Ի՞նչ է տեղի ունենում, երբ մահանում են պապերը

Պապի մահը
Հին հռոմեական սովորույթի համաձայն՝ պապի մահից հետո հայտարարվում է իննօրյա սուգ։ Իտալիան նույնպես սովորաբար ազգային սուգ է հայտարարում:
Մահվանից հետո պապի մարմինն օրհնվում է, նրան պապական զգեստներ են հագցնում, և նրա մարմինը դրվում է Սուրբ Պետրոսի տաճարում, որպեսզի մարդիկ այցելեն տաճար և հրաժեշտ տան պապին։
Նախկինում պապի դիակը ցուցադրվում էր բարձր հարթակի վրա, որը կոչվում էր կատաֆալկ, բայց Ֆրանցիսկոս պապն իր հուղարկավորության համար ավելի պարզ ծես է ցանկացել։ Ըստ նրա ցանկության, նրան կպառկեցնեն բաց դագաղի մեջ՝ առանց ավելորդ շքեղությունների։
Պատմականորեն պապերին հաճախ զմռսում էին, իսկ ոմանց օրգանները հանում էին հուղարկավորությունից առաջ։ Հռոմի Տրևի շատրվանի մոտ գտնվող եկեղեցին ավելի քան 20 պապերի սրտեր է պահում մարմարե սափորներում, որոնք պահպանվել են որպես սուրբ մասունքներ:
Ֆրանցիսկոս պապի մահից հետո Վատիկանը կմտնի անցումային շրջան, որը կոչվում է «աթոռը թափուր է»։ Այդ ընթացքում եկեղեցու կառավարումը ժամանակավորապես կփոխանցվի Կարդինալների քոլեջին, թեև ոչ մի կարևոր որոշում չի կարող կայացվել մինչև նոր պապի ընտրվելը:
Հուղարկավորությունը
Ֆրանցիսկոս պապը 2023-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրել է Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկը՝ իր սիրելի եկեղեցիներից մեկը, որպես իր վերջին հանգրվան, ինչը նրան դարձնում է առաջին պապը մեկ դարում, որը թաղվել է Վատիկանի սահմաններից դուրս:
Վերջին մեկ դարում՝ ավանդության համաձայն, պապերին թաղել են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող դամբարաններում: Այնտեղ թաղված են գրեթե 100 պապեր, այդ թվում՝ Հռոմի Բենեդիկտոս XVI պապը՝ Ֆրանցիսկոսի նախորդը, որը հրաժարական տվեց 2013-ին և մահացավ 2022-ին։
Ընտրություններ
Հռոմի պապի հուղարկավորությունից երկու-երեք շաբաթ անց կարդինալների քոլեջը կգումարվի Սիքստինյան կապելայում՝ նոր պապի ընտրության խիստ գաղտնի գործընթացը՝ կոնկլավը անցկացնելու նպատակով։
Պատմության ընթացքում ընտրված 266 պոնտիֆիկոսների ճնշող մեծամասնությունը եղել է եվրոպացի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը ծնվել է Արգենտինայում, 1,300 տարվա ընթացքում առաջին ոչ եվրոպացի պոնտիֆիկոսն է:
Հռոմի պապի թեկնածուները բացահայտ քարոզչություն չեն անում այդ պաշտոնի համար:
Քվեարկելու իրավունք ունեն միայն 80 տարեկանից ցածր կարդինալները: Շուրջ 120-ը գաղտնի կքվեարկեն իրենց ընտրած թեկնածուի օգտին՝ գրելով իրենց անունը քվեաթերթիկի վրա և դնելով այն բաժակի մեջ զոհասեղանի վերևում:
Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ ձայների երկու երրորդը, ապա տեղի է ունենում քվեարկության մեկ այլ փուլ։ Օրական կարող է լինել մինչև չորս փուլ: 2013-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապին ընտրած կոնկլավը տևել է մոտ 24 ժամ, բայց գործընթացը կարող է ավելի երկար տևել։
13-րդ դարում կոնկլավը տևել է մոտ երեք տարի, մինչդեռ 18-րդ դարում մեկ այլ կոնկլավ տևել է չորս ամիս:
Քվեաթերթիկները հաշվելուց հետո դրանք այրվում են Սիքստինյան կապելլայում գտնվող վառարանում: Երկրորդ վառարանը այրում է քիմիական նյութը, որը ծխնելույզի միջով ծխի ազդանշան է ուղարկում արտաքին աշխարհ։ Սև ծուխը նշանակում է, որ նոր պապ չի ընտրվել, սպիտակ ծուխը նշանակում է՝ պապ է ընտրվել։
Նոր պապը
Հռոմի պապին ընտրելուց հետո Կարդինալների քոլեջի ներկայացուցիչը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից կարդում է լատիներեն հայտարարությունը՝ Habemus papam, որը նշանակում է «Մենք պապ ունենք»:
Այնուհետև նորընտիր պապը, ընտրելով պապական անուն (ամենայն հավանականությամբ՝ սուրբ, կամ նախորդին պատիվ է տալիս) և սպիտակ գավազան հագնելով, դուրս է գալիս պատշգամբ՝ իր առաջին ուղերձը հանրությանը տալու: Եվ դրանով ազդարարվում է, որ կաթոլիկ աշխարհը նոր առաջնորդ ունի։
Էլեն Մուրադյան
Թեմա
Civilnet










