Գլխավոր Լրահոս

Ջնջելով խորհրդայինը՝ հավակնելով խորհրդայինին. Ադրբեջանի սահմանադրական պահանջի շփոթը

Ջնջելով խորհրդայինը՝ հավակնելով խորհրդայինին. Ադրբեջանի սահմանադրական պահանջի շփոթը

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի սյունակը։

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:

Սակայն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն: Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի ներքո թաքնված հակասություն կա իր իսկ Սահմանադրության շրջանակում, որն արժե ուսումնասիրել ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև դրա ստեղծած ապակայունացնող նախադեպի համար:

Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստակամ է կառուցել ապագա՝ հիմնված ներկա իրականության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ապա այն պետք է առերեսվի նաև իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Ադրբեջանի 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը պարզ ինքնիշխանության հռչակագրից անդին է: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը հստակ դիրքավորում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավական և քաղաքական ժառանգորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջականությունը: Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության հաստատումը անօրինական բռնակցում էր, և մերժում է բոլոր պայմանագրերն ու խորհրդային ներքին օրենքները, որոնք հետևել են դրան: Այսպիսով, Ադրբեջանը խորհրդանշական և իրավական առումով իրեն անջատում է խորհրդային ժամանակաշրջանից, այդ թվում՝ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին:

Սա սահմանադրական աննկատ մնացորդ չէ: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս իրավահաջորդությունը, հատկապես՝ 2008-2009 թվականներին առաջին հանրապետության 90-ամյակի ազգային տոնակատարությունների ժամանակ: Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը պարզապես հետխորհրդային պետություն չէ, այլ մինչև Խորհրդային Միությունը գոյություն ունեցած պետության նոր մարմնավորումը: Պատմական այս դիրքորոշումը, սակայն, գալիս է անհարմար ճշմարտության հետ: 1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ սահմանված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին մի շարք տարածքների շուրջ զինված հակամարտություններում, որոնցից առանցքային էր Լեռնային Ղարաբաղը: Այս ժամանակաշրջանում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը հեղհեղուկ էր և հաճախ որոշվում էր ռազմական ուժով, դիվանագիտությամբ կամ արտաքին միջամտությամբ: Հետևաբար, այսօր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջ ներկայացնելը՝ վկայակոչելով 1918-1920 թվականների հանրապետության ժառանգությունը, նշանակում է ընդունել վիճարկվող և անորոշ տարածքային կարգավորումների դարաշրջանը:

Ադրբեջանը չի կարող այս երկուսը համադրել։ Չի կարող մերժել խորհրդային իրավակարգը և միաժամանակ, հիմնվելով խորհրդային ժամանակաշրջանի որոշումների վրա, հիմնավորել իր տարածքային պահանջները: 1921 թվականի խորհրդային Կովկասյան Բյուրոյի որոշումը, որը Լեռնային Ղարաբաղը դրեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության ներքո, խորհրդային քաղաքական գործողություն էր: Անվավեր ճանաչելով խորհրդային իրավական և վարչական բոլոր որոշումները, Ադրբեջանը անվավեր է ճանաչում նաև այս փոխանցումը: Իրավական տրամաբանությունը, որը այն կիրառում է ԽՍՀՄ-ի ձևավորման օրինականությունը հերքելու համար, պետք է կիրառվի նաև ԽՍՀՄ-ի կողմից ներքին սահմանների վերաբերյալ կայացված որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, այն իր սեփական օգուտի համար չի ընտրում խորհրդային օրենքի խտրական վերականգնումը՝ խարխլելով իր իսկ սահմանադրական կարգի ներադաշնակությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ակնհայտ է դառնում Բաքվի այն պահանջների համատեքստում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ երաշխավորելու, որ դա տարածքային ամբողջականության պահանջ չի ենթադրում: Եթե Հայաստանից ակնկալվում է բացառել Ադրբեջանի սահմանների ճանաչման վերաբերյալ որևէ երկիմաստություն, ապա Ադրբեջանը պետք է ցուցաբերի նույնական պատրաստակամություն՝ երաշխավորելու, որ իր սեփական Սահմանադրությունն այլևս չհիմնվի այնպիսի իրավական ինքնության վրա, որը նախորդում և հակասում է այդ նույն սահմաններին: Սահմանադրական կարգը, որը մի կողմից հաստատում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգականությունը,  մյուս կողմից՝ ժխտում ժամանակակից սահմանները հաստատած իրավական կառուցվածքը, չի կարող անշեղ հստակություն և վերջնականություն պահանջել իր հարևաններից:

Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է փակել մեկդարյա հակամարտության էջը և տևական խաղաղություն կառուցել Հարավային Կովկասում, ապա նախ պետք է ներս նայի և համոզվի, որ իր սեփական սահմանադրական պատումը չի հավերժացնում իռեդենտիստական անորոշությունը: Դա կպահանջի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման վերականգնում, գրավված հայկական տարածքների վերադարձ և Հայաստանի դեմ տարածքային որևէ պահանջից պաշտոնապես հրաժարում: Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը՝ միաժամանակ կառչելով պատմության այնպիսի տարբերակից, որը խարխլում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմքերը: Վերջիվերջո, խաղաղությունը կառուցվում է ոչ միայն սահմանադրությունների և պայմանագրերի, այլև մտավոր և իրավական ազնվության վրա, որը պետք է սկսվի տանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում