Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանության հաջողություններին, պնդել է, թե աննախադեպ երևույթ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս որևէ երկիր զենք վաճառի կամ փոխանցի ՀԱՊԿ անդամին։
«Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք։ [...] Ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն ա։ Աննախադեպ բան ա, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևէ այլ երկիր, որը որ ՀԱՊԿ-ից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ փոխանցի։ Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ քաղաքական մեսիջ ա»,- հայտարարել է Սիմոնյանը։
Իրականում, ՀԱՊԿ մյուս անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանն ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիներին, ՀԱՊԿ-ից դուրս բազմաթիվ երկրներից ձեռք են բերել տարբեր տեսակի սպառազինություն։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել և ներկայացնում է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից արևմտյան և այլ երկրներից ձեռք բերված սպառազինության տվյալները։
Ղազախստանի ՆԱՏՕ-ական սպառազինությունը
Ղազախստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ձեռք է բերել տասնյակից ավելի եվրոպական Airbus ռազմական ինքնաթիռներ։ 2013-ից սկսած՝ երկիրը ստացել է 11 Airbus C295 տրանսպորտային ինքնաթիռ։ 2021-ին Ղազախստանը պատվիրել է երկու A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որոնցից առաջինը մատակարարվել է 2024-ին։
ԱՄՆ-ից Ղազախստանը 2004-ին անհատույց ստացել է 5 HMMWV զրահամեքենա, իսկ 2007-2009-ին՝ ևս 40 HMMWV։ 2003-2017-ի ընթացքում Ղազախստանը անհատույց ստացել է շուրջ տասը Huey-II ուղղաթիռ։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում Ղազախստանի ակտիվ համագործակցությունը սկսվել է 2012-ից, երբ երկիրը ձեռք բերեց թուրքական շուրջ 50 Cobra I զրահամեքենա, իսկ 2024-ին՝ շուրջ 45 արդիական Cobra II։ Վերջին տարիներին Ղազախստանը գնել է թուրքական Bayraktar TB2, Akinci, Aksungur, TAI Anka-S անօդաչու թռչող սարքեր և Ղազախստանում ստեղծել համատեղ արտադրություն։

Ղազախստանը ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամներ Ֆրանսիայից և Չեխիայից նույնպես ստացել է ռազմական տեխնիկա։ Այսպես, Ֆրանսիայից 2014-ին ձեռք են բերվել երկու տասնյակ GM-400 ռադարներ։ Հայտարարվել էր նաև, որ որոշ քանակ մակատարարվելու է 2023-ից հետո։ Բացի այդ, 2023-ին գնվել են չեխական L-410 Turbolet տրանսպորտային ինքնաթիռներ։ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Կանադայից Ղազախստանը ձեռք է բերել STREIT Spartan և Roshel Senator զրահամեքենաներ։
Ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնումները ևս զգալի են։ Իսրայելից Ղազախստանը զենք է ձեռք բերում դեռ 2014-ից, այդ թվում՝ Plasan SandCat զրահամեքենաներ, IMI Lynx հրթիռային համակարգեր, Cardom ականանետեր և հետախուզական ԱԹՍ-ներ և մի շարք այլ սպառազինություն։ Չինաստանից Ղազախստանը ձեռք է բերել Wing Loong-1 անօդաչու թռչող սարքեր, Հարավային Աֆրիկայից՝ Marauder զրահափոխադրիչի արտադրության տեխնոլոգիաներ։
Ղրղզստանի արևմտյան և թուրքական սպառազինությունը
Ղրղզստանի համար Թուրքիան վերջին տարիներին դարձել է սպառազինության հիմնական մատակարարներից մեկը։ 2022-2024-ին երկիրն ակտիվ ձեռք է բերել թուրքական Bayraktar TB2, Akinci և TAI Aksungur անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թուրքական արտադրության հրաձգային զենքեր և տրանսպորտային միջոցներ։

