Գլխավոր Լրահոս

Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ-ին մեղադրել է արժութային պատերազմ հրահրելու մեջ

Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ-ին մեղադրել է արժութային պատերազմ հրահրելու մեջ

Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է յենի փոխարժեքը մինչև 90 յեն/$1 նվազեցնելու անհրաժեշտության մասին՝ ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք երկրներին մեղադրելով գործողությունների մեջ, որոնք հանգեցնում են դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների արժևորմանը։

Այսպիսով՝ Ճապոնիայի վարչապետը Անգլիայի բանկի նախագահ Մերվին Քինգից հետո Մեծ յոթնյակի երկրների երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որը հայտարարում է «արժութային պատերազմների» սպառնալիքի մասին։

Աբեն Ճապոնիայի բանկին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ից և Եվրոպայից եկող միտումներին ու յենի փոխարժեքը նվազեցնել մինչև 90 յեն/$1, ինչը կաջակցի ճապոնացի արտահանողներին։ «Եթե այսպես շարունակվի, յենը անխուսափելիորեն կամրապնդվի: Կենսական կարևորության հարց է դրան դիմակայելը»,– ասել է Աբեն:

Ավելի վաղ Մերվին Քինգը հայտարարել էր, որ 2013-ը բարդ տարի է լինելու, քանի որ մի շարք երկրներ ձգտելու են նվազեցնել ազգային արժույթների փոխարժեքները։ Աբեի և Քինգի հայտարարությունները վկայում են «արժութային պատերազմների» մասշտաբների ընդլայնման մասին։ Տևական ժամանակ քննադատությունների թիրախում Չինաստանն էր, որը բավական ակտիվ վերահսկում է յուանի փոխարժեքը՝ արտահանումը խթանելու նպատակով։

Ֆինանսական ճգնաժամի հետևանքով մի շարք երկրներ, այդ թվում Շվեյցարիան, Իսրայելը և Հարավային Կորեան, որոշակի ջանքեր են գործադրում ազգային արժույթների արժևորումը կանխելու նպատակով։

ԱՄՀ տվյալներով՝ 2012թ. աշխարհի կենտրոնական բանկերի արտարժութային պահուստները ավելացել են մինչև $10,5 տրլն՝ 2007թ. $6,7 տրլն-ի դիմաց: Հինգ տարում 57% աճը վկայում է կենտրոնական բանկերի՝ ազգային արժույթների ամրապնդումը կանխելուն ուղղված քաղաքականության մասին: Պահուստներն ընդլայնել է հատկապես Շվեյցարիան։

Ճապոնական ընկերությունների պարագայում իրադրությունը կտրուկ կփոխվի, եթե յենի փոխարժեքը ներկայիս 80 յեն/$1-ից հասնի 90 յեն/$1-ի։ 85 յեն/$1 փոխարժեքի պայմաններում մինչև այժմ հարկերը չվճարած ընկերությունները կկարողանան կատարել հարկային պարտավորությունները, քանի որ շահույթներ կունենան։

Աբեն Ճապոնիայի բանկին կոչ է արել ավելի ագրեսիվ քայլերի դիմել, այդ թվում՝ անսահմանափակ մեղմացման քաղաքականության, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել դեֆլյացիան։ Վերջինս, իր հերթին, հնարավորություն կտա յենի փոխարժեքը պահել անհրաժեշտ մակարդակում։

Ներկայում Ճապոնիայի բանկը անցել է դրամավարկային քաղաքականության քանակական մեղմացման, ինչը կթուլացնի յենը։ Աբեն և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մյուս առաջնորդները մեղմացման առավել զուսպ տարբերակի կողմնակիցներ են: «Յենի անընդհատ արժեզրկումը լավագույն լուծումը չէ՝ հաշվի առնելով Ճապոնիայի արդյունաբերության առանձնահատկությունները»,– ասել է վարչապետը: Աբեի խոսքով՝ երկրի Կենտրոնական բանկը գնաճի թիրախային ցուցանիշ պետք է սահմանի 2%-ը։ Նա սպառնացել է փոխել բանկի կարգավիճակի մասին օրենքը, եթե վերջինս չհամաձայնի ընդունել այս պահանջը:

Փորձագետների կարծիքով՝ արժույթների ամրապնդմանը հակընդդեմ միջոցառումների չարաշահումը կարող է ապակայունացնող գործոն դառնալ. ազգային արժույթների չափից ավելի արժեզրկումը առևտրային պատերազմներ կհրահրի երկրների միջև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում