Հակամարտությունը չի կարող երկար շարունակվել․ Զելենսկին պատրաստ է փոխզիջման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կարող է փոխզիջման գնալ և կորցրած տարածքները «հետագայում» վերադարձնել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին նա հայտարարել է Չեռնիգովի շրջանի համայնքներում՝ ելույթի ժամանակ, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։
«Եթե հնարավոր լինի փոխզիջում գտնել, որպեսզի այդ տարածքների վերադարձը տեղի ունենա դիվանագիտական ճանապարհով, ապա կարծում եմ, որ որոշ տարածքների դեպքում, դա կլինի միակ ճանապարհը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի տիրապետության տակ անցած ուկրաինական տարածքները կարող են մնալ ռուսական վերահսկողության տակ, և ընդգծել է, որ զինված հակամարտությունը չի կարող երկար շարունակվել:
Մարտի 19-ին Զելենսկին ասել էր, որ Ուկրաինայի կորցրած տարածքների ճանաչումը Ռուսաստանի մաս՝ կարմիր գիծ է Կիևի համար։ Նա ասել էր, որ առաջիկա բանակցություններում տարածքների թեման լինելու է ամենազգայուն ու բարդ հարցերից մեկը։
Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական խնդրի կարգավորման քննարկման հարցում առաջընթաց կա, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները ցանկանում են գործարք կնքել։ Նա նաև «լավ համագործակցության» մասին է խոսել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կարգավորման հարցում։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում է գործարք կնքել» կարգավորման շուրջ։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը պատրաստ է գործարք կնքել», - ասել է Թրամփը։
Թեմա
Civilnet










