Ռուս մասնագետները չեն հավատացել, որ 2016-ին «Օսա»-ով անօդաչուներ ենք խոցել․ ՀՕՊ զորքերի սպա

Հայկ Ղազարյան
ՍիվիլՆեթը ծավալուն զրույց է ունեցել մայոր Արամո Եգանյանի հետ։ 2016-ի մարտերի ժամանակ Եգանյանն Արցախում եղել է «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատարի տեղակալ, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ՝ «Տոր-Մ2» զենիթահրթիռային մարտկոցի հրամանատար։ Զրույցը ներկայացնում ենք հատվածներով՝ ըստ թեմաների։
Եգանյանն ասում է, որ 2016-ի Քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 4-ին, իր հաշվարկով խոցել է երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Առաջինը եղել է Orbiter հետախուզական ԱԹՍ, երկրորդը՝ իսրայելական Harop հարվածային ԱԹՍ։ Դրա համար նա պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
- Ինչո՞վ են խոցվել անօդաչուները։
- «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրով։ Առաջին դեպքն է, երբ «Օսա-ԱԿ» մարտական մեքենայով ԱԹՍ է խոցվել (խմբ․՝ հայկական բանակում), բայց հետագայում՝ 2020-ին, եղել են նման դեպքեր։ Այդ մարտական մեքենան իր մարտավարական բնութագրերով նախատեսված չէ ԱԹՍ-ների խոցման համար։ Այն արտադրվել է 60-ականներին, այլ երկրներին մեծ քանակով շահագործման է հանձնվել մոտ 70-ականներին։ Իր բնութագրերով նախատեսված չէ, որ պիտի ԱԹՍ խոցի, այլ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, այն էլ՝ տվյալ ժամանակի, տվյալ պահի արտադրության համահունչ տիպային նշանակետեր։
Բնականաբար՝ 2016-ին Ադրբեջանի զինանոցում առկա ավիացիոն միջոցները՝ թե՛ ԱԹՍ-ները, թե՛ ինքնաթիռները, բարձր մարտավարական ու ժամանակակից բնութագրերով էին օժտված, ինչն էլ զարմանք առաջացրեց ՀՕՊ մասնագետների մոտ, հատկապես՝ Ռուսաստանում այդ սպառազինությունը արտադրողների մոտ։

- Ինչպե՞ս էր արտահայտվում այդ զարմանքը։
- 2019-ին, երբ գնացել ենք Ռուսաստան «Տոր» զենիթահրթիռային համալիրները բերելու, ես պատվիրակության կազմում էի։ Նպատակն էր «Տոր» համալիր և դրան կից սպասարկման և ուսումնական մեքենաներ ընդունել ու Հայաստանի ԶՈւ տեղափոխել։ Այնտեղ, բնականաբար, շփումներ եղան տեղի մասնագետների, ինժեներների ու նախագծողների հետ։ Խոսք եղավ «Օսա»-ի մասին։ Մենք հարցրինք՝ լսե՞լ եք, որ ԱԹՍ է խոցել «Օսա»-ն, ինչին ի պատասխան սկսեցին պնդել, թե անհնար է։ Դե մենք էլ տեսանյութը ցուցադրեցինք, ինչը նրանց շատ զարմացրեց։
- Իսկ տեղյա՞կ եք թե քանի ԱԹՍ է խոցվել 2016-ին։ Միայն ձե՞ր հաշվարկն է խոցել։
- «Օսա֊ԱԿ» մարտական մեքենայով միայն մեր հաշվարկն է խոցում գրանցել, բայց այլ ՀՕՊ միջոցներով ԱԹՍ֊եր ևս խոցվել են։

