ԱՄՆ-ը զինտեխնիկա կտեղափոխի Հայաստան՝ ենթադրյալ համատեղ զորավարժությունների համար

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ամերիկյան կողմը 2025-ի ամռանը Հայաստան կտեղափոխի 10 միավոր ռազմական տեխնիկա Գերմանիայից՝ հավանական զորավարժությունների անցկացման նպատակով: Տեղեկությունը մեդիա դաշտում սկսեց շրջանառվել Russia Today-ի հրապարակումից հետո։
ԱՄՆ պետական գնումների համակարգում 2025-ի մարտի 5-ին հրապարակված հայտի համաձայն՝ Միացյալ Նահանգները հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Դյուլմեն ռազմակայանից դեպի Հայաստանի «Զառ» ռազմաբազա կտեղափոխի 10 միավոր բարձր անցանելիության ամերիկյան զինտեխնիկա՝ 8 զրահապատ շտապօգնության մեքենա և 2 մարտական զրահամեքենա:
Փաստաթղթում նշվում է, որ տեխնիկան Հայաստանում կմնա մոտ երկու շաբաթ և կվերադարձվի Գերմանիա: Ուշագրավ է, որ հատուկ նշվում է, որ փոխադրումները չեն կարող իրականացվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվության խնդիրների պատճառով», ինչը ենթադրում է, որ տեխնիկայի տեղափոխումը հավանաբար կիրականացվի Վրաստանի տարածքով:
Նույն փաստաթղթում նշվում է նաև 151 միավոր տեխնիկայի (տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և բեռնարկղեր) տեղափոխման մասին Արմավիրի զորավարժարանից դեպի վրացական Փոթի նավահանգիստ զորավարժությունների ավարտից հետո։
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ընդլայնում
Համատեղ զորավարժությունները նորություն չեն Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության շրջանակում։ 2023-ի սեպտեմբերին և 2024-ի հուլիսին Հայաստանում անցկացվեցին «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցել էին հարյուրավոր զինծառայողներ երկու երկրներից, կիրառվել էր նաև ամերիկյան զինտեխնիկա՝ այդ թվում զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ։
2025-ի հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը։
Տես՝ Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ երկրների գործընկերության մասին
Կանոնադրությունում նշվում է, որը Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ «առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով»։
2024-ի դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Պենտագոնում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Հանդիպման ժամանակ Օսթինը նշել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում «ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է զրահապատ շտապօգնության մեքենաներ, կիբերանվտանգության գործառնական կենտրոն և ազգային ուսումնական կենտրոն» և ընդգծել, որ ԱՄՆ-ն պլանավորում է պահպանել ձեռք բերված առաջընթացի տեմպը։
Դիվանագիտական լռություն
Հրապարակված փաստաթղթից հստակ չի երևում, թե կոնկրետ ինչ նպատակով է տեխնիկան տեղափոխվելու Հայաստան, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը հավանաբար վերաբերում է ռազմական ուսումնավարժություններին: ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ դեսպանատունը առայժմ չեն մեկնաբանել տեխնիկայի տեղափոխման և հնարավոր զորավարժությունների վերաբերյալ տեղեկությունները: ՍիվիլՆեթի հարցումն անպատասխան է մնացել։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Պենտագոնից հայտնել են հետևյալը. «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»։
CivilNetCheck
Civilnet










