Գլխավոր Լրահոս

«Սուրմալուի» պայթյունից հետո ստեղծված ապօրինի աղբավայրը չի վերացվում

«Սուրմալուի» պայթյունից հետո ստեղծված ապօրինի աղբավայրը չի վերացվում

2022-ի օգոստոսի 14-ին Երևանի կենտրոնական՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից փլվեցին շինություններ, մահացավ 16 հոգի։ Պայթյունից հետո հարուցվեց քրեական վարույթ, և Քննչական կոմիտեի պահանջով քաղաքապետարանը վնասված շինությունների բեկորները տեղափոխեց Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատված։ Այս տարածքը մոտ է Նուբարաշենի օրինական աղբավայրին. այն տեղակայված է գերեզմանների հարևանությամբ և տեսանելի է հենց հիմնական ճանապարհից։

Այդ ժամանակ ՍիվիլՆեթն արձանագրել էր խնդիրն ու դիմել քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել էին, թե նման քայլի գնացել են, քանի որ «ընթանում էին քննչական գործողություններ, հնարավոր է՝ այդ շինաղբի մեջ հայտնաբերվեն պայթուցիկ նյութեր»։ Քաղաքապետարանից նաև հավելել էին, որ իրավապահների աշխատանքի ավարտից հետո փլուզված շենքի մասերը կտեղափոխվեն շինարարական հիմնական աղբավայր։

ՍիվիլՆեթի նկարահանումները տվյալ տեղանքում, սակայն, փաստել են, որ որևէ քննչական գործողություններ չեն իրականացվում, մինչդեռ տարածքը պետք է պահպանվեր նախաքննության շահերից ելնելով։ Քննիչների փոխարեն այս տարածքում սկսեցին «աշխատել» թանկարժեք մետաղներ փնտրողները։

Այս տարվա հունվարին, տեղեկանալով, որ քրեական վարույթն ավարտվել է, ՍիվիլՆեթը նամակ ուղարկեց քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ է իրականացվում շինաղբը օրինական վայր տեղափոխելու ուղղությամբ։ Քաղաքապետարանից հիշեցրին, որ թափոնները կոնսերվացնել ՔԿ-ն արգելել է։

«Ելնելով վերոգրյալից՝ կրկին հարցում է իրականացվել վերոնշյալ թափոնների կոնսերվացման հնարավորության վերաբերյալ»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։ ՍիվիլՆեթը պարզեց, որ այդ դիմումն ուղարկվել է իր հարցումից հետո։ Առ այսօր քաղաքապետարանը չի պարզաբանում՝ ինչ որոշում է կայացվել։

Արդյունքում այդ հատվածը սկսել են օգտագործել որոշ տնտեսվարողներ՝ որպես շինաղբի կուտակման վայր։ Ներկայում այստեղ մեծ քանակությամբ շինաղբ է լցված։

Նուբարաշենի խճուղու շինաղբի ապօրինի վայրի լուսանկարները 2018-ին և 2024-ին՝

Նուբարաշենի խճուղու շինաղբի ապօրինի վայրը միակը չէ։ Երևանում շինաղբի կուտակման օրինական երկու վայր կա՝ Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի անօգտագործելի խորշերի տարածքը և Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարող աղբի կուտակման վայրը։ 

Երևանում անօրինական վեց աղբավայր կա՝ 

  • Էրեբունի վարչական շրջանում Մուշական 5-րդ փողոցի վերջնամասում ու Ջրաշենում, 
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղում) և Տիչինայի փողոցում՝ քարհանքի մոտ, 
  • Արաբկիր վարչական շրջանում «Կորեայի ձորը»,
  • Շենգավիթ վարչական շրջանում շինաղբի ապօրինի կուտակման վայր է Շիրակի փողոց 47/3 հասցեի հարակից տարածքը։ Այս տարածքը 2018-ից շինարարական աղբի կուտակման ապօրինի վայրի է վերածվել։ 

Ո՞ւմ է պատկանում Շիրակի փողոցի՝ ապօրինի աղբի կուտակման վայրը

Արբանյակային լուսանկարների միջոցով այստեղ շուրջ 13 հեկտար տարածք ՍիվիլՆեթը նույնականացրեց որպես ապօրինի աղբավայր։

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզի ու հարցման միջոցով պարզեցինք, թե ում է պատկանում ապօրինի աղբավայրի տարածքը։ Այստեղ դիտարկել ենք կադաստրային չորս տարբեր կտորներ՝ ընդհանուր յոթ հեկտար մակերեսով։ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազաներում ծածկագրերը թեև առկա էին, սակայն տարածքների մասին տեղեկություն չկար։

Կոմիտեից մեզ գրավոր պատասխանեցին, որ այդ հողամասերը «որպես առանձին միավորներ արտացոլված են ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1517-Ն որոշման հավելված-հատակագծում»։

Սա նշանակում է, որ այս հողամասերը համայնքային նշանակություն ունեն, պատկանում են Երևան համայնքին։ 

Շիրակի փողոցի շինաղբի ապօրինի վայրի լուսանկարները 2018-ին և 2024-ին՝

Գերատեսչությունները շարունակում են խուսափել պատասխանատվությունից

ՍիվիլՆեթի հետաքննությունը ցույց է տալիս, որ Երևանում շինարարական աղբի կառավարման համակարգը կարիք ունի էական բարեփոխումների։ 

Շինաղբի կուտակման երկու օրինական վայրերի հետ մեկտեղ գործող վեց ապօրինի աղբավայրերի առկայությունը վկայում է վերահսկողության թերացումների մասին։ 

«Սուրմալուի» ողբերգությունից հետո ստեղծված ապօրինի աղբավայրի պարագան ուշագրավ է նրանով, որ այն ձևավորվել է հենց պետության՝ Քննչական կոմիտեի և քաղաքապետարանի «համատեղ ջանքերով»։

Խնդիրը լուծելու փոխարեն գերատեսչությունները շարունակում են պատասխանատվությունը բարդել միմյանց վրա, մինչդեռ համայնքային հողերը շարունակում են ապօրինի օգտագործվել որպես աղբավայր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում