Առաջիկա 10 տարում գլոբալ գլխավոր ռիսկը եկամուտների անհավասարությունը կլինի: Այսպիսի եզրակացություն է պարունակում Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) «Գլոբալ ռիսկեր-2013» զեկույցը:
Ըստ WEF-ի փորձագետների՝ առաջիկա տասնամյակում գլոբալ ռիսկերի հնգյակը, որոնց կառերեսվի աշխարհը, ֆինանսական խրոնիկ դիսբալանսները, ջերմոցային գազերի արտանետումների ծավալների մեծացումը, ջրամատակարարման ճգնաժամը և կենսաթոշակների հատկացումների թերացումներն են:
Ընդհանուր առմամբ 5 տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, շրջակա միջավայր, աշխարհաքաղաքականություն, սոցիալական և տեխնոլագիական ոլորտ, ուսումնասիրվել է 50 գլոբալ ռիսկ:
Զեկույցի համաձայն՝ առաջիկա 10 տարում խնդիրների հիմնական աղբյուր կլինեն ռիսկերի 3 խումբ: Դրանցից առաջինը մարդու առողջության և առողջապահության ոլորտի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքն է:
Ռիսկերի երկրորդ խումբը տնտեսական և էկոլոգիական ոլորտին է առնչվում:
«Թվային հրդեհները» կազմում են ռիսկերի երրորդ խումբը: Փորձագետները այսպես են անվանել պոտենցիալ վտանգը, որի պատճառը կարող է սադրիչ կամ ստահոդ տեղեկատվության տարածումը լինել:
Զեկույցը հրապարակվում է ութերորդ տարին շարունակ: Այն հունվարի 22-27-ը Դավոսում կայանալիք ֆորումում մի շարք քննարկումների հիմքը կդառնա:
Civilnet











