Թրամփ-Զելենսկի լեզվակռիվն ու Հայաստանը

Փետրվարի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահի ու փոխնագահի միջև տեղի ունեցած լեզվակռիվը Թրամփի նախագահությունը բնութագրող հերթական սկանդալային դրվագ չէր զուտ, այլ փոփոխված միջազգային իրողությունների վերջնական արձանագրում։
Քաղաքագետներ Ալեքսանդր Քուլին և Դանիել Նեքսոնը դեռ 2020-ին հրապարկված «Ելք հեգեմոնիայից. ամերիկյան աշխարհակարգի դիսինտեգրացիան» (Exit from Hegemony: The Unraveling of the American Global Order) գրքում բացատրում էին, որ 1990-ականներին ձևավորված միաբևեռ, լիբերալ աշխարհակարգը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Այդ Տրանսֆորմացիան կամ ԱՄՆ-ի պարագայում Հեգեմոնիայից ելքը տեղի է ունենում երեք մակարդակներում՝ վերևից, ներսից և ներքևից։
Վերևից կամ գլոբալ մակարդակում ելքը տեղի է ունենում արևմտյան մոդելին զուգահեռ ի հայտ եկած ռազմաքաղաքական, տնտեսական և գաղափարական այլընտրանքների տեսքով։ Այստեղ խոսքը հիմնականում Չինաստանի մասին է, բայց ինչ-որ չափով նաև Ռուսաստանի, որը 2022-ին բաց մարտահրավեր է նետել այսպես կոչված կանոնների վրա հիմնված լիբերալ աշխարհակարգին։
Ներքևից ելքը տեղի է ունենում, երբ ավելի փոքր դերակատարները, տեսնելով, որ ի հայտ են եկել վերոնշյալ այլընտրանքները, ինչպես նաև այլընտրանքներ տարածաշրջանային մակարդակում, գիտակցում են, որ կարող են հրաժարվել Արևմուտքի կողմից առաջարկվող պահվածքի մոդելից և բարիքներից (տնտեսական, ռազմաքաղաքական) ու փոխարենը ստանալ բարիքներ ոչ արևմտյան դերակատարներից, որոնց կողմից թելադրված պահվածքի մոդելները հաճախ ավելի ձեռնտու են։
Եվ վերջապես Հեգեմոնիայից ելքը ներսից տեղի է ունենում Արևմուտքում ի հայտ եկած տարբեր քաղաքական հոսանքների տեսքով, որոնք կասկածի տակ են դնում լիբերալ աշխարհակարգի գոյության նպատակահարմարությունը։ Եվրոպայում այդպիսի խմբեր են աջ և ձախ պոպուլիստներն ու ծայրահեղականները։ ԱՄՆ-ում՝ աշխարհակարգի կենտրոնում, այդպիսի հոսանք արդեն եկել է իշխանության։
Հեղինակները գրքում նշում էին, որ հեգեմենոնիայից ելքը արդեն իսկ տեղի էր ունեցել 2020-ի դրությամբ։ ԱՄՆ-ն միջազգային համակարգի գերակայող դերակատարից դարձել է առաջնային դերկատարը։ Սակայն գերակայությունից դեպի առաջնություն (primacy) անցումը հատկապես ակնառու դարձավ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի առաջին շաբաթների ընթացքում։
ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն կասկածի տակ է դնում տասնամյակներով Միացյալ Նահանգների գերակայությունը սպասարկող միջազգային ճարտարապետությունն ու ենթակառուցվածքները։ Թրամփի վարչակազմի համար գերակայությունը թանկարժեք ու անարդյունավետ դիրք է։ Փոխարենը նրանք ցանկանում են կենտրոնացնել ռեսուրսները Միացյալ Նահանգների համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանների և խնդիրների վրա։
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սպիտակ տանը այդ գործընթացի թերևս ամենավառ դրսևորումն էր։ Ուկրաինայի նախագահը, ինչպես նաև մինչ այդ Հայաստանի վարչապետը, Վաշինգտոնում գտնվելու ընթացքում օգտագործում էր բառապաշար, որը արդեն իսկ հնացած է և խորթ է նոր վարչակազմի համար։ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ինչպես և կանխատեսվում էր, ունի խիստ տրանզակցիոն բնույթ։ Այն զուրկ է նաև դիվանագիտական էթիկետից և գաղափարախոսական շղարշից։
