Մոսկվան շարունակում է պահպանել Ռուսաստանում կղզյակ-պետության իր ոչ պաշտոնական կարգավիճակը: Մայրաքաղաքի կոմերցիոն անշարժ գույքի շուկան երրորդն է եվրոպական քաղաքների շարքում։ Ի տարբերություն Մոսկվայի՝ Ռուսաստանի ռեգիոններում ներդրումները նվազել են 55%-ով: Այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան Cushman & Wakefield ընկերությունը:
Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում ներդրումների առյուծի բաժինը պատկանում է Մոսկվային՝ 83%: Մինչ տարեվերջ մայրաքաղաքում գործարքների ծավալը կգերազանցի $6 մլրդ-ը: Եվ սա այն պայմաններում, երբ ռեգիոններում ներդրումների ծավալը կրճատվել է մեկ ու կես անգամ, Ռուսաստանում ակտիվությունը նվազել 5%-ով: Առևտրային տարածքների սեգմենտում ներդրումների մասնաբաժինը կկազմի 45%, գրասենյակային ոլորտում՝ 30%, և 15% ու 7%, համապատասխանաբար, հյուրանոցային և պահեստների սեգմենտներում:
Միջազգային Real Capital Analytics ընկերության տվյալների համաձայն՝ Մոսկվան Եվրոպայի ներդրումային խոշոր շուկաների շարքում երրորդն է Լոնդոնից և Փարիզից հետո: Ռուսաստանի մայրաքաղաքը գրավիչ է հատկապես միջազգային խոշոր ներդրողների համար: Մոսկվան եղել և մնում է Ռուսաստանի գրասենյակային և պահեստային սեգմենտների ներդրումային միակ շուկան՝ ի տարբերություն առևտրային և հյուրանոցային սեգմենտների, որտեղ զգալի է ռեգիոնների մայրաքաղաքների մրցակցությունը, հատկապես Սանկտ Պետերբուրգի, որը Ռուսաստանի երկրորդ ամենախոշոր ներդրումային շուկան է:
2012թ. Եվրոպայի խոշորագույն շուկաների ցանկում Սանկտ Պետերբուրգը 14-րդ տեղն է զբաղեցրել, ինչի համար «պարտական է» «Գալերեյա» առևտրի տանը։ Ներդրողների կողմից մեծ հետաքրքրության պայմաններում անգամ քաղաքում ներդրումային օբյեկտների պակաս է զգացվում: Հետևապես մոտ ապագայում ներդրումների ծավալը կպահպանվի չափավոր՝ տարեկան մոտ 800 մլն-ի մակարդակում:
2012թ. Ռուսաստանի ռեգիոնների անշարժ գույքի շուկաներում ներդրումների ծավալը կկազմի $75 մլն, որը 2009թ. ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է. այն 55%-ով զիջում է 2011-ի և 75%-ով 2010-ի ցուցանիշը։
Civilnet











