Սպիտակ տան «բախումը» հուսահատեցնող է. Թրամփ-Զելենսկի լարված հանդիպման արձագանքները

Սպիտակ տան «բախումը» լուրջ և հուսահատեցնող է: Արձագանքելով Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների լարված հանդիպումը՝ ասել է Նորվեգիայի վարչապետը: Հայտնում է Reuters-ը:
«Այն, ինչ մենք այսօր տեսանք Սպիտակ տանը, լուրջ և հուսահատեցնող է: Ուկրաինան դեռ ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի, և Ուկրաինայի անվտանգությունն ու ապագան նույնպես կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտոյերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ մեկնաբանել է, որ Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը ճիշտ որոշում էր երեք տարի առաջ և այդպես է մնում նաև այսօր։
«Կա ագրեսոր, որը Ռուսաստանն է, և հարձակման ենթարկված ժողովուրդ՝ Ուկրաինան»,- ասել է Մակրոնը Պորտուգալիայում լրագրողներին։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ վեճից հետո իր երկիրը կկանգնի պատերազմից տուժած Ուկրաինայի կողքին:
«Ուկրաինա, Իսպանիան կանգնած է ձեզ հետ»,- X-ի միկրոբլոգում գրել է Սանչեսը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. -«Հարգելի ուկրաինացի բարեկամներ, դուք միայնակ չեք»:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում անհաջող է ավարտվել: Կողմերը չեն ստորագրել ուկրաինական ընդերքի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, սակայն վաղաժամ ընդհատել են հանդիպումը փակ դռների հետևում՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ բուռն վիճաբանությունից հետո։ Զելենսկին լքել է Սպիտակ Տունն առանց Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի՝ ինչպես նախապես ծրագրված էր:
Թեմա
Civilnet










