Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր, «Ինչու են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքի համահեղինակ Տարոն Աճեմօղլուն Project-syndicate.org կայքում «Արդյոք պետական կապիտալիզմը հաղթո՞ւմ է» վերնագրով հոդված է հրապարակել՝ կրկին պնդելով իր տեսության ճշմարտացիությունը, որ երկարաժամկետ աճին կարող են նպաստել միայն «համընդգրկուն» (inclusive) ինստիտուտներ ունեցող հասարակությունները և ոչ՝ «կեղեքող» (extractive) ինստիտուտներ ունեցողները: Աճմեօղլուն փաստացի պատասխանում է իր տեսության մի շարք քննադատների, որոնք վկայակոչում էին տնտեսական աճը «կեղեքող» այնպիսի հասարակություններում, ինչպիսիք Հարավային Կորեան, Սինգապուրը կամ Չինաստանն են եղել (են):
Տնտեսական աճի մոդելների շուրջ հավերժ բանավեճում պետական կապիտալիզմի մոդելը վերջին տարիներին կարծես տիրապետող է դառնում: Լիբերալ կապիտալիզմի ավատարները [մարմնավորողները]՝ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, 2012թ. սակավարյունությամբ էին տառապում այն դեպքում, երբ դիրիժիզմի [տնտեսության պետական մոնոպոլ կարգավորման տեսություն և պրակտիկա] տարբեր դրսևորումներով ասիական մի շարք երկրներ վերջին մի քանի տասնամյակներին ոչ միայն ուժեղ և կայուն աճ են ունեցել, այլ նաև արժանապատվորեն դիմակայել են տնտեսական վերջին ճգնաժամերին: Հարց է առաջանում՝ արդյոք տնտեսագիտության դասագրքերը փոխելու ժամանա՞կն է:
Իսկապես, տնտեսագիտությունը չի սահմանում, որ ազատականացված շուկաները ավելի լավ են, քան պետական միջամտությունը կամ նույնիսկ պետական կապիտալիզմը: Պետական կապիտալիզմի խնդիրները գլխավորապես քաղաքական են, ոչ՝ տնտեսական: Իրական աշխարհի ցանկացած տնտեսության հատուկ են շուկայի ձախողումները, այնպես որ՝ բարեգութ և ամենակարող կառավարությունը կարող է բավական հաճախ խելամտորեն միջամտել: Սակայն որևէ մեկը երբևէ հանդիպե՞լ է բարեգութ և ամենակարող կառավարության:
Պետական կապիտալիզմի տրամաբանությունը հասկանալու համար օգտակար է նախկինից որոշ օրինակներ վերհիշել. ոչ միայն սոցիալիստական վարչահրամայական տնտեսություններն ու ժամանակակից հասարակություններն են փորձում պայքարել շուկայի ձախողումների դեմ, այլ նաև հնագույն քաղաքակրթությունները: Իսկապես, թվում է՝ հողագործության կամ ժողովրդավարության նման, համաշխարհային պատմության մեջ պետական կապիտալիզմը իրարից անկախ հայտնագործվել է բազմաթիվ անգամ:
Վերցրե՛ք հունական բրոնզի դարաշրջանը, որի ընթացքում միջերկրածովյան ամբողջ ավազանում բազմաթիվ հզոր պետություններ ձևավորվեցին, որոնք կազմակերպված էին քաղաքի շուրջ, որտեղ բնակվում էր քաղաքական էլիտան: Այս պետությունները փող և մեծ հաշվով շուկաներ չունեին: Պետությունը հարկում էր գյուղատնտեսական արտադրանքը և վերահսկում էր գրեթե բոլոր ապրանքների արտադրությունը: Այն մենաշնորհում էր առևտուրը, և փողի բացակայության պայմաններում՝ բոլոր ապրանքների շարժը տեղի էր ունենում նրա հավանությամբ: Այն սնունդ և հումք էր տալիս ջուլհակներին և վերցնում նրանց արտադրածը: Ըստ էության՝ հունական բրոնզի դարաշրջանի հասարակությունների ունեցածը շատ նման էր պետական կապիտալիզմին:
Նույնը ինկերի մոտ էր, երբ նրանք կառուցում էին իրենց հսկայական Անդյան կայսրությունը՝ իսպանացիների գալուն նախորդած դարաշրջանում: Նրանք նույնպես փող (կամ գիր) չունեին, սակայն պետությունը մարդահամար և գույքագրում էր անցկացնում՝ տասը տարին մեկ, շուրջ 40 հազար կիլոմետր ճանապարհներ էր կառուցում, ուներ սուրհանդակների գործող համակարգ՝ ուղերձներ ուղարկելու և տեղեկատվություն հավաքագրելու համար, և այդ ամենը հաշվագրում էր գործված պարաններով, որ կոչվում էին quipus, որոնց մեծ մասն այսօր հնարավոր չէ կարդալ: Այս ամենը նրանց կողմից հողի և աշխատուժի վերահսկման համակարգի մասն էր, որը հիմնված էր ռեսուրսների կենտրոնացված պլանային հատկացման և հարկադրման վրա:
Ինչպե՞ս է պատահում, որ անհամադրելի այնպիսի հասարակություններ, ինչպիսիք հունական բրոնզի դարաշրջանի քաղաքներ Կնոսոսը, Միկենիան և Ինկերի կայսրությունը, Խորհրդային Ռուսաստանը, Հարավային Կորեան և ներկայում Չինաստանն են,- այս բոլորն անցել են պետական կապիտալիզմի:
Պատասխանն այն բանի գիտակցումն է, որ պետական կապիտալիզմը բոլորովին էլ տնտեսական ռեսուրսների արդյունավետ բաշխումը չէ, այլ հասարակության և տնտեսության նկատմամբ քաղաքական ուժի առավելագույն օգտագործումը: Եթե պետության մենեջերները կարողանում են իրենց ձեռքը գցել բոլոր արդյունավետ ռեսուրսները և դրանցից օգտվելու հնարավորությունը, դա առավելագույնի է հասցնում վերահսկողությունը, նույնիսկ եթե դրա համար զոհաբերվում է տնտեսական արդյունավետությունը:
Աշխարհի շատ վայրերում պետական կապիտալիզմը իսկապես օգնել է կոնսոլիդացնել պետությունը և կենտրոնացնել իշխանությունը,- արդի հասարակությունների և տնտեսությունների զարգացման նախադրյալներ: Սակայն տնտեսության պետական վերահսկումը հիմնականում խնդրահարույց է դառնում, որովհետև նրանք, ովքեր ղեկավարում են պետությունը, իրենց մտքում չունեն սոցիալական բարեկեցության և ռեսուրսների օպտիմալ հատկացման գաղափարները: Հունական բրոնզի դարաշրջանի կամ Ինկերի կայսրության պետական կապիտալիզմի մոտիվացիան տնտեսական անարդյուանվետությունը չէր, ոչ էլ անհրաժեշտորեն արդյունավետ տնտեսության ստեղծումն էր: Այն, ինչ անում էր պետական կապիտալիզմը, քաղաքական ուժի կոնսոլիդացումն էր:
Ավելի խորքային առումով՝ իրական դիխոտոմիան ոչ թե պետական կապիտալիզմի և ազատականացված շուկաների միջև է: Այն կեղեքող և համընդգրկուն տնտեսական ինստիտուտների միջև է: Կեղեքող ինստիտուտները ստեղծում են անհավասար դաշտ ու հարկեր, որտեղ եկամուտները կենտրոնացվում են քաղաքական իշխանություն ունեցողների կամ դրանց հետ կապ ունեցողների մոտ: Համընդգրկուն ինստիտուտները հավասար դաշտ են ստեղծում և մարդկանց մեծ զանգվածների քաջալերում ու գործելու հնարավորություններ են տալիս:
Ահա այստեղ է գտնվում պետական կապիտալիզմի խնդիրը. համընդգրկուն ինստիտուտները պահանջում են բավականաչափ հզոր մասնավոր սեկտոր, որը կկարողանա հակակշռել և վերահսկել պետությանը: Այսպիսով, պետական սեփականությունը միտված է համընդգրկուն հասարակության ամենակարևոր սյուներից մեկը վերացնելուն: Զարմանալի չէ, որ պետական կապիտալիզմը գրեթե միշտ ասոցացվում է ավտորիտար վարչակարգերի և կեղեքող քաղաքական ինստիտուտների հետ:
Սա ազատականացված շուկաների գովքը չէ: Ժամանակակից հասարակությունում պետությունը կենտրոնական (և ճիշտ) դեր է խաղում: Ժամանակակից տնտեսական աճը, նույնիսկ համընդգրկուն ինստիտուտների պայմաններում, հաճախ խորը անհավասարություններ ու ծուռ դաշտեր են ստեղծում՝ վտանգի տակ դնելով այդ իսկ ինստիտուտների գոյությունը: Ժամանակակից կարգավորող և վերաբաշխող պետությունը կարող է, որոշակի սահմաններում, նպաստել այդ խնդիրները շտկելուն: Սակայն այդպիսի նախագիծը էապես կախված է այն բանից, թե որքանով է հասարակությունը վերահսկում պետությանը և ոչ՝ հակառակը:
Պնդել, թե պետական կապիտալիզմի հաջողությունը հաստատում է նրա առավելությունը, նույնն է, ինչ կառքը դնել ձիու առաջ: Այո, Հարավային Կորեան արագ աճել է պետական կապիտալիզմի օրոք, և նույնն այսօր անում է Չինաստանը: Սակայն պետական կապիտալիզմը ի հայտ է եկել ոչ թե որ տնտեսական աճ ապահովելու որևէ այլ ճանապարհ չկար, այլ որովհետև այն աճի հնարավորություն էր տալիս՝ առանց փոփոխելու իշխանության գոյություն ունեցող կառուցվածքը: Չինաստանի պետական կապիտալիզմի հանճարեղությունն այն է, որ այն ապահովել է Կոմունիստական կուսակցության էլիտայի իշխանության շարունակականությունը՝ միաժամանակ բարելավելով ռեսուրսների հատկացման գործընթացը, երբ միանձնյա չի որոշել գնային խթանները ֆերմերների համար, ապա կարողացել է ազատականացնել քաղաքային շուկաները:
Պետական կապիտալիզմը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեցող էլիտաներն ի վիճակի են այն պահել և օգուտներ քաղել դրանից... նույնիսկ եթե տնտեսական աճն ամբողջովին կանգնի։ Եվ լավ պատճառ կա, թե ինչու աստիճանաբար հենց այդպես էլ կլինի: Տնտեսական կայուն աճը ենթադրում է համընդգրկուն ինստիտուտներ, որովհետև ինովացիան և արարչական ավերումն [creative destruction] ու անկայունությունը, որ այն ծնում է, կախված է այդ ինստիտուտներից: Կեղեքող ինստիտուտներն ընդհանուր առմամբ և պետական կապիտալիզմը մասնավորապես տնտեսական աճին կարող են նպաստել որոշակի ժամանակ, բայց միայն արագանցիկ աճի նման աճի, որ Հարավային Կորեան ունեցավ 1960-80 թվականներին՝ նախքան իր հասարակության ու տնտեսության ավելի արմատական տրանսֆորմացիայի սկիզբը:
Ինչպես վաղահաս պտուղն է սպառվում, Չինաստանը նույնպես ստիպված է լինելու ընտրություն կատարել տնտեսական և սոցիալական ազատությունների, ինովացիաների և անկայունության, որին միայն համընդգրկուն ինստիտուտները կարող են նպաստել, և տնտեսության, քաղաքականության ու սոցիալական կյանքը տնօրինելու միջև՝ հանուն պետությունը վերահսկող էլիտաների:
(Լուսանկարը՝ tumblr.com)
Civilnet











