«Երևանը խաղաղության պայմանագրի ստորագրման փոխարեն խոչընդոտում է գործընթացը և ներկայացնում Ադրբեջանը որպես խաղաղությամբ չհետաքրքրված պետություն». այսպես է արձագանքել Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 20-ի հայտարարություններին, որոնք հնչել են Բրազիլում։
Խաղաղության բանակցությունների «խոչընդոտները»՝ ըստ Ադրբեջանի
«Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։ Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ», - մարտի 19-ին Բրազիլում հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարարի ղեկավարին, հայտարարել է, թե վերջին երկուսուկես տարվա ընթացքում «անընդունելի առաջարկներ» ներկայացնելով՝ Հայաստանը խոչընդոտել է գործընթացը։ Բաքուն կրկնել է խաղաղության պայմանագրի կնքման համար երկու հիմնական պահանջները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
«Հայաստանը պատրաստ կլինի խաղաղության պայմանագրի կնքմանը, եթե լուծի ընթացիկ դժվարությունները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Բացի այդ, Բաքուն հերքել է Հայաստանի պնդումը, թե Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների և զենքերի վերահսկման մեխանիզմի վերաբերյալ առաջարկներին՝ հայտարարելով, որ «հայկական կողմը պարզապես չի հետևում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին»։
Էլչին Ամիրբեկովը խոսել է խաղաղության «պատմական» պայմանագրի մասին
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Արգենտինայում՝ ադրբեջանական դեսպանությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ կրկնել է Բաքվի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության հետ կապված։
«Եթե Հայաստանի Սահմանադրությունից այդ տարածքային հավակնությունը չհանվի, այն կարող է լրջորեն սպառնալ խաղաղությանն ապագայում,- պաշտոնյայի խոսքերը մեջբերում է արգենտինական Buenos Aires Times պարբերականը։ - Մենք չենք ցանկանում որևէ իրավական հիմք թողնել ապագայում Հայաստանի կողմից վրեժխնդրության որևէ հնարավոր փորձի համար»։
Ամիրբեկովը վստահեցրել է, որ Բաքուն «պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը՝ երկարաժամկետ ճգնաժամին վերջ դնելու նպատակով»։
Պաշտոնյայի խոսքով՝ «երկու կովկասյան հարևանները մոտ են պատմական պայմանագրի ստորագրմանը, որը վերջ կդնի տարածքային վեճին»։
«Մենք խորապես հավատում ենք, որ մեր հարաբերությունների ապագան գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի ձեռքերում, և այս հարցում որևէ երրորդ կողմի, դրսի ուժերի կարիք չկա», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Արգենտինայում Հայաստանի դեսպանության արձագանքը Ամիրբեկովին
Արգենտինական կայքը մեջբերում է նաև Արգենտինայում Հայաստանի դեսպանության արձագանքը Ամիրբեկովի պնդումներին. Ադրբեջանը շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, մինչդեռ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտ։
«Ցավալի է, որ Ադրբեջանը ներկայում դե ֆակտո հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը, որի շուրջ համաձայնության էր եկել Հայաստանի հետ՝ շարունակելով խոսել նախապայմանների լեզվով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն», - հայտարարել է դեսպանությունը։
Դեսպանությունը հույս է հայտնել, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորող խաղաղության համաձայնագիրը։
Գեորգի Միրզաբեկյան և Էլեն Մուրադյան
Civilnet











