Չինաստանի «Գոտի և ճանապարհը» մտահոգություններ է հարուցում Գիլգիթ-Բալթիստան երկրամասում

Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը (CPEC, China-Pakistan Economic Corridor) Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մասն է, որի նպատակն է զարգացնել ենթակառուցվածքները և ներդրումները Պակիստանում: 2013-ին մեկնարկած այս ծրագիրը գնահատվում է 62 մլրդ դոլար և ներառում է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ ենթակառուցվածքների և հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) կառուցում: CPEC-ի առանցքային նախագծերը, այդ թվում՝ Պակիստանը Չինաստանին կապող Կարակորամի մայրուղին, անցնում են Գիլգիթ-Բալթիստան երկրամասով, որը Հնդկաստանը համարում է իր տարածքի մաս, որն օկուպացրել է Պակիստանը: Այս երկրամասը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Չինաստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի սահմանների մոտ է: Իրականացվող ծրագրերը լուրջ մտահոգություններ են առաջացրել Գիլգիթ-Բալթիստանի բնակիչների համար։ Այս խնդրին է անդրադառնում Dailyasianage.com կայքում հրապարակված վերլուծականը։
Պակիստանը Գիլգիթ-Բալթիստանում ծրագրում է սկսել Մակպուն Դաս ՀՏԳ-ի նախագիծը: Այս ՀՏԳ-ն Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) շրջանակում Պակիստանում առաջարկված ինը նախագծերից մեկն է: Թեև Մակպուն Դաս ՀՏԳ-ն պետք է գործարկվեր CPEC-ի առաջին փուլում, սակայն դրա առաջընթացը սահմանափակ է եղել՝ 2015-ից ի վեր Պակիստանի տնտեսության զգալի անկման պատճառով, ինչը հանգեցրել է Չինաստանի հետաքրքրության նվազմանը նոր ներդրումների հարցում: Բացի այդ, Գիլգիթ-Բալթիստանում բնակչությունը արտաքին նախագծերի և երկրամասում Պակիստանի աճող ռազմական ներկայության վերաբերյալ մտավախություններ ունի: Պակիստանի կառավարությունը տեղի բնակչությանը փորձում է սիրաշահել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի և չինական ներդրումների միջոցով: Սակայն մտահոգությունները խորանում են, քանի որ Պակիստանի իրական նպատակը երկրամասի ժողովրդագրության փոփոխությունն է, որը կարող է տեղի ունենալ բնական ռեսուրսների շահագործման, հողի օտարման խիստ օրենքների և քրեական հետապնդումների միջոցով՝ իրականացվող ծրագրերի դեմ քաղաքացիական բողոքները ճնշելու համար։
Հատված Կարակորամի ճանապարհից, որը Պակիստանից ձգվում է Չինաստան։
CPEC նախագծերի և Կարակորամի խճուղու միջոցով երկրամասում չինական ներկայությանը զուգահեռ տեղացիների մտահոգությունները խորանում են, և չկա ամիս, որ պակիստանյան իշխանությունների դեմ չլինեն բողոքի ցույցեր։
Կարակորամի խճուղու առնվազն 440 կմ-ն՝ CPEC-ի կենսագիծը, անցնում է Գիլգիթ-Բալթիստանի տարածքով, ինչը կրկին ընդգծում է երկրամասի աշխարհա-ռազմավարական և աշխարհա-տնտեսական նշանակությունը: Չինաստանը և Պակիստանը գիտակցում են այս տարածքի ռազմավարական կարևորությունը, որը ծառայում է ավելի շատ ռազմական, քան տնտեսական նպատակների: Չնայած CPEC-ը ներկայացվել է որպես երկու երկրների միջև այլընտրանքային ցամաքային առևտրային միջանցք, նրանց երկկողմ մատակարարումները հիմնականում ծովային ճանապարհով են իրականացվում: Վերլուծաբանները կարծում են, որ Պակիստանի տարածաշրջանում առևտրային նոր նախագծեր սկսելու նպատակը, ինչպիսին է Մակպուն Դաս ՀՏԳ-ն, պատրվակ է ընդլայնելու իր ռազմական և քաղաքական ներկայությունը՝ միաժամանակ մարտահրավեր նետելով Գիլգիթ-Բալթիստանի նկատմամբ Հնդկաստանի հավակնություններին:
2018-ին պակիստանյան իշխանությունները Թոք Դաս և Մակպուն Դաս տարածքներում հողին հավասարեցրին տներ, անասնաբուծական ֆերմաներ և ավանդական լեռնային գյուղերի այլ տարածքներ՝ առաջարկվող ՀՏԳ-ն կառուցելու համար: Սա հանգեցրեց տարածաշրջանում զանգվածային բողոքների, ինչի պատճառով նախագիծն անժամկետ կասեցվեց: Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ Մակպուն Դաս տարածքում մոտ 500 ակր տարածք է հատկացրել ՀՏԳ-ի համար: Քանի որ հողը արժեքավոր ակտիվ է լեռնային այս երկրամասում, տեղի բնակչությունը վախենում է, որ CPEC-ի հետ կապված նախագծերի արդյունքում իրենք կզրկվեն իրենց հողերից: Տեղացիները դժգոհ են ՀՏԳ-ի հիմնադրման մասին հայտարարությունից, քանի որ դրա սեփականության հարցը դատական վերանայման ներքո է:
