Գլխավոր Լրահոս

ՕՊԵԿ-ը հավատարիմ մնաց քվոտաներին

ՕՊԵԿ-ը հավատարիմ մնաց քվոտաներին

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, անփոփոխ է թողել նավթի գլոբալ պահանջարկի աճի կանխատեսումը: Երեկ Վիեննայում կարտելի հերթական հանդիպմանը անդամ երկրները համաձայնության են եկել 2013թ. նավթի արդյունահանման քվոտաներն ընթացիկ՝ 30 մլն բարել/օր մակարդակում պահպանելու շուրջ։

Ընթացիկ տարում ՕՊԵԿ-ի անդամ երկրները պարբերաբար ավելացրել են արդյունահանման քվոտաները՝ ձգտելով հումքի ավելցուկով փոխհատուցել աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը, մասնավորապես՝ Իրանի նավթային էմբարգոն և հակամարտությունը Սիրիայում: 2013թ. կարտելի այս քաղաքականությունը կարող է հանգեցնել նավթի գների անկման, քանի որ հենց ՕՊԵԿ-ի կանխատեսման համաձայն՝ հաջորդ տարի նավթի գլոբալ պահանջարկն ընթացիկ քվոտայից ցածր է լինելու:

Պահանջարկի անկումը պայմանավորված է երկու գործոնով: Առաջին՝ նավթի պահանջարկը ամբողջ աշխարհում կաճի զուսպ տեմպերով՝ պայմանավորված գլոբալ տնտեսության բարդ իրադրությամբ: ՕՊԵԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2013թ. նավթի գլոբալ պահանջարկը կավելանա 0,8 մլն բարել/օր-ով: Երկրորդ՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներում նավթի արդյունահանումը կավելանա 0,9 մլն/բարել-ով, որը գազի կոնդենսատի արտադրության աճի, ինչպես նաև նավթի ոչ ավանդական աղբյուրների ավելացման պայմաններում կհանգեցնեի կարտելի անդամ երկրներում նավթի պահանջարկի կրճատմանը 0,4 մլն բարել/օր-ով՝ մինչև 29,7 մլն բարել/օր:

ՕՊԵԿ-ի անդամ երկրները չեն դժգոհում նավթի ներկայիս 110 $/բարել միջին գնից։ «Կարտելի անդամ երկրներից շատերը բյուջեները պլանավորել են նավթի 100 $/բարել գնով, հետևապես նավթի ներկայիս գինը մեզ համար գոհացնող է»,– ասել է Իրաքի նավթի նախարար Աբդել Քարիմ Լուայբին:

«Ներկայում նավթի շուկան, ընդհանուր առմամբ, բալանսավորված է»,– նշել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Կասեմին՝ հավելելով, որ Թեհրանը կարտելի անդամ մյուս երկրներից պահանջելու է հետևել սահմանված քվոտաներին:

Մինչ այժմ նավթի շուկայում պրոֆիցիտը փոխհատուցվել է հիմնական ներկրող երկրների կողմից պաշարների ավելացմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոնների հաշվին: Արդյունքում 2012թ. ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները 15%-ով գերազանցել են 2007-2011 թթ. ցուցանիշները:

Սաուդյան Արաբիան, որն ավանդաբար կարգավորիչ դեր է ունեցել մերձավորարևելյան նավթի մատակարարման հարցում, ձգտում է կանխել շուկայի գերհագեցումը՝ նոյեմբերին կտրուկ կրճատելով նավթի արդյունահանումը: Արդյունքում ՕՊԵԿ-ի անդամ երկրներում նավթի արդյունահանման մակարդակը նվազել է մինչև 11 ամիսների նվազագույն՝ 30,78 մլն բարել/օր մակարդակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում