ԱՄՆ-ն ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին՝ ի շարս Ռուսաստանի և Հս. Կորեայի

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որը դատապարտում էր ռուսական ներխուժումը, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։ Այն ներկայացվել էր Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի օրը։
Տե՛ս նաև՝ ԱՄՆ-ն ճնշում է Կիևին՝ փոխարինելու ՄԱԿ-ին ներկայացված հակառուսական բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քննարկվել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ երկու բանաձև։
Առաջին բանաձևը՝ Ուկրաինայի ներկայացրածը, որը ստացել էր նաև եվրոպական երկրների աջակցությունը, դատապարտում էր Ռուսաստանի ագրեսիան և պահանջում ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ Այս բանաձևին ԱՄՆ-ից բացի դեմ են քվեարկել Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և աֆրիկյան մի շարք երկրներ։ Ընդհանուր առմամբ, այս բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը։ 65 երկիր ձեռնպահ է մնացել։
Երկրորդ բանաձևը, որը սկզբում առաջարկել էր հենց ԱՄՆ-ը, կոչ էր անում դադարեցնել պատերազմը, սակայն որևէ ուղիղ մեղադրանք չէր ներկայացնում Ռուսաստանի հասցեին։ Սակայն եվրոպական երկրների առաջարկած փոփոխությունների արդյունքում բանաձևում ընդգրկվել էր Ռուսաստանի գործողությունների դատապարտումը, ինչի հետևանքով ԱՄՆ-ն քվեարկել է ձեռնպահ՝ չաջակցելով արդեն փոփոխված տարբերակին։ Քվեարկության արդյունքները եղել են 93 կողմ, 8 դեմ և 73 ձեռնպահ։

Այս իրադարձությունները վկայում են ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների միջև աճող տարաձայնությունների մասին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
Ավելի վաղ՝ 2023-ի փետրվարի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել էր բանաձև, որը դատապարտում էր Ռուսաստանի հարձակումը և պահանջում ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում Ուկրաինայից։ Այն ժամանակ ԱՄՆ-ն քվեարկել էր «կողմ», իսկ «դեմ» էր քվեարկել միայն յոթ երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Էրիթրեան, Մալին և Նիկարագուան։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն։
Թեմա
Civilnet










