Գլխավոր Լրահոս

Հայաստանը քարտեզից բացակայել է, քարտեզը խմբագրվել է և ներողություն է հնչել. Arte-ի հաղորդման հետքերով

Հայաստանը քարտեզից բացակայել է, քարտեզը խմբագրվել է և ներողություն է հնչել. Arte-ի հաղորդման հետքերով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքի՝ մարտի 24-ին հեռարձակած «28 րոպե» հաղորդման ընթացքում ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ պատկերված էին Թուրքիան և հարակից երկրները։

Սակայն քարտեզում Հայաստանը բացակայում էր և տարածքը նշված էր որպես Ադրբեջանի մաս։

Հեռուստաալիքի թույլ տված սխալը մեծ արձագանք ստացավ հայկական մեդիա դաշտում։ Իշխանամետ armtimes.com, Civic.am, Medianews.am լրատվական կայքերը և Baghramyan 26 տելեգրամյան ալիքը պնդում էին, թե իրականում ռուսամետ շրջանակներն են փորձում Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել։

«Հաղորդման իրական տեսաձայնագրության մեջ հստակ երևում է Հայաստանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- նշված է հոդվածներում։ Այսպիսով, լրատվամիջոցները փորձում էին հերքել սխալ քարտեզով հաղորդման փաստը։

Ավելի ուշ՝ մարտի 25-ին, հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն խնդրեց սխալ քարտեզ ցուցադրելու համար՝ մինչ այդ շտկելով այն հաղորդման վերահրապարակված տեսանյութում։

#CivilNetCheck-ը գնացել է ֆրանս-գերմանական հեռուստաալիքի հետ կապված խառնաշփոթի հետքերով։

Հեռուստաալիքի ներողությունը և խմբագրված քարտեզը

Մարտի 24-ին հեռարձակված «28 րոպե» հաղորդումը առնչվում էր Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Հաղորդման հյուրերից մեկը հայազգի քաղաքագետ Կայծ Մինասյանն էր։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Մինասյանը հաստատեց, որ հեռուստաալիքն իրոք սկզբում սխալ քարտեզ է հրապարակել։

Հետագայում հաղորդումը հեռացվել է կայքից և նոր՝ խմբագրված քարտեզով տարբերակն է տեղադրվել։ Ըստ քաղաքագետի՝ բնօրինակ քարտեզում ոչ միայն Հայաստանի, այլև Լիբանանի և Իսրայելի սահմաններն էին սխալ ներկայացված։

«Ես ուշադիր չեմ եղել ու չեմ տեսել, որ քարտեզում Հայաստանը չկա, այլապես անշուշտ դիտողություն կանեի։ Դիտավորյալ չէր, ես կապվեցի, ուրիշները ևս, որպեսզի այդ ծրագիրը խմբագրի այդ քարտեզը։ [...] այդտեղ որևէ հակահայկական բան չկա»,- հայտնեց Մինասյանը։

Էկրանապատկերում՝ քարտեզի սկզբնական և խմբագրված տարբերակները

Միջադեպին արագ արձագանքեց նաև Ֆրանսիայում գործող armenews.com կայքը՝ պահանջելով հեռուստաալիքից ճանաչել սխալը և հրապարակային ներողություն խնդրել։ Ֆրանսիայի հայերը change.org հարթակում ստորագրահավաք նախաձեռնեցին՝ պահանջելով պարզաբանումներ և սխալի շտկում։

Արդեն հաջորդ օրը՝ մարտի 25-ին, հեռարձակված «28 րոպե» հաղորդման ավարտին հաղորդավար Էլիզաբեթ Կյանը հրապարակայնորեն ներողություն խնդրեց միջադեպի համար։

««28 րոպե» հաղորդաշարի ողջ խմբագրակազմը ներողություն է հայցում: Հատկապես մենք ներողություն ենք խնդրում մեր հայ բարեկամներից երեկվա Թուրքիայի վերաբերյալ քննարկման ժամանակ ցուցադրված սխալ քարտեզի համար: Ուստի, կրկին շնորհակալություն ձեր ներողամտության համար. սա եղել է բացարձակապես կոլեկտիվ և ափսոսալի, բայց միանգամայն չկանխամտածված սխալ»:

Հարկ է նշել, որ այն լրատվամիջոցները, որոնք նախապես պնդել էին, թե միջադեպը ռուսամետ շրջանակների կողմից հակաֆրանսիական տրամադրություններ սերմանելու փորձ է, հետագայում անդրադարձան նաև Arte-ի պաշտոնական ներողությանը՝ փաստացի հերքելով իրենց իսկ նախկին պնդումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում