Եվրոգոտու փլուզման դեպքում միության առանցքային երկրները՝ Գերմանիայի գլխավորությամբ, կառերեսվեն ազգային արժույթների 10-30% արժևորման, ինչը արտահանման տեմպերի անկման և դեֆլյացիայի պայմաններում կհանգեցնի տնտեսական զգալի կորուստների։ Այսպիսի կանխատեսում է պարունակում բրիտանական Capital Economics խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը:
Եվրոգոտու փլուզման հավանականությունը քննարկվում է արդեն մի քանի տարի։ Capital Economics-ի փորձագետների կարծիքով՝ այն կուղեկցվի արվարձանային երկրների ազգային արժույթների արժեզրկմամբ։ Մյուս կողմից՝ եվրոգոտու ամբողջական փլուզման դեպքում Գերմանիայի ազգային արժույթը կարժևորվի 30%-ով, Ֆրանսիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների արժույթները՝ 10-20%-ով: «Կրճատված» եվրոն (որպես եվրոգոտու առանցքային երկրներում շրջանառվող միասնական արժույթ) կարժևորվի 15%-ով։
Տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եվրոպական երկրները արժութային միությանը անդամակցել են մեկնարկային տարբեր դիրքերից: Եվրոգոտու խնդրահարույց երկրների մեծ մասը անդամակցությունից առաջ էլ է ընթացիկ վճարային հաշվեկշռի դեֆիցիտ ունեցել՝ ի տարբերություն առանցքային երկրների, որոնք պրոֆիցիտ են արձանագրել, ինչն անդամակցությունից հետո միայն ավելացրել են։
Համաձայն Capital Economics-ի փորձագետների՝ առանցքային երկրների տնտեսություններում իրադրությունը ներկայում շատ ավելի բարվոք է, քան ընդհանուր եվրոգոտում։ Գերմանական Berenberg Bank-ի տնտեսագետ Քրիստիան Շուլցի կարծիքով՝ տրամաբանական է, որ եվրոգոտու փլուզման դեպքում արտաքին առևտրի պրոֆիցիտ ունեցող առավել կայուն երկրների արժույթները կամրապնդվեն: Խոսքն առաջին հերթին Գերմանիայի մասին է: Նրա խոսքով, բացի տնտեսականից, առկա է հոգեբանական գործոնը. մարդիկ կձգտեն իրենց ակտիվները փոխակերպել գերմանական արժույթի՝ հավատացած լինելով, որ այդպես ավելի ապահով է։
Ըստ Capital Economics-ի՝ եվրոգոտու փլուզումից երկու տարի անց «արժութային էֆեկտը» առանցքային երկրների ՀՆԱ-ն կարող է կրճատել տարեկան 0,5-0,2-տոկոսային կետով։ Ազգային արժույթի արժևորումը Գերմանիային, օրինակ, ավելի շատ կվնասի, քան օգուտ կապահովի. կարձանագրվի արտահանման տեմպերի անկում ու դեֆլյացիա։
Շատ ավելի լուրջ խնդիրներ կծագեն ֆինանսական համակարգում։ Այդուհանդերձ, արժութային միության փլուզման հետևանքները հնարավոր կլինի մեղմել, երբ երկրները սահմանափակեն կապիտալի հոսքերը և ֆիքսեն փոխարժեքները։
Civilnet











