Գլխավոր Լրահոս

Խաղաղության համաձայնագրի տեքստում միջանցքի ու փախստականների վերադարձի մասին որևէ դրույթ չկա․ Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի տեքստում միջանցքի ու փախստականների վերադարձի մասին որևէ դրույթ չկա․ Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա այսպես կոչված «միջանցքի» մասին։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարարը շեշտել է՝ որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։

«Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում», - հավելել է Միրզոյանը՝ նշելով, որ «Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել»։

Միրզոյանն ասել է, որ Հայաստանն առաջարկել է նախ ապաշրջափակել երկաթուղիները և հնարավորություն տալ երկու երկրին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Հայաստանի արտգործնախարարը վստահեցրեց, որ ինչպես նախկինում այժմ էլ, վաղն էլ անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր երթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։

Միրզոյանը խոսել է նաև փախստականների վերադարձի մասին։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մարտի 4-ին Նիկոլ Փաշինյանը պետական Արմենպրես գործակալության կայքում հրապարակել է հոդված «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին»։ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհների մասին Փաշինյանը գրել է. «Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ»։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ «Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ»։

Օրերս թուրք լրագրողներին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հետ Հայաստանի Հանրապետությունը առնչություն չունի, և հասկանալի չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում կոմունիկացիաների հարցով Հայաստանի առաջարկած լուծումներին։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում