Կատարը ֆինանսական փրկօղակ է նետել Եգիպտոսին՝ հատկացնելով հավելյալ $2,5 մլրդ՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացման համար։ Այդպիսով՝ Դոհան կրկնակի՝ մինչև $5 մլրդ, ավելացրել է խոստացված օգնությունը, որի մի մասը՝ $500 մլն-ի չափով, ավելի վաղ արդեն հատկացվել է, հաղորդում է Euronews-ը։
Ներկայում Եգիպտոսը վերապրում է տնտեսական ամենասուր ճգնաժամը, իսկ եգիպտական ֆունտն անկում է ապրել մինչև հերթական կրիտիկական մակարդակ՝ համեմատ ամերիկյան դոլարի։
Եգիպտոսը ձգտում է ցանկացած ճանապարհով հաղթահարել իրադրությունը, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությամբ։ ԱՄՀ-ի հետ բանակցությունների արդյունք պետք է դառնա $4,8 մլրդ-ի չափով վարկի ստացումը։
Քաղաքական անկայուն իրադրությունը հանգեցրել է բյուջետային հսկայական դեֆիցիտի, ոսկեարժութային պահուստը ավելի քան երկու անգամ գերազանցող ծախսերի, բնակչության աղքատացման և զբոսաշրջային ոլորտի անկման, որը բյուջետային մուտքերի գլխավոր բաղկացուցիչն էր։ Միայն 2012թ․ դեկտեմբերի ընթացքում բուրգերի երկիրն այցելել ցանկացողների թիվը նվազել է 40%-ով։ Եգիպտոսի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ վստահությունը վերադարձնելու համար՝ վստահեցնելով, որ երկրի նոր Սահմանադրության հիմքում ընկած շարիաթի օրենքները որևէ կերպ չեն ազդի հանգստացողների վրա։
Civilnet











