Խաղաղության պայմանագիրը [կնքումը] բոլորին կգոհացնի Հարավային Կովկասում, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Հուլուսի Աքարը: Ապրիլի 15-ին Բաքվում անցկացվող «Թյուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի» պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովների նիստին իր ելույթում Աքարն ասել է, թե «նկատում ենք, որ այժմ մեկ քայլ ավելի մոտ ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։
Աքարը, որը 2018-2023-ին եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ զարգացումների վերաբերյալ։ «Տեսնում ենք, որ վերջին շրջանում կողմերը երկկողմ գործընթացների հետևանքով դրական արդյունքների են հասել, և մենք աջակցում ենք այդ հանդիպումներին»,- ասել է նա։
Այնուամեանայնիվ, խաղաղության գործընթացի ոչ բավարար առաջխաղացման համար նա սլաքներն ուղղել է հայկական կողմի ուղղությամբ։
«Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը ամեն ինչ անում են խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելու համար, սակայն Հայաստանն այս հարցում, դժբախտաբար տարբեր գործոնների ազդեցությամբ, հայտնի ասացվածքի նման՝ «պարանին ալյուր է լցնում»։ Հարավային Կովկասում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը, անշուշտ, դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի վրա և դրանից անդին», հայտարարել է Աքարը։
Թուրքական կողմը վերջերս տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարում է, որ ցանկանում է հնարավորինս շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի կնքումը։ Անկարան շարունակում է այդ գործընթացով պայմանավորել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։
Civilnet











