750,000 գրանցված աշխատողից միայն 12,000 քաղաքացի է ներկայացրել համընդհանուր հայտարարագիր․ ՊԵԿ նախագահ

750,000 գրանցված աշխատողից համընդհանուր հայտարարագիր է ներկայացրել մոտ 12,000 քաղաքացի։ Այս մասին այսօր հայտարարել է ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հակոբյանը նշել է, որ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չլրացրած քաղաքացիները տուգանվելու են։
ՊԵԿ նախագահի խոսքով, եթե անձը հայտարարագիր չի ներկայացվում, մի անգամ տուգանվում է 5,000 դրամ, երկրորդ անգամ՝ 10,000։
«Մարդիկ ավելի շահագրգիռ են իրենց կյանքի որակը բարձրացնելու հարցում: Հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալիս կյանքի որակը բարելավել սոցիալական կրեդիտների միջոցով: Այժմ լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ծառայությունների դիմաց եկամտային հարկից նվազեցումներ և փոխհատուցումներ ստանալու», - ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանի դիտարկմամբ, պարբերաբար ամեն շաբաթ հայտարարագրման տեմպերն ավելանում են, ինչը, ըստ նրա, բնական է։
«Եթե դիտարկենք հասարակության վարքագիծը, կտեսնենք, որ մարդիկ սովորաբար ավելի ակտիվ են դառնում վերջնաժամկետին մոտ ամիսներին: Անցած տարի ևս առաջին ամիսներին պասիվություն կար, իսկ հետո վերջնաժամկետին մոտ երկու ամսվա ընթացքում հայտարարագրեր եղել են», - նշել է ՊԵԿ նախագահը:
Խոսելով համակարգի նպատակների մասին՝ ՊԵԿ նախագահն իր համոզմունքն է ներկայացրե, ըստ որի, երբ քաղաքացին հայտարարագիր է ներկայացնում հայտնվում է կառավարության հոգացության թիրախում:
«Կառավարությունը, չունենալով քաղաքացիների մասին տեղեկատվություն, չի կարողանում այնպիսի սոցիալական քաղաքականություն մշակել, որը կլինի շատ ավելի արդյունավետ ու թիրախային»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Էդուարդ Հակոբյանը համոզված է, որ հասարակության մեծ մասն ունի երազանք՝ ավելի լավ պետություն տեսնելու, և համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի ներդրումն ավելի լավ պետություն կառուցելու ճանապարհ է։
Civilnet










