Գլխավոր Լրահոս

Զգուշացե՛ք քլիքբեյթ թակարդից․ ինչպես են «սունկ» կայքերը թիրախավորում հայերին սոցցանցերում

Զգուշացե՛ք քլիքբեյթ թակարդից․ ինչպես են «սունկ» կայքերը թիրախավորում հայերին սոցցանցերում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջերս սոցցանցերում կրկին ակտիվացել են կասկածելի էջեր, որոնք տարածում են սենսացիոն վերնագրերով հոդվածներ՝ կիրառելով նոր մարտավարություն գովազդային եկամուտ ստանալու համար։

Այս էջերը հրապարակում են հայ օգտատերերին թիրախավորող գրառումներ՝ «Վերջապես, հայեր ջան. ՀՀ քաղաքացիների համար ունեմ հրաշալի լուր», «ՇՏԱՊ... Նիկոլ Փաշինյանը հրատապ ուղերձ է հղել», «Չլսված ցուրտ եղանակ է լինելու, [..] Սուրենյանը վատ լուրեր ունի» և նմանատիպ այլ քլիքբեյթ վերնագրերով։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս երևույթը և բացահայտել, թե ինչպես են «սունկ կայքերը» կատարելագործում իրենց մեթոդները՝ ապատեղեկատվության միջոցով գովազդային եկամուտ ապահովելու համար։

Ապակողմնորոշող բովանդակությամբ հոդվածներ

Ուշադրություն գրավելու համար գրառումներին հաճախ կցվում են հայտնի անձանց լուսանկարներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի, օդերևութաբան Գագիկ Սուրենյանի, նախարարների և այլոց։

Գրառումները հղում են կատարում arm.arminfonews.ru, yer.arminfonews.ru և այլ կեղծ լրատվական կայքերում ամիսներ առաջ տեղադրված հոդվածների։ Սակայն այս կայքերում հրապարակված նյութերը չեն պարունակում գրառումներում հիշատակվող հարցին վերաբերող կոնկրետ տեղեկատվություն։

Հոդվածները հազվադեպ են պարունակում ստուգելի պնդումներ՝ կոնկրետ ամսաթվեր, որոշումներ կամ այլ հստակ տվյալներ։ Օրինակ՝ ապրիլի 7-ին տեղադրված «Չլսված ցուրտ եղանակի» գրառումը տանում է 2025-ի փետրվարին հրապարակված հոդված, որում պարզապես նշվում է, որ սպասվում է ցուրտ, սակայն չի նշվում կոնկրետ օր կամ տարածք։

Նույն օրը տարածված «ՇՏԱՊ..Նիկոլ Փաշինյանը հրատապ ուղերձ է հղել» գրառումը տանում է դեպի հոդված, որտեղ որևէ կոնկրետ ուղերձ չկա, այլ միայն վարչապետին վերագրվող ընդհանրական խոսք, որն իրականում Փաշինյանը չի արել։

Թիրախավորված ապատեղեկատվություն խոցելի խմբերի համար

Նման կեղծ լուրերը հատկապես թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին։ Այսպես, պարբերաբար տարածվում են «Թոշակները կբարձրանան» վերնագրով գրառումներ։ Այս պնդումները, սակայն, կեղծ են, քանի որ 2025-ին, ինչպես նախորդ տարի, կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ։

Տես՝ «Կենսաթոշակների բարձրացման մասին լուրը կեղծ է»

Տարածված են նաև տագնապային կեղծ լուրերը՝ հրդեհների, աղետների և ռազմական միջադեպերի մասին։ Օրինակ՝ «Աղոթենք, որ զոհերը քիչ լինեն․․․ Խոշոր հրդեհ Երևանում» կամ «Զինծառայողը նռնակ է պայթեցրել զորամասում, կան զոհեր» քլիքբեյթ վերնագրերով հրապարակումները օգտագործում են էմոցիոնալ լեզու ուշադրություն գրավելու համար։

Տես՝ «Զինվորի՝ նռնակ պայթեցնելու և դրա հետևանքով զոհերի վերաբերյալ լուրը կեղծ է»

Պետական աջակցության ծրագրերի մասին կեղծ լուրերը ևս տարածված են։ Օրինակ՝ «Բոլոր ՀՀ քաղաքացիները կստանան ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» վերնագրով գրառումներում պնդվում է, թե կառավարությունը սկսել է «Աջակցության զարկերակ» ծրագիր, որի շրջանակում բոլորը ֆինանսական օգնություն կստանան։ Իրականում սակայն նման պետական ծրագիր գոյություն չունի։

Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն

Կայքերում հրապարակված տեքստերի ոճը, լեզվական առանձնահատկությունները և բովանդակության անհստակությունը վկայում են, որ դրանք ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Արհեստական բանականության հայտնաբերման տարբեր հարթակները ևս փաստում են՝ տեքստերը ամբողջությամբ գեներացված են լեզվային մոդելի միջոցով։

Հոդվածներում հաճախ ամսաթվերը չեն համապատասխանում, օրինակ՝ 2025 փետրվարին հրապարակված տեքստում նշվում է «Այսօր՝ հուլիսի 15-ին...»։ Որոշ հոդվածների համար օգտագործվում են հին և լուրի հետ կապ չունեցող լուսանկարներ՝ Ուկրաինայում 2022-ին առևտրի կենտրոնի կամ 2020-ին Կրասնոդարի շենքի հրդեհներից։

Հիշեցնենք, որ #CivilNetCheck-ը պարզել էր, որ նման էջերից շատերը կապված են Արման Թումասյանի հետ, որը հայտնի է որպես բլոգեր և մեդիա-ձեռնարկատեր։ Նա նախկինում հաստատել է, որ այս էջերը «զարգացվում» են հետագայում վաճառքի նպատակով։

Տես՝ «160 հազարից ավելի հետևորդներ ունեցող էջը կեղծ, խուճապ տարածող հրապարակումներ է անում»

#CivilNetCheck-ը Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակում պարբերաբար սահմանափակում է նման էջերի գրառումները, բայց դրանց հեղինակները ստեղծում են նոր էջեր՝ սահմանափակումները շրջանցելու համար։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում