Ամերիկյան Morgan Stanley բանկը կազմել է 2013թ. հնարավոր «մակրոանակնկալների» ամենամյա ցանկը, որը ներկայացնում է արդեն 30 տարի։ Ցանկում ընդգրկվում են այնպիսի իրադարձություններ, որոնց հավանականությունը միջին ներդրողը գնահատում է առնվազն 1/3 հարաբերակցությամբ։ Ըստ Morgan Stanley-ի՝ այս իրադարձությունների իրականություն դառնալու հավանականությունը 50% է։
Morgan Stanley-ի հիմնական սցենարի համաձայն՝ գլոբալ տնտեսության աճը կշարունակի մնալ «մռայլ գոտում»՝ կայուն աճի և կրկնակի ռեցեսիայի միջև։ Հաջորդ տարվա առաջին կեսին շուկաները նյարդային վիճակում կլինեն՝ գլոբալ կարգավորիչների վարքագծի անորոշության հետևանքով, ինչը, իր հերթին, ներդրողներին կհարկադրի ավելի շատ վստահել մռայլ կանխատեսումներին։ Ըստ Morgan Stanley-ի՝ ճիշտ լուծումների դեպքում տարվա արդեն երկրորդ կեսին գլոբալ տնտեսությունում իրադրությունը կբարելավվի։
Դեռ մի քանի տարի առաջ մակրոանակնկալների ցանկում ընդամենը 10 հորիզոնական էր։ Այժմ դրանց թիվը շատ ավելի մեծ է. աշխարհին կարող են զարմացնել ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրները։
Համաշխարհային գնաճը հարություն կառնի
Բոլորը վստահ են, որ գնաճը գլոբալ տնտեսության համար որպես խնդիր վերացել է: Սակայն ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունների արագ վերականգնումը, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առաջարկի շարունակական ցնցումները, ինչպես նաև կենտրոնական բանկերի բալանսներում ակտիվների զգալի աճը կարող է գնաճի պատճառ դառնալ: Հացահատիկի գների բարձրացումը կհանգեցնի «հացային ապստամբությունների», և իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ կտան անցնել տարեկանից պատրաստվող հացի։
Պետպարտքը չեղյալ է հայտարարվում
ԱՄՆ-ը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան կհայտարարեն, որ «քանակական մեղմացման» քաղաքականության արդյունքում կարգավորիչների տրամադրության տակ հայտնված պետպարտատոմսերը զրոյացվում են։ Արդյունքում ԱՄՆ-ի պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 11 տոկոսային կետով, Ճապոնիայինը՝ 18 տոկոսային կետով, Մեծ Բրիտանիայինը՝ 25 տոկոսային կետով: Վարկանշային գործակալությունները, ինչպես նաև շուկաները այս ամենը խանդավառությամբ կընդունեն, քանի դեռ ներդրողները չեն գիտակցի, որ պետպարտքի զանգվածային մոնետիզացիա է տեղի ունեցել, ինչին կհաջորդի շուկայում արժեթղթերի զանգվածային վաճառքը։
ԱՄՆ-ը հայտնվում է «հարկաբյուջետային ճեղքվածքում»
Ամերիկացի քաղաքական գործիչները չեն հասցնում փոխհամաձայնության գալ բյուջեի պակասուրդի կրճատման շուրջ, և 2013-ը ԱՄՆ-ում մեկնարկում է «բյուջետային ճեղքվածքով»: Շուկաների արձագանքը դեմոկրատներին և հանրապետականներին հարկադրում է շատ արագ փոխհամաձայնության գալ:
ԵԿԲ-ն և Ճապոնիայի բանկը փոխվում են տեղերով
Ճապոնիայի բանկը ագրեսիվ պայքար է սկսում յենի բարձր փոխարժեքի դեմ: Այս ռազմավարության մի մաս է դառնում եվրոգոտու անդամ երկրների պարտատոմսերի ձեռքբերումը՝ յենի փոխարժեքը նվազեցնելու նպատակով, ընդ որում՝ այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպական կենտրոնական բանկը չի սկսում խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնման ծրագիրը։
Իտալիան նոր ճգնաժամ է հրահրում
Իտալիայում արտահերթ ընտրությունների քարոզարշավը ընթանում է բյուջետային խիստ խնայողությունների կարգախոսով: Ներդրողները և շուկան տագնապի մեջ են, ինչը Հռոմին հարկադրում է ֆինանսական աջակցության նպատակով դիմել եվրոպական հակաճգնաժամային հիմնադրամների: Արդյունքում, Իտալիայում և ոչ թե Իսպանիայում է մեկնարկում պարտատոմսերի հետգնման ծրագիրը։ Սակայն շատ ուշ է, ներդրողները արդեն վստահ են, որ եվրոգոտու գոյությունը կախված է ոչ թե դրամավարկային, այլ քաղաքական գործոններից։
Ներդրողները վախենում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելուց
2013-ի սկզբին անցկացվող հարցումները վկայում են, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալը ավելի հավանական է, քան Հունաստանի: Լոնդոնի անշարժ գույքի շուկան վնասներ է կրում, և ֆինանսական կառույցները իրենց կենտրոնները տեղափոխում են Փարիզ ու Ֆրանկֆուրտ։
Զարգացող երկրները հրաժարվում են բարեփոխումներից
Զարգացող երկրներում տնտեսությունն աճում է, սակայն ոչ ճիշտ ճանապարհով: Կառուցվածքային բարեփոխումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ զարգացող երկրների արագ աճը փոխարինվում է շատ ավելի արագ անկմամբ:
Չինաստանը դիմում է շոկային թերապիայի
Չինաստանի կառավարությունը բոլորի համար անսպասելի կերպով տնտեսության վերականգնման վաղ փուլում շոկային թերապիայի է անցնում։ Կտրուկ խստացվում են երկրում ֆինանսական պայմանները, և փաստացի սառեցվում է բանկային իրացվելիությունը: Ավելին՝ վարկավորումը կտրուկ սահմանափակվում է, սկսվում է դեֆոլտների մի ամբողջ շարք։ Վերականգնումը կանգ է առնում։
Ասիան՝ բարեփոխումների համաշխարհային առաջատար
Ասիայում քաղաքական գործիչները ակտիվ բարեփոխումներ են իրականացնում, ինչը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության կտրուկ աճի, որի տեմպերը զգալիորեն դանդաղել են ճգնաժամից հետո: Բացի այդ՝ շոշափելի կերպով աճում են ընկերությունների շահույթները։
Նավթային սոցիալիզմ՝ Մեքսիկայում
Մեքսիկայի նախագահը բոլորին զարմացնում է նավթագազային ոլորտում կարգավորումների սահմանադրական բարեփոխումների առաջարկով: Նա ընդլայնում է էներգետիկ ոլորտում պետական վերահսկողությունը՝ այն պայմանավորելով նավթային եկամուտների հաշվին սոցիալական ծախսերի ավելացման անհրաժեշտությամբ։
Բրազիլիան վերակառուցում է ենթակառուցվածքները
Բրազիլիայի նախագահը իրագործում է նախընտրական իր խոստումները և երկրում մեկնարկում է ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը: Աշխարհի վեցերորդ տնտեսությունն աստիճանաբար բարելավում է իր դիրքերը այս ոլորտում, ինչը հանգեցնում է երկրում ներդրումների աճին և ռիալի ամրապնդմանը:
Վերադարձ դեպի ԽՍՀՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային ներքաշում է Եվրասիական Միություն՝ էներգակիրների արտոնյալ մատակարարումների դիմաց: Ուկրաինայի համար ԵՄ դռները պարզվում է՝ փակ են, քանի որ միաժամանակ երկու կառույցի հնարավոր չէ անդամակցել։ Փոխարենը միասին են հետխորհրդային տարածքի առաջնորդները՝ Ռուաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ Առևտրային և ներդրումային պատնեշների հաղթահարումը հանգեցնում է տարածաշրջանի տնտեսական թռիչքի, ինչին Ռուսաստանն աջակցում է ներդրումների ակտիվ ներգրավմամբ:
Civilnet











