Ամերիկյան երեք առաջատար մեդիանըկերություններ՝ Bloomberg-ը, Thomson Reuters-ը և Dow Jones-ը, հայտնվել են մեծածավալ հետաքաննության կենտրոնում: Նրանք կասկածվում են մի շարք հաճախորդների տեղեկատվության տրամադրման կանոնների խախտման մեջ, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի՝ հետաքաննության համար առիթ դարձել մի շարք թրեյդերների տարօրինակ վարքագիծը, ինչը կարող է վկայել այն մասին, որ նրանք գործակալությունների միջոցով տարածվող տեղեկատվությունը ժամանակից շուտ են ստացել: Մեդիաընկերությունները դա անելու հնարավորություն են ունեցել՝ օգտագործելով տեղեկատվության փոխանցման իրենց գերարագ համակարգերը և համակարգիչները, որոնք տեղակայված են երկրի պետական մի շարք հաստատություններում, այդ թվում՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարություններում և Դաշնային պահուստային համակարգում:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ արձանագրվել են խոցելի մասեր, սակայն ուղղորդված անօրինական գործունեություն ծավալելու մասին հստակ ապացույցներ չեն գտնվել: Հետաքննության մարմիններին մասնավորապես հետաքրքրել է Bloomberg-ի՝ տեղեկտվության փոխանցման ժամկետների խախտման պաշտպանության համակարգում արձանագրված թերությունները: Համակարգը տեղադրված է առևտրի նախարարությունում, որին այդ մասին տեղեկացրել են հենց գործակալությունից:
Հետախուզության դաշնային բյուրոն և ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (Securities and Exchange Commission, SEC) գործակալություններին պաշտոնական մեղադրանք չեն առաջադրել: Սա պայմանավորված է եղել հանգամանքով, որ քննիչները վստահ չեն եղել՝ կկարողանան դատարանում ապացուցել, որ վայրկայնի հարյուրերորդ կամ հազարերորդ մասը բավարար է շահութաբեր գործարք կատարելու համար: Բացի այդ՝ քննիչներին չի հաջողվել թրեյդերների վարքագծի իրենց նշած մոդելի և գործակալությունների միջև հստակ գործողությունների մասին ապացույցներ ներկայացնել:
Civilnet











