Հնդկաստանն ու ԱՄՆ-ն որոշել են մինչև 2030-ը կրկնապատկել առևտուրը

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն քայլեր են ձեռնարկում տնտեսական կապերն ամրապնդելու և երկկողմ առևտուրը խթանելու ուղղությամբ
Վաշինգտոնում փետրվարի 13-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ներկայացրել են առևտրային կարևոր նախաձեռնություններ՝ ուղղված տնտեսական կապերի ամրապնդմանը և երկկողմ առևտրի ընդլայնմանը, գրում է հնդկական The Print պարբերականը։
Հիմնական հայտարարություններից մեկը «Առաքելություն 500»-ն էր՝ մինչև 2030-ը երկկողմ առևտուրը կրկնապատկելու և 500 մլրդ դոլարի հասցնելու հավակնոտ նպատակով։
Երկու երկրները համաձայնել են նաև բանակցել բազմաոլորտ Երկկողմ առևտրային համաձայնագրի (ԵԱՀ) շուրջ, որի քննարկումների առաջին փուլը նախատեսվում է ավարտել մինչև 2025-ի աշունը։ Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը կանդրադառնա առևտրի հիմնական խոչընդոտներին, կպարզեցնի կանոնակարգերը և կխթանի երկու տնտեսությունների միջև գործարար հարաբերությունները։
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն նշանակալի քայլեր են ձեռնարկում իրենց առևտրային գործընկերությունը խորացնելու, տնտեսական աճը խթանելու և ավելի ճկուն ու դինամիկ երկկողմ առևտրային շրջանակ ապահովելու ուղղությամբ։
Առևտրային հարաբերությունները ամրապնդելու նպատակով Հնդկաստանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ամերիկյան արդյունաբերական ապրանքների մատակարարումը խթանելու ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով Հնդկաստանի աշխատատար արտադրական ապրանքների արտահանումը ԱՄՆ։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ավելի հավասարակշռված առևտրային հարաբերություններ՝ միաժամանակ խթանելով երկու երկրներում արդյունաբերական աճն ու զբաղվածության հնարավորությունները։
Քննարկումների մեկ այլ կարևոր ոլորտ է գյուղատնտեսական առևտուրը։ Երկու երկրները համաձայնել են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ դյուրացնելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի հասանելիությունը և ամրապնդելով գործընկերությունը պարենային անվտանգության ասպարեզում։
Առևտրային այս գործարքի վերաբերյալ Հնդկաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է. «Վարչապետի այցի ձեռքբերումն այն է, որ ԱՄՆ-ն համաձայնել է բանակցել մեզ հետ երկկողմ ակտիվների, փոխշահավետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ, որը կնվազեցնի երկու կողմերի մաքսատուրքերը, որպեսզի մեր առևտուրը կարողանա աճել։ Հենց որ մեր բանակցային թիմերը պատրաստ լինեն, մենք կսկսենք աշխատել ԱՄՆ-ի հետ»։
Նա նաև ասել է, որ պատրաստ են առաջ շարժվել. «Սա շատ ավելի արդար բանակցություն և շատ ավելի արդար համաձայնագիր է, որը մենք պատրաստվում ենք կնքել։ Հնդկաստանը համոզված է, որ իր արտահանողները կշահեն առևտրային այդ գործարքից»։
Մեկ այլ առևտրային ուղղությամբ՝ Հնդկաստանն ու Եվրոպական միությունը պատրաստվում են փետրվարի 28-ին անցկացնել առևտրի և արդյունաբերության նախարարի և ԵՄ առևտրի հանձնակատարի մակարդակով հանդիպում։ Սա հիմքեր կնախապատրաստի Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների 10-րդ փուլի համար, որը նախատեսված է մարտի 10-14-ը Բրյուսելում։
Ավելի վաղ, հունվարի 18-19-ը, Բրյուսելում տեղի էր ունեցել Բարձր մակարդակի երկխոսություն Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարի և ԵՄ առևտրի և տնտեսական անվտանգության հանձնակատարի միջև՝ առևտրային համաձայնագրի առաջընթացը վերանայելու նպատակով։
Թեմա
Civilnet