Գիլգիթ-Բալթիստանում նոր նախագծերի իրականացումը՝ պակիստանյան անվտանգության հավելյալ ստուգման կետերի և անվտանգության համար չինացի զինվորների հնարավոր տեղակայմանը զուգահեռ, ավելի է խորացրել տեղի համայնքների անապահովության զգացումը: Չինացի աշխատողների ներհոսքը ևս մեկ մտահոգություն է երկրամասի բնակիչների համար: Նրանք վախենում են, որ Պակիստանի այլ մասերից, հատկապես Խայբեր Փախտունխվա և Փենջաբ նահանգներից աշխատողները կշարունակեն խլել իրենց աշխատատեղերը CPEC-ի նախագծերի պատճառով:
Այս ծրագրերը խնդրահարույց են նաև էկոլոգիական տեսանկյունից, քանի որ ակնկալվում է, որ Դիամեր-Բհաշա ամբարտակի և Մակպուն Դաս ՀՏԳ-ի նման խոշոր ենթակառուցվածքային նախագծերը էապես կվտանգեն լեռնային տարածքների ամբողջ տեղագրությունը: Երկրամասն արդեն իսկ բախվում է ջրի և սննդի պակասի: Գիլգիթ-Բալթիստանում «օտարերկրացիների» մեծ ներհոսքը տեղի բնակչությանը խոստանում է նաև հիմնական ռեսուրսների սուր դեֆիցիտ:
Տարածաշրջանի բնակիչները նաև մտահոգություն են հայտնում, որ չինական աճող ազդեցությամբ փոփոխությունները վտանգ կստեղծեն տեղական յուրատիպ մշակույթի համար և կխորացնեն անջրպետը տեղական համայնքների միջև: Ռիսկերից մեկն էլ տեղում Չինաստանի հասանելիության և երկրամասի իշխանությունների վրա զգալի ազդեցության մեծացումն է: «Ոչ մուսուլման» բնակիչների ներկայությունը կարող է կրոնական մարտահրավերներ ստեղծել տարածքում:
Պակիստանի տարբեր վայրերում արդեն իսկ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Չինաստանի քաղաքացիներ են ձերբակալվել՝ մարմնավաճառության, թմրանյութերի օգտագործման կամ ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Երկրամասում մեծ են մտավախությունները Չինաստանի աճող ներկայությունից, որը աչք ունի բնական ռեսուրսների, այդ թվում հազվագյուտ հանքանյութերի և թանկարժեք քարերի վրա:
Պակիստանի իշխանությունները տասնամյակների ընթացքում Գիլգիթ-Բալթիստանում մարդկանց են բնակեցրել Խայբեր Փախտունխվա և Փենջաբ նահանգներից, հիմնականում՝ սուննիների, որպեսզի թուլացնեն շիա մեծամասնության ներկայությունը: Երկրամասում հաճախակի են բռնության դեպքերը կրոնական հողի վրա: Պակիստանի բանակն այստեղ աջակցություն է տրամադրել սուննի իսլամիստական խմբերին տեղի շիա առաջնորդության դեմ:
Այդ խտրականությանը գումարվում է նաև այն, որ Գիլգիթ-Բալթիստանում հողատերերը չեն ստանում կառավարության սահմանած փոխհատուցումը՝ օտարերկրյա նախագծերի իրականացման արդյունքում իրենց հողերի օտարման համար: Օրինակ, Պակիստանը տեղի գյուղացիների հողերը օտարել էր երկու խոշոր նախագծերի համար՝ 2007-ին Կարակորամի խճուղու 335 կմ երկարությամբ Խունջերաբ-Ռայկոտ հատվածի արդիականացման և 2012-ին՝ նույն խճուղու 24 կմ հատվածի վերաուղղորդման աշխատանքների:
Երկու նախագծերով իրենց հողերից զրկված մարդկանց լիարժեք չեն փոխհատուցել, ինչպես նախատեսված էր օրենքով: Երկրամասի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում նաև խոշոր ծրագրերի իրականացման գործընթացում, և նրանք խոշոր նախագծերից անմասն են մնում՝ չնայած մեծ ներդրումներին։
Չնայած առաջին փուլի որոշ նախագծեր դեռ չեն ավարտվել, Պակիստանը և Չինաստանը 2024-ի հունիսին շտապեցին հայտարարել CPEC-ի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը կենտրոնանում է ինը ՀՏԳ-ների ստեղծման վրա: Այդ պատճառով, Մակպուն Դաս ՀՏԳ-ն կարող է շուտով ակտիվանալ, քանի որ Պակիստանը շարունակում է CPEC-ը ներկայացնել որպես Գիլգիթ-Բալթիստան տարածաշրջանի տնտեսական զարգացման մեծ հնարավորություն:
Երկրամասի բնակիչները հիմնավոր մտահոգություններ ունեն, որ այս նախագծերը կարող են հանգեցնել շրջակա միջավայրի վնասների, բնակչության կազմի փոփոխությունների, տեղացիների հողերի կորստի և տեղական մշակույթի վտանգման: Փորձագետները կանխատեսում են, որ ապագայում այս տարածքով օրական կարող է անցնել ավելի քան 70,000 բեռնատար՝ արտանետելով մեծ քանակությամբ վնասակար նյութեր: Բացի այդ, շուրջ 400,000 չինացի աշխատող կարող են ներգրավվել Գիլգիթ-Բալթիստանի նախագծերում:
Եթե այս ամենն իրականություն դառնա, տեղի բնակչությունը կարող է զրկվել աշխատատեղերից, հողերից, բնական ռեսուրսներից և բողոքարկելու իրավական հնարավորություններից: Սա կարող է հանգեցնել պակիստանյան իշխանությունների և չինացի քաղաքացիների նկատմամբ դժգոհության աճի՝ հնարավոր բռնի բողոքների ալիքով ողջ երկրամասում:
Թեմա
Civilnet










