Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայկական կողմին կոչ է արել «արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը»։ Արգենտինական Perfil պարբերականի հետ հարցազրույցում Ամիրբեկովն ասել է, թե «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, և այն բաց թողնելը սխալ կլինի»։
Ամիրբեկովը կրկնել է Ադրբեջանի նախապայմանները՝ «Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, օտար ուժերի դուրս բերում սահմանամերձ տարածքներից»։
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, որոնք ավարտվել են այս ամիս, ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար, սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը նաև ասել է, թե «խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա։
***
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները։
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտից հետո Ադրբեջանը սկսեց հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ տարածել։ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է բոլոր այդ հաղորդագրությունները։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Երևանը Բաքվին առաջարկում է բանակցություններ սկսել՝ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամկետները հստակեցնելու համար։
Civilnet











