Իրանն ԱՄՆ-ին կառաջարկի մշակել միջանկյալ միջուկային համաձայնագիր. Axios

Իրանը մտադիր է Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել աշխատանքներ սկսել միջանկյալ միջուկային համաձայնագրի շուրջ՝ նախքան համապարփակ գործարքի բանակցություններին անցնելը, հայտնում է Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկամսյա վերջնաժամկետ է սահմանել Իրանի հետ նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համար, և միևնույն ժամանակ կարգադրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ուժեր կուտակել՝ որպես այլընտրանքային տարբերակ, եթե դիվանագիտությունը ձախողվի։
Axios-ի աղբյուրները վկայակոչել են Իրանի դիրքորոշումը, ըստ որի, երկու ամսում բարդ և խիստ տեխնիկական միջուկային համաձայնագրի հասնելն անիրատեսական է, և միջանկյալ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններով Թեհրանը ցանկանում է ժամանակ շահել՝ սրացումից խուսափելու համար։
«Իրանցիները կարծես թե համոզված են, որ կայուն համաձայնագրի հասնելը անհավանական է նախագահ Թրամփի նախատեսած ժամանակահատվածում: Ուստի կարող է անհրաժեշտ լինել դիտարկել միջանկյալ համաձայնագիրը՝ որպես վերջնական գործարքին հասնելու կանգառ»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի ծրագրի տնօրեն Ալի Վաեզը։
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ապրիլի 12-ին կհանդիպեն Օմանում՝ բանակցելու միջուկային ծրագրի շուրջ։
Օմանի միջնորդությամբ բանակցություններն իրանական կողմից գլխավորելու է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ կողմից՝ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Civilnet










