Զինվորի՝ նռնակ պայթեցնելու և դրա հետևանքով զոհերի վերաբերյալ լուրը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ, որոնցում նշվում է, թե զինծառայողը նռնակ է պայթեցնել զորամասում, ինչի հետևանքով կան զոհեր։
«Շտապ լուր․ Զինծառայողը նռնակ է պայթեցրել զորամասում, կան զոհեր»,- նշված է գրառման մեջ։
Տարածվող գրառումը կեղծ է։
Գրառմանը կցված է yer.arminfonews.ru կայքի հոդվածը։ Այն կայքում հրապարակվել է 2025-ի փետրվարին։ Դրանում, մասնավորապես, նշվում է․
«Այսօր՝ հուլիսի 15-ին, Հայաստանում տեղի է ունեցել ողջբերգական միջադեպ»։
Հոդվածում բացակայում են կոնկրետ տվյալներ՝ դեպքի վայրը, պաշտոնական պարզաբանումներ կամ լրացուցիչ տեղեկություններ։ Բովանդակությունն ընդհանրական է և միաժամանակ ներկայացված է հայերեն և ռուսերեն, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։
«Զինծառայողներից մեկը, ըստ հաղորդված տեղեկությունների, առանց նախազգուշացման կամ հրամանի, նռնակ է պայթեցրել՝ առաջացնելով ոչ միայն նյութական վնաս, այլ նաև մարդկային կորուստներ»,- նշված է հոդվածում։
Ո՛չ վերջերս, ո՛չ էլ երբևէ հենց հուլիսի 15-ին զինծառայողի կողմից նռնակ պայթեցնելու դեպք, որի հետևանքով զոհեր են եղել, չի գրանցվել։
Սահմանին առնչվող լուրերը ամենազգայուն թեմաներից են և ունեն բարձր դիտողականություն։ Իսկ նմանատիպ կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի այցելություններն ապահովելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։ Ուշադրություն գրավելու համար գրառումներում հաճախ օգտագործվում են նաև «շտապ լուր» , «հենց հիմա», «հրատապ» և նմանատիպ այլ ձևակերպումներ։
#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է սահմանի վերաբերյալ խուճապային կեղծ լուրեր տարածող կայքերին։
CivilNetCheck
Civilnet










