2014թ. ԱՄՆ նավթի ներկրման ծավալները կհասնեն վերջին 25 տարում նվազագույն մակարդակին, քանի որ պահանջարկի աճին զուգընթաց ավելանում են արդյունահանման ծավալները: Ինչպես հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, նման կանխատեսում է արել ԱՄՆ կառավարությունը:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրական-վերլուծական վարչության (EIA, Energy Information Administration) փորձագետների կանխատեսմամբ՝ հեղուկ վառելիքի, ներառյալ հում նավթի և բենզինի զուտ ներկրումը 2014թ. կնվազի մինչև օրական 6 մլն բարելի, ինչն ամենացածր ցուցանիշն է 1987-ից ի վեր:
American Petroleum Institute-ի ղեկավար Ջեք Ջերարդն ասել է, որ ԱՄՆ-ը գտնվում է «երկրի պատմության շրջադարձային փուլում» և կարող է էներգակիրների առանցքը շրջել դեպի Արևմուտք և այն սեփական վերահսկողության տակ առնել:
Նավթի ներկրումից ԱՄՆ կախվածության նվազումը կարող է բարենպաստ լինել՝ ավելացնելով երկրի տնտեսության ճկունությունը հումքի գնային ցնցումների և նավթարդյունաբերության ոլորտում աշխատատեղերի ստեղծման առումով:
EIA-ի փորձագետների գնահատմամբ՝ 2012թ. նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է օրական 6,4 մլն բարել, ինչը 0,8 մլն բարելով ավելի է 2011թ. ցուցանիշից: Ակնկալվում է, որ արդյունահանման ծավալները շարունակելու են աճել: 2013թ. ակնկալվում է աճ 14%-ի մակարդակում՝ օրական մինչև 7,3 մլն բարել, իսկ 2014թ.՝ 7,9 մլն բարել: Այս ցուցանիշը կլինի ամենաբարձրը 1988-ից ի վեր:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում հեղուկ վառելիքի սպառումը անկում է ապրել. 2005թ. այդ ցուցանիշը կազմել է օրական 20,8 մլն բարել, իսկ 2012թ.՝ ընդամենը 18,6 մլն բարել: EIA-ը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարում սպառման ծավալները դանդաղ կաճեն՝ հասնելով մինչև օրական 18,8 մլն բարելի, ինչը պայմանավորված է նավթազտարանների և հեղուկացված գազի սպառման աճով:
Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճը մինչև տասնամյակի վերջ կարող է գերազանցել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ցուցանիշները, և ԱՄՆ-ը դառնա աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող երկիրը:
EIA-ի մասնագետների համոզմամբ՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը չդառնա աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող պետությունը կամ նրան չհաջողվի ներկրումը հասցնել զրոյական մակարդակի, այդուհանդերձ, նրա կախվածությունը ներկրումից զգալիորեն կնվազի:
«Երկրի տնտեսության համար բարենպաստ է ունենալ աճի նման խթան և, անշուշտ, լավ է, որ անցել են այն ժամանակները, երբ մենք ունեինք նավթի պահանջարկի մշտական աճ»,- ասել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Մայքլ Լևին:
Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը կատարելապես կարողանա բավարարել նավթի սեփական պահանջարկը, այն չի կարողանա անտեսել համաշխարհային տնտեսությանը սպառնացող պոտենցիալ վտանգները, հետևաբար, նախկինի պես շահագրգռված կլինի Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման պահպանմամբ:
Օբամայի վարչակարգի քննադատ Ջեք Ջերարդը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել «չվնասել» արդյունաբերությանը և խուսափել ոլորտի գերվերահսկողությունից:
«Չափից ավելի շատ մի՛ ջանացեք ձեր պատասխան գործողություններում և մի՛ խոչընդոտեք այն գործընթացները, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում»,- ասել է նա:
Civilnet











