամռանը 22-ամյա զինծառայողը կրակ էր բացել իր ծառայակիցների վրա՝ սպանելով հինգ և վիրավորելով յոթ զինվոր։ Հետագայում նա ինքնասպան էր եղել։ Նույն տարվա ընթացքում Հարավային Կորեայում գրանցվեցին նաև այլ հանցագործություններ՝ կապված քրեական ենթամշակույթի հետ։

Այս դեպքերից հետո զինված ուժերում իրականացվեցին մի շարք փոփոխություններ։ Ուժեղացվեց մշտադիտարկումն ու հաշվետվողականությունը, լրացուցիչ տեսախցիկներ տեղադրվեցին։ Զինծառայողները թե՛ զորակոչի, թե՛ դրանից հետո սկսեցին ենթարկվել հոգեբանական հետազոտության՝ բռնություն գործադրելու կամ դրա զոհ դառնալու ռիսկի տակ գտնվող անձանց հայտնաբերելու նպատակով: Իրականացվեցին նաև մշակութային և քաղաքական բարեփոխումներ։

Գլխավոր լուսանկարը և ինֆոգրաֆիկան պատրաստվել է արհեստական բանականության գործիքի միջոցով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում