2011թ. ռուս զբոսաշրջիկները Եվրոպայում €2,4 մլրդ-ի գնումներ են կատարել, որը համադրելի է ռուսական մանրածախ շուկայի գրեթե կեսին. այն Brain խորհրդատվական ընկերությունը €5 մլրդ է գնահատել: Այսպիսի տվյալներ է հրապարակել շվեյցարական Global Blue ընկերությունը:
Անցած տարի ռուսները Եվրոպայում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման են ներկայացրել €1,1 մլրդ-ի գնումներ, որը 1/3-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Global Blue-ն չի հրապարակել փոխհատուցված գումարների ծավալը։ Ռուսաստանի բնակիչներն արտերկրյա գնումների ծավալով առաջ են անցել ճապոնացիներից, թեև զիջում են չինացիներին, որոնք փոխհատուցման են ներկայացրել Եվրոպայում կատարված €2,1 մլրդ-ի գնումներ: Չինացիների եվրոպական ծախսերը մեկ տարում աճել են 68%-ով: Ըստ Global Blue-ի՝ ոչ բոլոր ռուսներն են հայտարարագրում իրենց եվրոպական գնումները: Այդպես վարվում է նրանց 46%-ը:
Ուշագրավ է, որ Brain-ը իր վերջին հետազոտության մեջ նշել է, որ աստիճանաբար աճում է արտերկրում գնումներին նախապատվություն տվող ռուսաստանցիների թիվը։ Ընկերության փորձագետները, չհրապարակելով կոնկրետ ցուցանիշներ, նշում են, որ զգալի աճ են արձանագրում ռուսաստանցիների ծախսերը հատկապես Իտալիայում, Ֆրանսիայում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Ըստ Brain-ի՝ թանկարժեք իրերի եվրոպական շուկան հենց զբոսաշրջիկների գնումների շնորհիվ է կարողացել խուսափել լճացումից։
Ֆիննական Stockmann խանութների ցանցի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիները 2012թ. սկզբին ռեկորդային ծավալի գնումներ են կատարել: Ըստ Financial Times-ի՝ ընթացիկ տարում բրիտանական Selfridges հանրախանութներում վաճառքները կտրուկ աճել են զբոսաշրջիկների հաշվին, ընդ որում՝ ամենամեծ պահանջարկը վայելել են կոշկեղենը, թանկարժեք զարդերը, ժամացույցները, տղամարդկանց և կանացի աքսեսուարները։

Civilnet










