ԵՄ ղեկավարները մեծ կազմով ժամանել են Հնդկաստան՝ ռազմավարական բանակցությունների

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ հանձնակատարների պատվիրակությունն այսօր ժամանել է Հնդկաստան՝ բանակցելու Ազատ առևտրի համաձայնագրի, ԵՄ-Հնդկաստան առևտրի և տեխնոլոգիական խորհրդի, ինչպես նաև տարբեր հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման շուրջ, հաղորդում է հնդկական ANI News լրատվականը:
Այցը տեղի է ունենում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով՝ Եվրահանձնաժողովի նոր ժամկետի սկզբում, որը մեկնարկել է դեկտեմբերին:
«Սա եվրահանձնակատարների կոլեգիայի առաջին այցն է Եվրոպայից դուրս: Դա խորհրդանշական այց է այն առումով, որ մենք գալիս ենք ռազմավարական առումով կարևոր վայր Ֆոն դեր Լեյենի նախագահության սկզբում: Նյու Դելիում Եվրահանձնաժողովի կոլեգիայի հանդիպում է նախատեսված Հնդկաստանի կառավարության ամբողջ կազմի հետ»,- լրատվականին ասել է ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը անանուն է մնացել:
ԵՄ-ն և Հնդկաստանը ներկայում աշխատում են ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ:
«Հնդկաստանը ռազմավարական գործընկեր է: Անցյալ տարի մենք նշեցինք ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերության 20-ամյակը: Այժմ մենք ձգտում ենք մշակել ռազմավարական նոր օրակարգ Հնդկաստանի հետ: Դա հանձնառություն է, որ ԵՄ նախագահը ստանձնել է իր քաղաքական ուղենիշներում, որը նա ներկայացրել է անցյալ տարվա հուլիսին»,- ասել է պաշտոնյան:
Բացի միջկառավարական հանդիպումներից՝ նախատեսվում է Հնդկաստան-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիական խորհրդի հանդիպումը և գերատեսչական երկկողմ հանդիպումներ եվրահանձնակատարների և նրանց հնդիկ գործընկերների միջև:
ԵՄ պաշտոնյան ասել է, որ իրենց պատվիրակության կազմում 21 պաշտոնյա կա, որոնք երկկողմ հանդիպումներ կունենան իրենց գործընկերների հետ՝ քննարկելու իրենց իրավասության հարցերը:
Պաշտոնյան նշել է, որ երկու կողմերը կքննարկեն նաև Ազատ առևտրի համաձայնագիրը և տեխնոլոգիաների լայն օրակարգ՝ ԵՄ-Հնդկաստան առևտրի և տեխնոլոգիական խորհրդի շրջանակում։
«Հնդկաստանի հետ կլինի նաև ավելի լայն տեխնոլոգիական օրակարգ: Վարչապետ Մոդին վերջերս Փարիզում մասնակցում էր ԱԲ գործողությունների գագաթնաժողովին: Հնդկաստանը իրականում հյուրընկալելու է ԱԲ հաջորդ գագաթնաժողովը: Այսպիսով, դա հիանալի օրինակ է, և մենք ակնկալում ենք տեսնել ավելի շատ քննարկումներ և ավելի շատ համագործակցություն՝ որպես մեր նոր ռազմավարական օրակարգի մաս»,- ասել է պաշտոնյան:
ԵՄ-Հնդկաստան առևտրի և տեխնոլոգիական խորհրդի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ԵՄ Կոլեգիայի հանդիպման շրջանակում փետրվարի 28-ին:
«Մենք, իհարկե, կանդրադառնանք Ազատ առևտրի համաձայնագրին, ներդրումների պաշտպանության համաձայնագրին, ինչպես նաև Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահն ու վարչապետ Մոդին կամփոփեն, թե որտեղ ենք մենք և ինչպես կարող ենք առաջ մղել բանակցությունները»,- ասել է պաշտոնյան:
Հնդկաստանում ԵՄ դեսպան Հերվե Դելֆինն այցի նախօրեին հայտարարել է, որ ԵՄ պատվիրակության այցը նշանակալի հանգրվան է երկու տարածաշրջանների հարաբերությունների համար և ընդգծում է այն կարևորությունը, որ ԵՄ-ն տալիս է Հնդկաստանի հետ հարաբերություններին:
«Առաջին անգամ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և ամբողջ կոլեգիան, որ համարժեք է ԵՄ կառավարությանը, ժամանում են Դելի՝ երկօրյա բանակցությունների: Այս այցը խորհրդանշական է և վկայում է այն կարևորության մասին, որը ԵՄ-ն տալիս է Հնդկաստանի հետ հարաբերություններին: Մենք երկուսս էլ տեսնում ենք միմյանց որպես գործընկերներ, բայց նաև որպես բարի ուժեր»,- նշել է նա:
Սա Ֆոն դեր Լեյենի երրորդ այցն է Հնդկաստան վերջին մի քանի տարիների ընթացքում: Նա Հնդկաստանում եղել էր G20-ի գագաթնաժողովի ժամանակ 2023-ի սեպտեմբերին: Նրա վերջին երկկողմ այցը 2022-ի սկզբին էր, երբ Հնդկաստանը և ԵՄ-ն վերսկսեցին Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները։
Մոդին և Ֆոն դեր Լեյենը պարբերաբար հանդիպել են նաև բազմակողմ հանդիպումների շրջանակներում:
Հնդկաստանը և Եվրոպական միությունը ռազմավարական գործընկերներ են 2004-ից, նրանց երկկողմ կապերը ընդլայնվել և խորացել են տարբեր ոլորտներում:
ԵՄ-ն Հնդկաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է։ 2023-ին նրանց միջև ապրանքների առևտուրը կազմել է 124 մլրդ դոլար, որը Հնդկաստանի ընդհանուր առևտրի 12,2 տոկոսն է: Մյուս կողմից, Հնդկաստանը ԵՄ-ի համար 9-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է, որին 2023-ին բաժին է ընկել ԵՄ-ի ընդհանուր ապրանքների առևտրի ընդամենը 2,2 տոկոսը: Բացի ապրանքներից, ԵՄ-ի և Հնդկաստանի միջև նշանակալի աճ է գրանցել ծառայությունների առևտուրը՝ 2020-ի 30,4 մլրդ եվրոյից աճելով մինչև 59,7 մլրդ եվրոյի 2023-ին:
Թեմա
Civilnet










