Եվրախորհրդարանը վարկանշային գործակալությունների՝ Եվրամիության տարածքում գործունեության խստացման մասին որոշում է ընդունել: Այս տարվա գարնանից սկսած՝ ներդրողները, որոնք գործակալությունների սխալների հետևանքով վնասներ են կրել, կարող են փոխհատուցումներ պահանջել, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ը:
Ներդրողները կարող են դատական հայցեր ներկայացնել նաև միջազգային վարկանշային «եռյակի»՝ Moody's-ի, Fitch-ի և Standard & Poor's-ի դեմ:
Ներդրողները դատարան կարող են դիմել, եթե վարկանշային գործակալությունները կանխամտածված կամ անփութորեն սխալ են վարկանշել պետությանը կամ ընկերությանը:
Որոշման համաձայն՝ գործակալությունները կկարողանան երկրները վարկանշել միայն որոշակի ժամանակացույցով՝ տարեկան երեք անգամ, նախապես սահմանված ժամկետում, երբ փակ կլինեն եվրոպական բորսաները: Գործակալությունները վարկանիշների հրապարակումից առաջ պետք է այդ մասին զգուշացնեն այս երկրների կառավարություններին:
Ավելի վաղ նախատեսվում էր գործակալությունենրի գործունեության առավել մեծ խստացում: Ներքին առևտրի հարցերով եվրահանձնակատար Միշել Բառնյեն առաջարկել էր արգելել միջազգային ֆինանսական աջակցություն ստացող երկրների՝ մասնավորապես Պորտուգալիայի և Հունաստանի վարկանշումը:
Բառնյեի կարծիքով՝ ընդունված որոշումը, այնուհանդերձ կարևոր ձեռքբերում է: «Այս որոշումը ֆինանսական շուկաների նկատմամբ վերահսկողության բարելավմանն ուղղված քայլ է », -ասել է եվրահանձնակատարը:
Civilnet