Ղրղզստանը Չինաստանից ձեռք է բերել Dongfeng EQ2050 և CS/VN3 Dajiang զրահամեքենաներ, Flying Leopard 6C հակաօդային պաշտպանության համակարգեր և WJ-100 հետախուզական ԱԹՍ-ներ։
Տաջիկստանի արևմտյան և այլ երկրների սպառազինությունը
Տաջիկստանը 1992-ից ի վեր ԱՄՆ-ից ստացել է հարյուրավոր HMMWV զրահամեքենաներ, տասնյակ բեռնատարներ, Jeep J8 մեքենաներ, ծանր տեխնիկա, կապի և կառավարման սարքավորումներ։ 2022-ի մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ԱՄՆ-ն Տաջիկիստանին փոխանցեց ութ ռազմական բեռնատար։
2024-ի սկզբին Տաջիկստանի խորհրդարանը վավերացրել է ռազմական համագործակցության համաձայնագիր Թուրքիայի հետ, որը ներառում է սպառազինության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գնման հնարավորություն։ 2022-ին երկրները բանակցել են Bayraktar TB2 անօդաչուների գնման շուրջ։
U.S. Embassy in Dushanbe provided eight IVECO trucks, tires, and spare parts for IVECOs to Tajikistan’s Ministry of Defense, valued at $2.3 million, to help Tajikistan secure its borders. pic.twitter.com/sI9MIgyDxU
— U.S. Embassy Dushanbe (@USEmbDushanbe) May 6, 2022
Բուլղարիայից Տաջիկստանը 2013-ին ձեռք է բերել 15 միավոր BM-21 Grad համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ, Բուլղարիան, ինչպես նաև Ավստրիան և Չեխիան, 2009-2023-ին Տաջիկստանին վաճառել են հազարավոր թեթև հրաձգային զենքեր։
Չինաստանից 2017-2019-ին երկիրը ստացել է մոտ երեք տասնյակ՝ Tiger, VP-11 և VN-3 տիպի զրահամեքենա, իսկ 2025-ի փետրվարին՝ չինական HQ-17AE հակաօդային պաշտպանության համակարգ։ 2021-ին Տաջիկստանը պատվիրել է իրանական Ababil տեսակի ԱԹՍ-ներ, որոնք այժմ արտադրվում են երկրում՝ իրանական արտոնագրով։
Բելառուսի «ոչ ՀԱՊԿ» սպառազինությունը
Բելառուսը ավանդաբար օգտագործում է խորհրդային, ռուսական և սեփական ռազմարդյունաբերության սպառազինություն, սակայն ներմուծում է նաև որոշ տեսակներ այլ երկրներից։
Բելառուսական հատուկ ուժերն օգտագործում են ամերիկյան արտադրության Remington և Mossberg հրացաններ։ Բելառուսը Թուրքիայից ներկրել է H&K MP5 ինքնաձիգներ։ Երկրի զինանոցում կան նաև ավստրիական և գերմանա-շվեյցարական արտադրության ատրճանակներ։

Բելառուսը Չինաստանից 2012-ին և 2017-2021-ի ընթացքում ձեռք է բերել EQ2050, CS/VN3 զրահափոխադրիչներ և չինական հեռահար հրթիռներ բելառուսական Polonez համակարգերի համար։
Ռուսաստանի արտաքին ռազմական աջակցությունը
Ուկրաինական պատերազմում իր ռազմական տեխնիկայի զգալի կորուստներից հետո Ռուսաստանն ինքն է ստիպված եղել օգնություն փնտրել ինչպես դաշնակիցներից, այնպես էլ ՀԱՊԿ-ից դուրս երկրներից։
Հյուսիսային Կորեան, որի հետ ՌԴ-ն կնքեց ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր 2024-ին, վերջին երկու տարում տրամադրել է զգալի քանակությամբ հրետանային համակարգեր և զինամթերք։ Ռուսաստանի նորահայտ մյուս դաշնակից Իրանը, որի հետ ռազմավարական համանման պայմանագիր կնքվեց 2025-ի հունվարին, վերջին երկու տարում ՌԴ-ին մատակարարել է համազարկային կրակի համակարգեր, հրետանային արկեր և անօդաչուներ։

Ռուսաստանը մինչև 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժելը, սպառազինություն ձեռք էր բերում անգամ արևմտյան և ՆԱՏՕ երկրներից, այդ թվում՝ Չեխիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից և այլն։
Հայաստանի սպառազինության ձեռքբերումները ՀԱՊԿ-ից դուրս երկրներից
Հայաստանը ևս 1990-ականներից սկսած մինչ օրս ձեռք է բերել տարբեր տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներից: 2020-ին Հնդկաստանից սպառազինության գնման գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լուրջ խզում չկար:
Ավելի վաղ Հայաստանը սպառազինություն և ռազմական տեխնիկա էր ձեռք բերել Չինաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Հորդանանից և այլ երկրներից: Հետևաբար, ՀԱՊԿ-ից դուրս երկրներից գնումները «աննախադեպ» չեն:
Կարդա՛ նաև՝ Ի՞նչ զենքեր են գնել Հայաստանն ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո
Այսպիսով, Ալեն Սիմոնյանի պնդումը, թե ՀԱՊԿ անդամին ՀԱՊԿ-ից դուրս որևէ երկիր նույնիսկ մեկ փամփուշտ չի վաճառում կամ փոխանցում, չի համապատասխանում իրականությանը։ ՀԱՊԿ բոլոր անդամները տարիներ շարունակ ձեռք են բերում սպառազինություն և ռազմական տեխնիկա ինչպես արևմտյան և ՆԱՏՕ-ի անդամ երկներից, այնպես էլ Իսրայելից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։
CivilNetCheck











