Պայքար Պանամայի ջրանցքի համար. Չինաստանը նահանջում է ԱՄՆ-ի ճնշման ներքո

2025-ի փետրվարի սկզբին Պանաման հայտարարեց Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ծրագրից դուրս գալու մասին, որին միացել էր 2017-ին։ Պանամայի որոշումը եղավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ճնշման ներքո, որը ցանկանում է սահմանափակել չինական ազդեցությունը աշխարհում։ Հունական Geopolitico.gr պարբերականում հրապարակված հոդվածը վերլուծում է այդ քայլի աշխարհաքաղաքական կոնտեքստը։
Պանամայի կողմից Չինաստանի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության պայմանագրի դադարեցումը նաև ազդանշան է, որ Պեկինը կարող է կորցնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, որն իրականացնում էր չինական մի ընկերություն՝ ջրանցքի ելուստներում երկու նավահանգիստների կառավարմամբ:
Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպիտ է իր գործելաոճում, բայց օրինակ է ծառայում մնացյալ աշխարհին Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու հարցում: Պանամայում՝ Միացյալ Նահանգների հենց հետնաբակում, հենակետը կորցնելու պատճառով Չինաստանի ազդեցության տարածումը հետընթաց է սկսել:
Փետրվարի սկզբին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից կարճ ժամանակ անց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Պանամա քաղաք և Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին հայտնեց, որ Պանաման ստիպված կլինի դիմակայել Միացյալ Նահանգների հնարավոր պատասխան գործողություններին, եթե ջրանցքի տարածքում չինական վերահսկողությունն անմիջապես չսահմանափակվի:
Ռուբիոն Պանամայի առաջնորդին զգուշացրեց, որ ջրանցքի տարածքում Չինաստանի ներկայությունը խախտում 1999-ի իրենց պայմանագիրը, որով ԱՄՆ-ն ջրուղու վերահսկողությունը հանձնել էր Պանամային, քանի որ պայմանագիրն ամրագրում էր ԱՄՆ-ի կառուցած ջրանցքի մշտական չեզոքությունը: «Պետքարտուղար Ռուբիոն հստակեցրեց, որ այս իրավիճակն անընդունելի է, և անհապաղ փոփոխությունների բացակայության դեպքում, Միացյալ Նահանգները ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պայմանագրով սահմանված իր իրավունքները պաշտպանելու համար»,- Ռուբիոյի հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց Պետդեպարտամենտը:
ԱՄՆ կոշտ դիրքորոշման ազդեցությունը Պանամայի վրա անմիջական էր: Պանաման այժմ որոշել է չվերակնքել Չինաստանի հետ համագործակցության հուշագիրը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում: Նախագահ Մուլինոն հայտարարել է, որ կվերանայի Չինաստանի և չինական բիզնեսների հետ կապված համաձայնագրերը: Ուշագրավ է, որ Պանաման լատինաամերիկյան առաջին երկիրն էր, որը 2017-ին «Գոտի և ճանապարհ» ծրագրին միանալու համաձայնագիր էր ստորագրել Չինաստանի հետ: Նախագահ Մուլինոն հայտարարել է, որ շահագրգռված է Պանամայում ԱՄՆ ներդրումների ու ենթակառուցվածքային ծրագրերի ավելացմամբ:
Չինական ընկերությունը, որը շահագործում էր Պանամայի ջրանցքի հյուսիսային և հարավային ծայրերում գտնվող Բալբոա և Կրիստոբալ նավահանգիստները, Հոնգկոնգում գտնվող հոլդինգային ընկերության մաս է: Բալբոա և Կրիստոբալ նավահանգիստները շահագործելու պայմանագիրը Պանամայի հետ առաջին անգամ ստորագրվել է 1997-ին: 2021-ին այս ընկերության հետ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2047: Այժմ Պանաման պայմանագրին իրավական մարտահրավեր է նետել այն հիմքով, որ դա խախտում է իր Սահմանադրության՝ հանրային շահը մասնավոր շահերից վեր դասելու մասին դրույթը:
AFP-ն, վկայակոչելով Պանամայի դատական իշխանություններին, գրել է, որ Պանամայի Գերագույն դատարանը վարույթ է ընդունել հոնգկոնգյան ընկերության հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցը: Սա պայմանագրին ուղղված երկրորդ մարտահրավերն է՝ փետրվարին երկու այլ փաստաբանների կողմից ներկայացված գործից հետո, որոնք պնդում էին, որ ընկերությանը արված զիջումը հակասահմանադրական է: Այս վերջին հայցը վիճարկում է կոնցեսիայի՝ մինչև 2047 «ավտոմատ երկարաձգումը»: Ընթացքի մեջ է նաև երկարաձգման նպատակահարմարության աուդիտը:
ԱՄՆ-ի՝ իր անմիջական շահերի ոլորտում Չինաստանի աճող ներկայության վերաբերյալ մտահոգությունն անհիմն չէ: Տարիների ընթացքում Պանամայի ջրանցքի և Պանամա երկրի նկատմամբ չինական ազդեցությունն ավելացել է:
ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի լատինամերիկյան հետազոտությունների պրոֆեսոր Ռ. Էվան Էլիսը նշում է, որ Չինաստանի բանակը հարաբերություններ է պահպանում Պանամայի սահմանապահ ծառայության, Պանամայի օդային և ծովային ծառայության և Պանամայի ազգային ոստիկանության հետ: China Ocean Shipping Group Company-ն (Cosco) Պանամայի ջրանցքի ամենախոշոր օգտագործողներից են: Նշանակալից է, որ չինական նավագնացության հսկա Cosco-ն խոշոր նավահանգիստ է կառավարում լատինամերիկյան մեկ այլ երկրում՝ Պերուում:
ԱՄՆ-ն Հարավային Ամերիկան համարում է իր ետնաբակը, և նրա համար սրանք ռազմավարական մտահոգության հարցեր են: Չինական մասնավոր ընկերությունները որևէ պահի կարող են կատարել Չինաստանի կառավարության հրահանգները: «Այսօր օտար տերությունն իր ընկերությունների միջոցով, որոնք, ինչպես գիտենք, անկախ չեն, կարողություն ունի հակամարտության ժամանակ Պանամայի ջրանցքը խցանման կետի վերածելու, և դա ուղղակի սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային շահերին և անվտանգությանը»,- հունվարին ասել էր Մարկո Ռուբիոն: «Եթե Չինաստանն իր ընկերությանը հրամայի փակել ջրանցքը կամ խոչընդոտել մեր երթևեկությունը, նրանք դա կանեն»,- ասել էր Ռուբիոն:
ԱՄՆ-ի մտահոգություններն անհիմն չեն: Պանամայի ջրանցքը, որ համարվում է ինժեներական գլուխգործոց, կառուցվել է ԱՄՆ-ի կողմից 1904-1914 թթ.: 1999-ին ԱՄՆ-ն հրաժարվեց ջրանցքի վերահսկողությունից հօգուտ Պանամայի: ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականության պատասխանատուները սա համարում են ռազմավարական սխալ, քանի որ ջրանցքը կենսական ռազմավարական և տնտեսական ակտիվ է, որն ապահովում է ուղիղ կապ Խաղաղ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսի միջև՝ Կարիբյան ծովի միջոցով: ԱՄՆ-ն ջրանցքի ամենամեծ օգտագործողն է, և ԱՄՆ-ի կոնտեյներային երթևեկության 40 տոկոսը հիմնվում է Պանամայի ջրանցքի երթուղու վրա:
ԱՄՆ-ն նաև ռազմավարական մտահոգություններ ունի: 2017-ին Պանաման խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այդ ժամանակից ի վեր Պեկինը լուրջ ներդրումներ է կատարում ջրանցքի մոտ գտնվող ենթակառուցվածքային ծրագրերում: ԱՄՆ-ում մտավախություն կա նաև, որ Չինաստանը կարող է հսկողության տեխնոլոգիաներ ներդնել ջրանցքի ենթակառուցվածքներում և լրտեսել իր լոգիստիկ և ռազմական տեղաշարժերը:
Դեռ 1914-ին գերմանական Ueberall ամսագիրը Պանամայի ջրանցքի ռազմավարական կարևորության մասին գրում էր. «Առանց ջրանցքի Միացյալ Նահանգները կարող էր ապահովել ինչպես ատլանտյան, այնպես էլ խաղաղօվկիանոսյան ափերի համարժեք պաշտպանություն միայն երկու նավատորմի միջոցով: Ջրանցքի ավարտից հետո մեկ նավատորմի փոխանցումը մի օվկիանոսից մյուսը ընդամենը մի քանի ժամվա հարց է: Այդպիսի ջրանցքի սեփականությունը օտար տերության կողմից թույլ կտա թշնամի նավատորմին մի օվկիանոսից մյուսն անցնել առանց ԱՄՆ-ի իմացության և հակառակորդներին անակնկալի կբերի»:
Թեմա
Civilnet









