Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ քննարկում ենք միջազգային իրավական գանգատներից հրաժարումը. Միրզոյան

Ադրբեջանի հետ քննարկում ենք միջազգային իրավական գանգատներից հրաժարումը. Միրզոյան

«Ադրբեջանի հետ քննարկվում է միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը». մարտի 12-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն արդեն հայտնել է իր մոտեցումը ադրբեջանական առաջարկի 12-րդ խմբագրության վերաբերյալ և առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը։

«Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»,  - ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված բոլոր մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին ու խաղաղության օրակարգին։

Պատասխանելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների մասին հարցին՝ Նիդեռլանդների արտգործնախարարն ասել է, որ գերիները պետք է «հավուր պատշաճի պաշտպանվեն և ունենան արդար դատավարության իրավունք»։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ Նիդեռլանդներն ու ԵՄ-ն կշարունակեն ուշադրություն սևեռել այս հարցի շուրջ և շարունակում ենք հավատալ, որ գերիների արդար դատավարության իրավունքները պետք է պահպանվեն։ Այս հարցը, մենք, այո, կշարունակենք բարձրացնել նաև Բաքում», - նշել է Նիդեռլանդների արտգործնախարարը։

Մարտի 12-ին Նիդեռլանդների արտգործնախարարի՝ Հայաստան այցի շրջանակում Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության հռչակագիր։ Արարատ Միրզոյանը շեշտեց, որ համագործակցության փաստաթուղթը ներառում է քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների զարգացում, համագործակցության խորացում կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում։

Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստ են է՛լ ավելի ընդլայնել տնտեսական կապերը Հայաստանի հետ՝ աջակցելով երկրի տնտեսության դիվերսիֆիկացիային։

Փաշինյանը պատրաստ է փոխադարձաբար հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից

Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին կողմերը կարող են հրաժարվել միմյանց նկատմամբ հայցերից։ 2024-ի նոյեմբերի 22-ին Հանրաին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ իրական խաղաղության հասնելու հնարավարության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից։ Փաշինյանի հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց՝ 2024-ի դեկտեմբերի 9-ին, Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի»։

«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել էր Կիրակոսյանը։

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցերից հրաժարվելու, Ղարաբաղյան կարգավորման երեք տասնամյակների միջազգային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև այս տարվա հունվարի 9-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հերթական հայտարարություններից հետո, որոնք հնչել էին հունվարի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում։

Հայաստանի միջազգային հայցերը

2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը մի շարք հայցեր է ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ներկայում, ՄԻԵԴ-ում քննվում է Հայաստանի մասնակցությամբ յոթ միջպետական բողոք: Հայաստանը դիմել է Ադրբեջանի դեմ չորս գործով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրավունքների խախտումների; Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ ռազմագերիների; Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետևանքով խախտումների; և Արցախի բնակչության հարկադիր տեղահանման վերաբերյալ:

Հայաստանը բողոք է ներկայացրել նաև Թուրքիայի դեմ՝ Ադրբեջանին աջակցելու համար: Ադրբեջանը իր հերթին ներկայացրել է երկու բողոք Հայաստանի դեմ՝ Հայաստանին մեղադրելով Ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում խախտումների և վերաբնակեցման ու ադրբեջանական գույքի ոչնչացման մեջ:

2021-ի սեպտեմբերին Հայաստանը դիմեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։ Հայցը ներառում էր անհանդուրժողականություն և ռասայական խտրականություն հայերի նկատմամբ պետական քաղաքականության մակարդակով, ռազմագերիների և պատանդների իրավունքների խախտումներ, այդ թվում՝ նրանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացում։

2021-ի դեկտեմբերին դատարանը բավարարեց Հայաստանի միջանկյալ միջոցների կիրառման պահանջը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը և կանխել հայերի հանդեպ խտրական վերաբերմունքը։

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում