Տպավորություն է, թե մենք լրիվ այլ բանակից ու երկրից ենք. արցախցի ՀՕՊ սպան՝ ծառայությունը շարունակելու մասին

ՍիվիլՆեթը շարունակում է զրույցը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի մայոր Արամո Եգանյանի հետ։ Հարցազրույցի առաջին մասում անդրադարձել էինք 2016-ի և 2020-ի մարտական գործողություններում կիրառված «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների, իսկ երկրորդ մասում՝ 2020-ին «Տոր» զենիթահրթիռային համալիրների դերին։
Եգանյանը 2016-ի ապրիլի 4-ին «Օսա-ԱԿ»-ի իր հաշվարկով խոցել է երկու անօդաչու թռչող սարք, ինչի համար Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա ընկերների հետ «Տոր-Մ2» մարտական մեքենայով 30 օդային նշանակետ է խոցել, ինչի համար արժանացել է «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։ Զրույցի այս մասում քննարկում ենք 2020-ի պատերազմի ժամանակ հայկական ձախողված հակահարվածը, «տեղ չհասած» «Բուկ» համակարգերը, Զինված ուժերում առկա խնդիրները և այլ հարցեր։
- (2020-ին ՊՆ ներկայացուցիչ, այժմ՝ ռազմական փորձագետ) Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ ՀՕՊ կառուցելու համար մեզ նախ և առաջ անհրաժեշտ էր որոշակի քանակի ավիացիա․․․
- Այս հարցերը, որ ինձ ուղղվում են, առնվազն պաշտպանության նախարարի, ՀՕՊ վարչության ու երկրի գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված հարցեր են։ Այդ իրավիճակում չհայտնվելու համար, քանակական տվյալների փոխարեն, կարող եմ սկզբունքներն ասել։ Կարծում եմ՝ գլխավոր խնդիրներից մեկը 1994-ից մինչև այսօր սխալ վարվող կադրային քաղաքականությունն է։
Եթե մենք այս թեմաների մասին խոսենք այն մարդկանց մոտ, որոնք պիտի ամեն օր իրականացնեն այս խնդիրները, կարող են մեզ ասել՝ ինչի՞ հետևից եք ընկել։ Այսինքն՝ մարդիկ նպատակ չունեին զբաղվել իրենց պարտականություններով։
- Եթե չեմ սխալվում, պատերազմի առաջին օրը հարվածային ԱԹՍ-ով խոցվել է S-300 զենիթահրթիռային համալիրներից մեկը, կարծես՝ Harop-ով։ Ինչո՞ւ այն, քո կարծիքով, պատշաճ կերպով չի պատսպարվել այլ ՀՕՊ միջոցներով։ Հետագայում նաև Սյունիքում է խոցվել S-300 համալիրներից մեկը։
- Իմ ինֆորմացիան հիմնված է հարցուփորձի վրա։ Անմիջապես տեղում չէի, բայց եթե անմիջապես տեղում էլ լինեի, դժվար թե իմ պատասխանը շատ փոխվեր։
Ես դա չեմ կապում քողարկման հետ, քանի որ առաջին պահի խոցումների մասին է խոսքը։ Եթե դիվիզիոնի մշտական տեղակայման վայրը (ՄՏՎ) հայտնի է, դու ինչ կարգի ուզում ես քողարկում արա։ Դա ժամանակի հարց էր, ճիշտ է, գրագետ քողարկումը բավական օգնում է, բայց քողարկման դերը այն ժամանակ է երևում, երբ սպառազինությունը ինչ-որ խնդիր է կատարում՝ խոցում, տեղաշարժ։ Եթե պայմանական երեսուն տարի գտնվում ես ինչ-որ ՄՏՎ-ում, որի X ու Y կոորդինատները հայտնի են բոլորին․․․
Մեր ՀՕՊ կայանքները պատսպարվում էին մոտակա գործողության զենիթա-հրթիռային համալիրներով, ինչը նույնպես ընդունելի է և բավարարում է պահանջներին։ «Իգլաներով» էին պատսպարվում:
Իսկ ՀՕՊ-ի այլ միջոցների պատսպարման համար ոչ իրավասու եմ պատասխանել, ոչ էլ շատ տեղեկատվություն ունեմ։ Բայց ինձ հետ միշտ եղել է «Իգլա»-ի հաշվարկ։
- Չէ՞ որ S-300-ը պիտի պատսպարված լինի զենիթային կայանքով ու «Օսա»-ով, առնվազն՝ երկու ՀՕՊ սպառազինությամբ։
- Այո, նման բան պիտի լինի։ Բայց ես հաստատ կարող եմ ասել, որ հաշվի առնելով նշված մարտական գործողությունների ծավալն ու ոճը՝ այդ սպառազինությունը հաստատ խոցվելու էր։ «Իգլիստ» չէ, որ մտնի ձորը։ Ժամանակի հարց էր։
- Իսկ մենք ՀՕՊ-ի կեղծ թիրախներ ունեցե՞լ ենք։ Էֆեկտի՞վ էին դրանք։
- Ունեինք։ Այդ խնդիրը տեխնիկական դիվիզիոնի վրա էր։ Բայց չգիտեմ, թե ինչքան է նպաստել, չեմ հիշում, որ ինչ-որ մակետի խփեին կամ գուցե մեկ-երկուսի հարվածել են՝ թիրախ համարելով։ Բայց ուզում եմ, որ ավելի լուրջ ուղղությունների վրա ուշադրություն դարձնենք, ինչը ավելի մեծ արդյունք կտար մեզ։ Մենք ավելի լուրջ բացթողումներ ունեինք, քան դա։
- Իսկ ճի՞շտ է այ պնդումը, որ հակառակորդի ԱՆ-2 ինքնաթիռները օգտագործվել է որպես միջոց մեր ՀՕՊ սպառազինությունները հայտնաբերելու համար։ Այսինքն՝ դրանք խոցելով, հակառակորդը հայտնաբերում էր տվյալ սպառազինության վայրը։
- Այդ տեղեկությունը առաջին անգամ եմ լսում, ես չգիտեմ, ինձ չի հանդիպել [ԱՆ-2]:
«ՕԴԸ» ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- 2020-ի հոկտեմբերի 7-ին հայկական կողմը բանակային հակահարված իրականացրեց Ջաբրաիլ-Հորադիզ հատվածում։ Տեղյա՞կ եք՝ այդ օպերացիայի ժամանակ փորձե՞լ ենք «օդը փակել»։
- Այդ ժամանակահատվածում Հադրութի մերձակա տարածքում էի՝ Այգեստան — «9-րդ կիլոմետր» հատվածում, երթեր էի կատարում։ Այդ համազորային օպերացիային չէի մասնակցում որպես այդպիսին, բայց հրահանգ էի ստացել, որ պլանավորվում է նշված գործողությունը, և դրա հետ կապված շարժ եմ կատարել։ Այդ ժամանակահատվածում հակառակորդն օդում բավական ինտենսիվ էր աշխատում։ Հոկտեմբերի 3-ին կամ 4-ին այդ ինքնաթիռներն ենք խոցել (խմբ․՝ Արցախի հարավում երկու ՍՈւ-25 գրոհիչ են խոցել, բանակային հակահարվածից մի քանի օր առաջ)։
Հարավում այդ լարվածությունը նկատվում էր, տեսել եմ զորքի տեղաշարժեր, թե ինչպես է հրետանին ու զորքը հետ գալիս, վիրավորներ ու խոցված տեխնիկաներ կային։ Դա հոկտեմբերի 7-8-ի սահմաններում էր։
Այդ հատվածում մենակ ես էի իմ «Տոր»-ով, բայց այդ օպերացիայի ժամանակ մի հաշվարկ «Տոր» էլ է միացել։ Ինքն է առաջ գալիս, հետո՝ ես, իրար պատսպարում էինք իրականացնում։
ԻՆՉՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ
- Մենք կարողանո՞ւմ էինք դիմակայել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին (ՌԷՊ)։ Ինչպիսի՞ն էր հակառակորդի ՌԷՊ-ը։
- Հակաօդային պաշտպանության առումով ես նման խնդիր չեմ տեսել։ 44 օրվա ընթացքում ես չեմ ունեցել մարտական աշխատանքի խափանումներ՝ պայմանավորված հակառակորդի ճնշումներով։ Կապի միջոցների խափանում կար, ինչը ավելի շատ պայմանավորված էր կազմակերպչական աշխատանքներով, չի բացառվում՝ միգուցեև հակառակորդի ներգործությամբ։ Բայց զուտ հակաօդային պաշտպանության մարտական աշխատանքի վրա ճնշում չեմ ունեցել։
- Իսկ մեր ՌԷՊ-ի մասին ի՞նչ կարող եք ասել։
- Դարձյալ հարցուփորձ անելով իմացել եմ, որ ինչ-որ բաներ տղաների մոտ ստացվել է, բայց էֆեկտիվության աստիճանի մասին բան չեմ կարող ասել։
- Տեսակետ կա, որ հայկական ՌԷՊ-ը խաթարում էր յուրային ՀՕՊ-ի աշխատանքը։
- Հնարավոր է, որ եթե տվյալ հատվածում ՀՕՊ կա, լինեն ռադիոէլեկտրոնային խանգարումներ։ Բայց ես նման խնդիրների չեմ առնչվել։
- Ինչպե՞ս բացատրել հայկական թանկարժեք ՀՕՊ համակարգերի անպաշտպան մնալը հակառակորդի Harop կամիկաձե ԱԹՍ-ների դեմ։
- Ադրբեջանն ուներ արբանյակային վերահսկողություն։ Այդ նույն դիվիզիոնները տեղը գիտեին, ինչը նաև Google-ի քարտեզներում է երևում՝ դիրքերը և այլն։ Իսկ եթե տեսնում ես, ապա գրագետ հրետանավորի համար բավարար է X-Y հաշվարկել ու․․․
Պատերազմի ելքը հիմնականում, եթե հանենք նաև քաղաքական գործոնը, որոշվում է օդում գերակայությամբ: Եթե «ՀՕՊ – Ավիացիա» հակամարտությունում ավիացիան է գերակայում, շատ քիչ հնարավորություն ունես այդ պատերազմը հաղթելու, քանի որ օդուժը պարզապես ոչնչացնելու է սնուցող, վարչատնտեսական ու ղեկավարման օբյեկտները։ Իսկ համազորային զորքն այդ տարածքներում գալու է պարզապես դրոշ տնկելու։
Սա շատ կարևոր է, բայց չեմ ասում, որ մնացած գործոնները դեր չեն խաղում։ Տեղեկատվական ոլորտն էլ է շատ կարևոր, որը հաճախ ի վնաս մեզ էր աշխատում․ [պատերազմի ընթացքում] հրապարակում էին մարդկանց անուններ, լուսանկարներ, աշխատանքի արդյունքներ։ Բայց չէ՞ որ հարց էր, թե այդ պատերազմը ինչ ելքով կավարտի։
Գրում էին, որ մայոր Եգանյանը երկու ինքնաթիռ է խոցել։ Ու այդ ինֆորմացիան կար՝ նկարներով, հաշվարկի անուն-ազգանուններով։ Ելքը չգիտենք պատերազմի, շատ հնարավոր է շրջափակման մեջ հայտնվենք, չգիտենք չէ՞ մեր հետագա ճակատագիրը։ Բայց արդեն թիրախային խմբի մեջ էինք։
Խմբ․՝ Հայկական պաշտոնական քարոզչությունը 2020-ի հոկտեմբերի 15-ին հայտնեց, որ մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու պայմանագրային շարքային Արտեմ Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական երկու ինքնաթիռ խոցելու համար։ Հաշվարկը ինքնաթիռները խոցել էր դրանից 12 օր առաջ՝ հոկտեմբերի 3-ին։
- Երևի բնակչության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար էին այդպես անում։
- Դե կարող էին ասել, որ այսինչ հատվածում խոցումներ են եղել, բայց անուն-ազգանուն ու նկար դնելը մի քիչ․․․
ՏԵՂ ՉՀԱՍԱԾ «ԲՈՒԿ»-ԵՐԻ ՄԱՍԻն
- Տեղյա՞կ ես, որ պատերազմի վերջում պիտի ստանայինք «Բուկ» համալիներ։
- Տեղյակ եմ, տեղյակ եմ նաև անձնակազմի մասին, որոնք պատերազմի ամենաթեժ պահին գործուղվել էին վերապատրաստման՝ Երևան։ Բայց ոչ մի վերապաստրատում ու սպառազինության ձեռքբերում չեղավ։ Դա այդպես էլ մնաց օդի մեջ խոսակցություն, իսկ այդ անձնակազմը, որոնցից կազմվել էր դիվիզիոն՝ հաշվարկի պետերով, հետ եկավ, և ոչ մի արդյունք չունեցանք։ Անձնակազմը բավական երկար ժամանակ Երևանում էր։
- Եթե ստանայինք «Բուկ»-եր, ի՞նչ խնդիր կլուծեինք։
- Ես «Բուկ»-ին ծանոթ եմ տեսականորեն։ Էլի նույն ենթատեքստն է ունենալու այս հարցի պատասխանը․ եթե նորմալ, ոչ թե կոնսերվացիայի ենթակա «Բուկ»-եր լինեին, այլ նոր, ինչպես մեզ էր ներկայացվում, դա էլ կնպաստեր ինչ-որ հատվածներում ՀՕՊ-ի արդյունավետության բարձրացմանը։ Բայց ես դրան լուրջ չեմ նայում. ամեն ինչը ցույց տվեց, որ զուտ խոսակցություն էր, թե ինչ նպատակով՝ չեմ կարող ասել։
- Հայկական ավիացիայի ու ՀՕՊ-ի համակարգման ի՞նչ խնդիրներ ունեինք։ «Փոթորիկ Կովկասում» գրքում կարծիք կա, որ մեր չորս ՍՈՒ-25-ը ու մեկ ուղղաթիռ խոցել է յուրային ՀՕՊ-ը։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։
- Տեղեկություններ չունեմ, ես չեմ առչնվել համագործակցման նման խնդրի։ Հասկանալով, օրինակ, իրավիճակը, կապը, տեղեկատվության փոխանցումը, վերադասի տեղեկացվածությունը և այլն, չեմ ասում, որ այդպես էլ եղել է, բայց քաոսի դեպքում հնարավոր է նաև յուրային զորատեսակի խոցում։ Բայց քանի որ դա պատասխանատու հայտարարություն է, դու պիտի կարողանաս հստակ ասել՝ ինչով են խոցել, ժամը քանիսին և ով։ Ես լսել եմ դրա մասին, բայց զուտ խոսակցական մակարդակում, ոչ մի հստակություն չեմ ստացել։ Ինձ էլ էր հետաքրքիր. դե ամեն տեղ ծանոթ կա հակաօդային պաշտպանությունում։ Բայց արդյունքում չեմ բացահայտել ոչինչ։
ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
– Ինչո՞ւ ծառայությունը չեք շարունակում Հայաստանում։ Կան մարդիկ, որ ասում են՝ հոգնել են ծառայությունից։ Դո՞ւք էլ եք հոգնել ծառայությունից, թե՞ ուրիշ խնդիր կա։
- Ես չեմ հոգնել ծառայությունից, հստակ կարող եմ ասել, որ խնդիրը հոգնածությունը չէ, բարոյահոգեբանական առումով բավական պատրաստ եմ։ Այս վերջին իրադարձությունից՝ Արցախի հայաթափումից հետո դիմել եմ Պաշտպանության նախարարություն, որ ուզում եմ ծառայությունս շարունակել։ Վերջին մի ամսում ես ծառայում էի այլ կառույցում, բայց քանի որ ՀՕՊ մասնագետ եմ, կուզեի ծառայությունս շարունակել այդ զորքերում։ Հա՛մ փորձի փոխանակում կլիներ, հա՛մ ծառայությունս կշարունակեի. վերջիվերջո 15 տարի ծառայել եմ։ Բայց այն մոտեցումը ու պատասխանները թե՛ զինկոմիսարիատի, թե՛ ՀՕՊ վարչության պետի և այլ մարդկանց, ինձ հուշում էին, որ սխալ ուղղության վրա են։ Նախ սկսենք նրանից, որ բոլոր պատասխանները եղել են հակաիրավական և ինչ-որ տեղ՝ հակաբարոյական։
Տպավորություն էր, որ մենք լրիվ այլ բանակից ու երկրից եկել ենք ու փորձում ենք այստեղ ծառայությունը շարունակել։ Բնականաբար, եթե ծառայության ես մտնում, ու դիմացինդ չի իմանում, կարճ ներկայացնում ես, որ այսինչ սպառազինության մասնագետ ես ու այսինչ հարցով կարող ես օգտակար լինել զինված ուժերին։ Բայց ես ստացել եմ այնպիսի պատասխաններ, որ նույնիսկ կորակեի որպես հակահայկական։ Ինձ պատասխանել է ՀՕՊ վարչության պետը․ «Բայց քեզ ո՞վ է ասել, որ մասնագետի կարիք ունենք»։ Ասում է՝ սա քեզ համար Ղարաբաղը չէ։
- Այսինքն։
- Համակարգը, որպես այդպիսին, չի գործում, և մարդիկ արտահայտվում են այնպես, ինչպես մտածում են։ Երեսուն տարուց ավելի նույն մոտեցումը կար, ուղղակի մի տարբերությամբ՝ հիմա ակնհայտորեն արտահայտվում են։ Հիմա ակնհայտորեն ասում է՝ քեզ ո՞վ է ասել, որ մենք մասնագետի կարիք ունենք։ Այնպես չէ, որ ով Արցախից եկել է, չի ծառայում. շատ մարդիկ ծառայում են։ Մարդու գործոնն է, այսինքն՝ նախօրոք ներկայացնում են, որ այսինչ մարդը այսինչ ձևի է ու մարդու նատուրայից հասկանում են՝ պե՞տք է նրան համակարգ ընդունենք, թե՞ ոչ։
- Հարմարվողական մարդկա՞նց են փնտրում։
(Խմբ.՝ Արամոն ներկայումս աշխատում է ապակու ներմուծմամբ ու մշակմամբ զբաղվող ընկերությունում որպես ճարտարագետ):
- Բնականաբար, ես այդ մարդուն առաջին անգամ եմ տեսնում և ոչ մի շփում չեմ ունեցել, որ ասենք համակրանքի ու հակակրանքի հարց լինի։ Տպավորություն էր, որ անհատ ձեռներեցի մոտ եմ գնացել։ Եթե կանչեն ծառայության, ես այդ մարդկանց հետ չեմ էլ ծառայի։ Ծառայության և ցանկացած գործում մարդ առաջին հերթին հաշվի է նստում իր խղճի հետ և թե ում հետ է գործ ունենալու։ Եթե իմանաս քո վերադասը, զորամասի հրամանատարը այն նպատակներն է հետապնդում, ինչի դեմ դու ես պայքարում, դու այդ ոլորտում չես աշխատի։
- Կոնկրետ ի՞նչ նկատի ունես։
- Ես ուզում եմ որ մեր բանակում լուծվեն որոշակի խնդիրներ, իսկ նրանք դրանց աղբյուրն են։ Եթե կարճ պատասխանեմ՝ այդպես է ստացվում։
- Կոռուպցիա՞ն նկատի ունես, թե՞ այլ բան։
- Այո՛, կոռուպցիան էլ նկատի ունեմ, սխալ կադրային քաղաքականությունը նկատի ունեմ․ երբ ցանկացած մարդու կարող են ցանկացած պաշտոնի նշանակել, ու բավական պատասխանատու։ Նման համակարգից, նման զորատեսակից ի՞նչ ակնկալիքներ կարող ես ունենալ։ Եթե դու բնույթով նման մարդ չես, չես կարող նման ռեժիմով շարժվել։
Եթե մենք ունենք գերիներ և որոնց խնդիրները չի հետաքրքրում մեր ներկայիս իշխանությանը․․․ դրա համար ռազմական ինստիտուտ դիմորդների քանակը վերջին տարիներին բավականին նվազել է։
- Դե որովհետև պատերազմներ են լինում, և մարդիկ զոհվում են, դրա համար էլ չեն դիմում ռազմական բուհեր։
- Չեմ կարծում, որ միայն դրա համար։
Ես ծառայությունը որպես աշխատանք չեմ դիտարկում։ Ես դպրոցը գերազանցությամբ եմ ավարտել, և երբ ցանկացել եմ դիմել ռազմական ինստիտուտ, դպրոցի տնօրենը երեք անգամ չի ստորագրել [բնութագիրը]։ Ասում էր՝ տղա ջան, էդ զինվորական ծառայությունը կա ու կա, եթե վերջում ոչ մի բան չլինի։ Ասում էր՝ լավ սովորող ես, գնա բժշկական, Պոլիտեխնիկ և այլն։ Ես չէի հասկանում՝ լավ սովորող զինվորական պետք չէ՞։ Մտածում էի՝ զինվորական ծառայությունում ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ ծանոթ. կա՛մ տիրապետում ես սպառազինությանը, կա՛մ չես տիրապետում, այնտեղ կեղծել չի լինի, դե երեխա էի։ Բայց պարզվեց, որ ամենալուրջ կոռուպցիան ու հարցերը այդ կառույցում էր լինում։
Այնպես չէ, որ Արցախում՝ պաշտպանության բանակում, չի եղել, դրա համար էլ իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել, այնպես չէր, որ մեղրի պես գնում էր ծառայությունը։ Ես չեմ ասում՝ այստեղ վատ է, այնտեղ՝ լավ։ Չէ՛։ Բայց այնտեղ նման պատասխան չէր տրվում։






Կարդացե'ք նաև
Տեղադրություն
Թեմա
Civilnet










