Կեղծ պետական ծրագրեր. ինչպես են սոցցանցերի օգտատերերին մոլորեցնում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ իբր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնցով քաղաքացիները կամ ազատվում են վճարումներից, կամ էլ դրամական աջակցություն են ստանում։ Այս գրառումներում ներկայացված տեղեկությունները, սակայն, ամբողջությամբ հորինված են։
Գրառումներից մեկում նշվում է, թե 2025-ի ապրիլի 1-ից նոր որոշում է ուժի մեջ մտնելու, ըստ որի՝ մի շարք ծառայությունների դիմաց քաղաքացիները կազատվեն ամսական պարտադիր վճարումներից։
«Որոշ ընտանիքների բյուջեն կարող է թեթևանալ մինչև 10-15 հազար դրամով ամեն ամիս»,- նշված է գրառմանը կցված կայքում։
Մեկ այլ գրառման մեջ էլ պնդում է արվում, թե քաղաքացիներն իբր դրամական խոշոր աջակցություն են ստանալու կառավարությունից, եթե բավարարեն որոշ պարզ պայմանների։ «Ծրագիրը կոչվում է «Աջակցության զարկերակ», և նպատակ ունի խթանել Հայաստանի տնտեսությունը ներքևից վերև՝ խրախուսելով քաղաքացիներին ակտիվանալ, վերապատրաստվել, ստեղծել արժեք և դրա դիմաց ստանալ ֆինանսական աջակցություն»,- հայտնում են կցված հոդվածում։
Իրականում նման անվանումով ծրագիր գոյություն չունի, իսկ կցված հոդվածներում թվարկված վճարումներից քաղաքացիները մեծամասամբ ազատված են։
Աջակցության ծրագիր, որն իրականում գոյություն չունի
Կառավարության նոր որոշումների վերաբերյալ երկու տարբեր գրառումներում կցված են ikuk.arminfonews.ru և yer.arminfonews.ru կայքերի հղումները։ Այս երկուսը arminfonews.ru կայքի ենթակայքերն են։
Հոդվածում նշվում է, որ «Աջակցության զարկերակ» ծրագրի մասին որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստին։ Կառավարության վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 20-ին, բայց նման որոշում չի ընդունվել։
Պետական irazekum.am կայքում հրապարակված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, սակայն «Աջակցության զարկերակ» անվանումով ծրագիր չկա։
Ըստ կայքի՝ ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են ajakcutyun.am հարթակի միջոցով, սակայն այդ անվանումով հարթակ գոյություն չունի։
Հոդվածում թվարկված վճարներից քաղաքացիները վաղուց ազատված են
Գրառմանը կցված հոդվածում լուրը միաժամանակ հայերեն և ռուսերեն է՝ ենթադրաբար երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։

Հայերեն տարբերակում նոր ընդունված որոշման մանրամասներ չկան։ Ռուսերենով թվարկվում են այն վճարները, որոնցից իբր ազատվելու են քաղաքացիները։
CivilNetCheck-ը, սակայն, պաշտոնական աղբյուրներում նման նոր որոշում չի գտել։
Ըստ կայքի՝ նախկինում ծնողները վճարում էին հանրակրթական դպրոցներում դասասենյակների կարիքների, «սանիտարական նյութերի պահպանման» համար։ Մանկապարտեզները գանձում են տարբեր վճարներ սննդի, ջեռուցման համար։
Իրականում «Հանրակրթության մասին» օրենքով՝ միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Իսկ դպրոցներում անօրինական դրամահավաքներին Հայաստանի տարբեր տարիների կրթության նախարարները պարբերաբար անդրադարձել են՝ քաղաքացիներին հորդորելով ահազանգել նման դեպքերի մասին։
Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների՝ ջրամատակարարման և աղբահանության համար գանձվող վճարները նվազագույնի հասցնելուն, ապա #CivilNetCheck-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ անապահովության գնահատման համակարգի շրջանակներում քաղաքացիները մշտապես օգտվել են կոմունալ ծառայությունների հետ կապված որոշակի արտոնություններից։
Նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի այցելությունները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից եկամուտներն ստանալն է։
CivilNetCheck
Civilnet










