
Առաջիկա 3-4 տարում համաշխարհային բանկային համակարգում տեխնիկական հեղափոխություն տեղի կունենա, որի արդյունքում կստեղծվեն Google Bank-ը և Apple Bank-ը: Այսպիսի եզրակացություն է պարունակում Deutsche Bank-ի ուսումնասիրությունը:
Բանկի փորձագետների կարծիքով՝ ֆինանսական ավանդական կառույցների ՝ նոր տեխնոլոգիաներում ներդրումներ չկատարելու դեպքում Google Bank-ը և Apple Bank-ը նրանց լուրջ մրցակցություն կստեղծեն՝ գրավելով շուկայի մեծ մասը: Ըստ Deutsche Bank-ի՝ ավանդական բանկերը նոր տեխնոլոգիաների, ինչպես օրինակ ինտերնետային կամ բջջային հեռախոսով վճարումների համակարգի զարգացմանը բավարար ուշադրություն չեն հատկացնում:
Գերմանական բանկում նշում են, որ վերջին մի քանի տարում համաշխարհային բանկային համակարգի նկատմամբ վստահությունը նվազել է: Այսպես՝ Գերմանիայում ներկայում վստահում է քաղաքացիների առնվազն 60%-ը, ԱՄՆ-ում՝ 45%-ը: Միաժամանակ՝ Google-ը, Apple-ը և Paypal-ը սեփական ինտերենտային և բջջային վճարման համակարգերն են ստեղծում:
Տեխնոլոգիական ընկերությունների, մասնավորապես՝ Google-ի և Apple-ի եկամուտների ապահովման հարցում մեծ է սմարթֆոնների և պլանշետների վաճառքների մասնաբաժինը: Այսպես՝ այս տարի Գերմանիայում վաճառվել է 15,9 մլն սմարթֆոն 2011թ.՝ 11,8 մլն-ի համեմատ: Ընթացիկ տարում վաճառված պլանշետների թիվը կազմել է 3,2 մլն՝ անցած տարվա 2,1 մլն-ի համեմատ: Բացի այդ՝ աճում է անկանխիկ գործարքների թիվը: Այսպես՝ 2001-2010թթ. նման գործարքների ծավալը $160 մլրդ-ից աճել է մինչև $280 մլրդ:
Ըստ Deutsche Bank-ի՝ ավանդական բանկերը առաջին հերթին կկորցնեն վճարումների շուկան, որը թեև ֆինանսական կառույցների եկամուտի հիմնական աղբյուրը չէ, սակայն կայուն մուտքերի աղբյուր է դարձել: Ներկայում անկանխիկ գործարքների շուկայում ոչ բանկային կառույցների մասնաբաժինը կազմում է 6%, սակայն 2013թ., ըստ Deutsche Bank-ի, այս ցուցանիշը կաճի մինչև 8%: Ընդ որում՝ եվրոպական մի շարք երկրներում արդեն 2011թ. գնումների ավելի քան 60%-ը կատարվել է ինտերնետի միջոցով, ինչը, իր հերթին, նպաստում է ինտերնետ բանկինգի զարգացմանը:
Civilnet










