Շվեյցարիայի հնագույն մասնավոր բանկը` Wegelin&Co-ն, կփակվի, քանի որ ամերիկացի մի շարք հաճախորդներ այն օգտագործել են հարկերից խուսափելու նպատակով, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանկն ԱՄՆ-ի կառավարությանը կվճարի $57,8 մլն տուգանք` ամերիկացի իր հաճախորդներին հարկերից խուսափելու գործում աջակցելու համար:
Wegelin&Co-ի ներկայացուցիչները Նյու Յորքի դատարանում խոստովանել են, որ իրենց հայտնի է եղել ԱՄՆ-ի` հարկերից խուսափող քաղաքացիների գաղտնի հաշիվների մասին:
ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցները ի պատասխան հայտարարել են, որ հարկեր չվճարողներին և նրանց աջակցողներին հայտնաբերելն իրենց գերատեսչության առաջնահերթ խնդիրն է:
Հիշեցնենք, որ Wegelin&Co-ին մեղադրանք է առաջադրվել անցած տարվա փետրվարին: Հետաքննության տվյալների համաձայն` բանկի աշխատակիցներից երեքը 2002-2011 թթ. ընթացքում հաճախորդներին առաջարկել են գաղտնի հաշիվներ բացել: Մասնավորապես` 2008-2009 թթ. կասկածյալները մի քանի հաշիվներ են բացել շվեյցարական UBS բանկի նախկին հաճախորդների համար:
Wegelin&Co-ն հիմնվել է 1741թ. և համարվում է Շվեյցարիայի հնագույն բանկը: Այն ամբողջ աշխարհում տրամադրում է բանկային ծառայությունների լայն սպեկտր: ԱՄՆ-ում մասնաճյուղ չունի, գործում է թղթակից բանկի միջոցով:
Civilnet











