Մեքսիկացի մեդիամագնատ, միլիարդատեր Կառլոս Սլիմը, որը գլխավորում աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի վարկանիշը, Եվրոպայի հեռահաղորդակցային ակտիվներում կատարած ներդրումներից €1,8 մլրդ-ի վնաս է կրել: Ամռանը ձեռքբերված ակտիվները արժեզրկվել են 42-46%-ով։
Ընթացիկ տարվա ամռանը Սլիմի կողմից վերահսկվող America Movil ընկերությունը, որը Լատինական Ամերիկայում կապի խոշորագույն օպերատորն է, հոլանդական KPN-ում և ավստրիական Telekom Austria-ում €3,95 մլրդ-ի բաժնեմաս է ձեռք բերել։ Փորձագետների գնահատմամբ՝ Սլիմի համար այդ գործարքները շահավետ էին, քանի որ պարտքային ճգնաժամի պայմաններում եվրոպական այս ակտիվների գինը բավական ցածր էր։
Սակայն գործարքից հետո ակտիվները կտրուկ արժեզրկվել են: Այսպես՝ Telekom Austria-ի բաժնետոմսերը էժանացել են 42%-ով, KPN-ի՝ 46%-ով: Այս ամենի հետևանքով մեդիամագնատի վնասները կազմել են €1,8 մլրդ: KPN-ը արդեն հայտարարել է, որ 2012թ. համար շահաբաժիններ չի վճարի, 2013-ին դրանք չնչին գումար կկազմեն։
Ուշագրավ է, որ եվրոպական ընկերությունները չեն ողջունել America Movil-ի ներդրումները, չնայած դրանք հանգեցրել են բաժնետոմսերի կարճաժամկետ արժևորման։ KPN-ի ղեկավարությունը նույնիսկ պայքարում էր Սլիմի կողմից ավելի մեծ թվով բաժնետոմսերի ձեռքբերման դեմ։
Փորձագետների կարծիքով՝ Սլիմը վնասները կկարողանա վերականգնել, եթե սպասի բաժնետոմսերի արժևորմանը, ինչի համար միգուցե մի քանի տարի պահանջվի՝ հաշվի առնելով եվրոգոտու պարտքային ճգնաժամը։
Civilnet











