Գլխավոր Լրահոս

Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, աշխարհը լսում է մեզ. Հնդկաստանի վարչապետ

Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, աշխարհը լսում է մեզ. Հնդկաստանի վարչապետ

Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, աշխարհը լսում է մեզ, որովհետև Հնդկաստանը Բուդդայի և Մահաթմա Գանդիի երկիրն է. այս մասին ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ամերիկացի հետազոտող և հաղորդավար Լեքս Ֆրիդմանի հեղինակային փոդքասթի ընթացքում։ «Ես միշտ պնդել եմ, որ ես խաղաղության կողմն եմ: Ես չեզոք չեմ: Ես ունեցել եմ դիրքորոշում, և դա խաղաղությունն է եղել, և խաղաղությունն է եղել այն, ինչին ես ձգտել եմ»,- ասել է Մոդին:

Լեքս Ֆրիդմանը Մոդիին հարցրել է խաղաղարարության գործընթացին նրա մոտեցման մասին. «Դուք խոսել եք այդ մասին, դուք ունեցել եք փորձառություն, դուք ունեցել եք հմտություն, դուք ունեցել եք աշխարհաքաղաքական ազդեցություն՝ լինելու աշխարհի ամենամեծ խաղաղարարն այսօր... կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես եք մոտեցել այդ գործընթացին՝ օգնելով խաղաղություն հաստատել երկու պատերազմող երկրների միջև, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի»:

https://www.youtube.com/watch?v=ZPUtA3W-7_I

Մոդին ընդգծել է, որ ինքը ներկայացնում է Բուդդայի և Մահաթմա Գանդիի երկիրը, որոնց ուսմունքները, խոսքերը, գործողությունները և վարքը ամբողջությամբ նվիրված են եղել խաղաղությանը: «Մշակութապես և պատմականորեն մեր ֆոնը այնքան ուժեղ է եղել, որ երբ մենք խոսել ենք խաղաղության մասին, աշխարհը լսել է մեզ, որովհետև Հնդկաստանը Գաուտամա Բուդդայի և Մահաթմա Գանդիի երկիրն է, և հնդիկները բնույթով հակված չեն պաշտպանելու կռիվն ու հակամարտությունը: Մենք փոխարենը ներդաշնակություն ենք քարոզել: Մենք չենք ձգտել ո՛չ պատերազմել բնության դեմ, ո՛չ էլ պայքար հրահրել ազգերի միջև: Մենք կանգնած ենք եղել խաղաղության կողքին և որտեղ որ կարողացել ենք հանդես գալ որպես խաղաղարար, սիրով ընդունել ենք այդ պատասխանատվությունը»,- ասել է Մոդին:

Խոսելով Հնդկաստանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապերի մասին՝ նա նշել է. «Ես սերտ հարաբերություններ ունեմ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Ես կարողացել եմ նստել նախագահ Պուտինի հետ և ասել, որ պատերազմը պետք է ավարտել, և ես կարողացել եմ նաև ընկերաբար ասել նախագահ Զելենսկուն՝ եղբայր, անկախ նրանից, թե քանի մարդ է կանգնած եղել քո կողքին աշխարհում, ռազմի դաշտում երբեք լուծում չկա: Լուծումը գալիս միայն այն ժամանակ, երբ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը նստեն բանակցային սեղանի շուրջ: Ուկրաինան կարողացել է անթիվ քննարկումներ անցկացնել իր դաշնակիցների հետ, բայց դա արդյունք չի տվել»:

Մոդին ընդգծել է, թե սկզբնապես ինչպես է դժվար եղել խաղաղություն գտնելը, բայց այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որը «հնարավորություն է տալիս իմաստալից և արդյունավետ բանակցությունների համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»:

Ընդգծելով, թե ինչպես է պատերազմի ազդեցությունը տարածվել ամբողջ աշխարհի վրա՝ Մոդին ասել է. «Շատ տառապանք է եղել: Նույնիսկ գլոբալ հարավն է տուժել: Աշխարհը բախվել է պարենի, վառելիքի և պարարտանյութերի ճգնաժամի: Այնպես որ, միջազգային հանրությունը միավորվել է խաղաղության հետապնդման ջանքերում»:

Վարչապետ Մոդիի հարցազրույցը Լեքս Ֆրիդմանի հետ հրապարակվել է մարտի 14-ին՝ այն ժամանակ, երբ առաջընթացի նշաններ էին արձանագրվել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը վերջ դնելու ջանքերում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց, որ «լավ և արդյունավետ քննարկումներ» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ակնարկեց, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը «վերջապես կարող է ավարտվել»: Թրամփն ասաց, որ «ուժեղ հորդորել է» Պուտինին խնայել հազարավոր ուկրաինացի զինվորների կյանքը:

Վարչապետ Մոդին նշել է, որ մարդկանց համար խելամիտ ընտրությունը կոնֆլիկտից հրաժարվելն է և դեպի համագործակցություն շարժվելը:

«Ես հավատացած եմ, որ ժամանակակից պատերազմներն այլևս միայն ռեսուրսների կամ շահերի մասին չեն: Այսօր ես տեսնում եմ բազմատեսակ կոնֆլիկտներ: Հաճախ քննարկվում են ֆիզիկական հակամարտությունները: Բայց պայքարը բոլոր ոլորտներում է: Միջազգային կազմակերպությունները, որոնք մի ժամանակ հզոր էին, դարձել են համարյա անկարևոր: Իրական բարեփոխումներ չկան: Ինստիտուտները, ինչպիսին է ՄԱԿ-ը, չեն կատարում իրենց դերը: Մարդիկ, որոնք անտեսում են միջազգային օրենքներն ու կանոնները, շարունակում են ազատ գործել, և ոչ ոք չի կարողանում նրանց կանգնեցնել: Նման իրավիճակներում բոլորի համար խելամիտ ընտրությունը կոնֆլիկտից հրաժարվելը և դեպի համագործակցություն շարժվելն է: Զարգացման վրա հիմնված մոտեցումն է ապագայի ճանապարհը: Էքսպանսիոնիզմը չի աշխատում: Ինչպես նախկինում ասել եմ, աշխարհը փոխկախված և փոխկապված է: Յուրաքանչյուր ազգ կարիք ունի մյուսի, ոչ ոք չի կարող մենակ դիմանալ: Բոլոր ֆորումներից, որոնց ես մասնակցել եմ, մի բան է պարզ եղել՝ բոլորը խորապես մտահոգված են այս կոնֆլիկտներով: Մենք կարող ենք միայն հուսալ, որ խաղաղությունը շատ շուտով կվերականգնվի»,- ասել է Մոդին:

Լեքս Ֆրիդմանը ամերիկացի հետազոտող և փոդքասթի հեղինակ է։ Նրա հյուրերն են եղել նշանավոր բազմաթիվ մարդիկ և առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Արգենտինայի վարչապետ Խավիեր Միլեյը, ինչպես նաև՝ Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը, Սեմ Ալթմանը, Մագնուս Կարլսենը և Յուվալ Նոյ Հարարին: Ֆրիդմանի յութուբյան էջը 4,8 մլն բաժանորդ ունի։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում