Աշխարհի տարբեր երկրներում հարկադրույքները պարբերաբար փոխվում են: Պետությունները, մի կողմից, ձգտում են բարձրացնել անուղղակի հարկերը՝ բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով, մյուս կողմից՝ փորձում նվազեցնել եկամտահարկը՝ ներդրողներին գրավելու համար։ Այսպիսի եզրակացություն է պարունակում բրիտանական KPMG խորհրդատվական ընկերության՝ Corporate and Indirect Tax Rate Survey ամենամյա զեկույցը։
Ուսումնասիրության համաձայն՝ 2012թ. աշխարհում անուղղակի հարկերի դրույքաչափերը միջինը ավելացել են 0,17%-ով՝ կազմելով 15,5%, գրեթե անփոփոխ շահութահարկի պայմաններում: Ըստ KPMG-ի՝ անցյալ տարվա ամենանշանակալից իրադարձությունը Շանհայում ավելացված արժեքի հարկի պիլոտային ծրագրի մեկնարկն էր և այն Չինաստանի ևս տասը նահանգում կիրառելը։
KPMG-ի փորձագետների կարծիքով՝ 2013թ. աշխարհում անուղղակի հարկերի դրույքաչափերը կշարունակեն բարձրանալ, քանի որ կավելանա վերականգնվող տնտեսությունների թիվը: Զեկույցի համաձայն՝ 2013թ. մի շարք երկրներում ևս, այդ թվում՝ Ֆինլանդիայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Կիպրոսում ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի աճ կարձանագրվի։
Այս պայմաններում անցյալ տարի գրեթե անփոփոխ են մնացել շահութահարկի դրույքաչափերը։ Շահութահարկն ամենաբարձրն է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 55%, ինչպես նաև ԱՄՆ-ում՝ 40%, և Ճապոնիայում՝ 38,01%: Ամենացածր դրույքաչափերը արձանագրվել են Մոնտենեգրոյում՝ 9%, ինչպես նաև Սերբիայում, Կիպրոսում, Պարագվայում և Կատարում՝ 10%։
Անուղղակի հարկերն անցյալ տարի ամենաբարձր են եղել Հունգարիայում՝ 27%, ապա Իսլանդիայում՝ 25,5%, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում և Խորվաթիայում՝ 25%։

Civilnet