Զելնսկու նկատմամբ ցուցաբերված անարգանքը, ինչպես նաև օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիր ստորագրելու պահանջը այդ մոտեցումների և ոճի դրսևորումն են։ Սպիտակ տան լեզվակռիվը նաև հստակ ցույց տվեց, որ միասնական եվրոատլանտյան դաշինք փաստացիորեն արդեն իսկ գոյություն չունի։ Եվրոպական գրեթե բոլոր առաջնորդները այդ միջադեպից հետո հրապարակայնորեն աջակցեցին Ուկրաինայի նախագահին։ Այս իրողությունը, իհարկե, տեսականորեն կարող է փոխվել Վաշինգոտնում վարչակազմի փոփոխությունից հետո, բայց հստակ է, որ Թրամփի երկրորդ ժամկետի նստվածքը երկարաժամկետ է լինելու ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում։
Այս պահին առաջին հերթին կարևոր է հասկանալ տվյալ գործընթացի ազդեցությունը մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության վրա։
Առաջին եզրահանգումը կարող է լինել այն, որ Վաշինգտոնը դժվար թե ներգրավվածության նույն աստիճանը ունենա Հարավային Կովկասում, ինչ նախկինում։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշման ֆունդամենտալ փոփոխությունը, Ռուս-ուկրաինական պատերազմը ամեն գնով կանգնեցնելու ու այլ հարցերի վրա կենտրոնանալու ամերիկյան ձգտումը որևէ հույս չեն ներշնչում, որ Միացյալ Նահանգները որևէ հետաքրքրություն կունենա Հարավային Կովկասի նկատմամբ։ Հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները՝ ամերիկյան արտաքին քաղաքականության ակնհայտորեն տրանզակցիոն և շահադիտական բնույթը, սա միգուցե իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակը չէ։ Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը ունի ավելի լուրջ նախադրյալներ այսպիսի մոտեցումներով ամերիկյան վարչակազմի հետ ընդհանուր լեզու գտնելու համար։
Ամերիկյան ներգրավվածության նվազումը սակայն լուրջ վակուում է ստեղծելու տարածաշրջանում, որը տեսականորեն կարող է Եվրամիությունը լցնել։ Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքականության մեջ տեղի ունեցող այս ֆունդամենտալ փոփոխությունները արդեն իսկ ձնագնդի էֆեկտ են ունենում։ Եվրոպայի առաջատար երկրներում վերսկսվել է խոսակցությունը ԵՄ ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության վերաբերյալ, բայց, հաշվի առնելով որոշումների կայացման գործընթացի բնույթը ԵՄ-ում, հսկայական տեխնոլոգիական կախվածությունը Միացյալ Նահանգներից և նմանատիպ մի շարք այլ գործոններ, խոսքը գնում է երկարատև գործընթացի մասին։ Ավելին, այս փոփոխությունները կարճաժամկետ կտրվածքով կարող են հանգեցնել նույնիսկ տարբեր տարածաշրջաններում եվրոպական ներգրավվածության նվազման, երբ բոլոր ռեսուրսները կուղղվեն սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Օրինակ, Մեծ Բրիտանիան արդեն իսկ որոշել է սեփական ռազմական բյուջեն մեծացնել արտաքին աջակցությանը և միջազգային զարգացմանը հատկացվող գումարների կրճատման միջոցով։
Այսպիսի պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը, որի առանցքը միջազգային աջակցության ակնկալիքն էր, վերջնականապես կորցրել է իր արդիականությունը։ Միջազգայնորեն «լեգիտիմ» պահվածքի կարևորություն Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության ապահովման հարցում արդեն կարելի է չնչին համարել։ Այդ առումով եթե ՀՀ կառավարությունը համապատասխան փոփոխություններ չմտցնի սեփական մտածողության, հռետորաբանության և անվտանգություն ապահովող գործիքակազմի վերաբերյալ պատկերացումներում, կարող է ավելի բարդ վիճակում հայտնվել, քան Զելենսկին Սպիտակ տանը, քանի որ մեր տարածաշրջանում կան մի շարք դերակատարներ, որոնք խանդավառությամբ ողջունելու են թրամփյան արտաքին քաղաքականության մեթոդներն ու ոճը։
Տիգրան Գրիգորյան