- Հավաստի պնդումներ կան, որ հայկական «Օսա» համակարգերը խոցել են 44-օրյա պատերազմի առաջին ժամերին։ Ի՞նչ կարող եք ասել դրա մասին։
- Քանակապես շատ մեծ խոցումներ են եղել առաջին իսկ պահից սկսած։ Որովհետև հետախուզական տվյալները առկա են եղել «Օսա-ԱԿ» դիվիզիոնների տեղակայման վայրի վերաբերյալ, կանխատեսելի ու տրամաբանական է, որ հակառակորդին շատ հեշտ կհաջողվի խոցել տվյալ դիվիզիոնների առկա սպառազինությունը և մարդկային կորուստներ պատճառել։
Նույն Աղդամի/Շեյլուի «Օսա-ԱԿ» դիվիզիոնը սպառազինության տեղափոխման ընթացքում պայմանագրային է զոհվել հարվածներից, բայց այդ դիվիզիոնի սպառազինությունը, ի տարբերություն մյուս դիվիզիոնների, հաջողվել է դուրս բերել, որովհետև այդտեղի դիվիզիոնի հրամանատարը սպառազինության դուրսբերումը նախաձեռնել է նախապես։ Մարտակարգ է զբաղեցրել նախքան հարվածը։
- Դա ինչպե՞ս է ստացվել։
- Այնպես չէ, որ սպասելի չէր պատերազմը։ Այո, ոչ ոք նման ծավալի մարտական գործողություններ չէր սպասում, բայց մի քանի օր առաջ մեզ միշտ ասվում էր, որ հակառակորդը կուտակումներ է անում, պատրաստ եղեք, խնդիր էր առաջադրվում, որ կարող է այսպիսի դիրք զբաղեցվի հարձակման դեպքում և այլն։
- Իսկ եթե մյուս ստորաբաժանումների հրամանատարները նախաձեռնողականություն դրսևորեին և մարտակարգ զբաղեցնեին, կհաջողվե՞ր փրկել սպառազինությունը։
- Կստացվեր, թե ոչ, հարցի մյուս կողմն է։ Կարող է՝ ստացվեր կամ ինչ-որ տեղ չստացվեր, բայց, բնականաբար, մշտական տեղակայման վայրերից սպառազինության դուրսբերումը մաքսիմալ նվազեցնում է ռիսկը։ Սակայն հետագայում այդ մարտական մեքենաները ենթարկվել են խոցման։ Այդտեղ ոչ թե դուրսբերման խնդիր էր, այլ հայկական ՀՕՊ-ի ու ադրբեջանական ավիացիայի հարաբերակցությունն անհավասար էր։
Բայց պետք է նաև հասկանանք, որ դիվիզիոնի հրամանատարը դիվիզիոնի սպառազինության դուրսբերման լիազորություն չունի։ Դրա համար կան հստակ ցուցումներ՝ ՊԲ հրամանատարի, նախագահի։ Չի եղել մարտակարգ զբաղեցնելու ու սպառազինությունը դուրս հանելու ցուցում։ Եթե նման խնդիր լիներ, առնվազն նաև ընդհանուր ստորաբաժանումները պիտի բերվեին բարձր մարտական պատրաստականության։ Բայց պատերազմը սկսվելու առաջին պահին, բացի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմից, մնացածը տանն էին և հանգիստն էին վայելում։ Անակնկալի էին եկել բոլորը։ Ես անձամբ Շուշիում էի առաջին հարվածի ժամանակ, ու անմիջապես իջել եմ [գյուղ Իվանյան], մարտական մեքենա մտել ու շարունակել գործողությունս։
- Ստացվում է, որ մշտական տեղակայման վայրից սպառազինությունը հանած հրամանատարը ինչ-որ տեղ ռիսկի՞ է դիմել։
- Ինչ-որ տեղ ռիսկի է դիմել, չեմ ասում, թե դիվիզիոնը ամբողջովին հանել է։ Ես չունեի պատերազմի կռահման սցենարը, սակայն ինչ ելք ունեցել ենք, հետ նայելով գալիս եմ նրան, որ այդ մարդը ճիշտ էր։ Իհարկե, եթե այլ ելք լիներ, կարող էր նույն ձևի «ազգի դավաճան» լիներ, ասեին՝ ինչո՞ւ ես այդ սպառազինությունը հանել, եթե գոնե մի հատ խոցվեր այդ ժամանակ։
- «Օսա»-ների էշելոնացված մակարդակները պահպանվե՞լ են։ Ի՞նչ հեռավորության վրա են եղել դրանք՝ նորմատիվայինո՞ւմ, թե՞ ոչ։
- Էշելոնացված՝ ես հասկանում եմ այն պահաջներն ու չափանիշները, որոնք նախատեսված են տվյալ սպառազինության մարտակարգի և մարտական կանոնագրքի համաձայն։ Բնականաբար՝ մարտակարգը և մարտական կանոնագիրքը բավական լուրջ պահանջներ են ներկայացնում, որոնք նախևառաջ ենթադրում են հաշվի առնել տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները, վարչատնտեսական կարևոր օբյեկտների պատսպարումը։ Դրանք նաև ենթադրում են հաշվի առնել առկա սպառազինության քանակը՝ կիրականացվե՞ն այդ պահանջները, և ի՞նչ մակարդակով կիրականացվեն ։
Հաշվի առնելով նշածս ու Պաշտպանության բանակի սպառազինութունը որակապես ու քանակապես, ջանք է գործադրվել մեր ՀՕՊ-ը մաքսիմալ կերպով կազմակերպելու այդ պահանջներին մոտ։ Բայց ամբողջությամբ այդ պահանջներին համապատասխան հնարավոր չէր կազմակերպել։
Հակաօդային պաշտպանությունն իրենից ի՞նչ է ենթադրում։ Ըստ բարձրությունների, հեռավորությունների, պատասխանատվության գոտիների փոխծածկված խոցման գոտիների կառուցում։ Այսինքն՝ պաշտպանության կուռ կառուցում, որը կերաշխավորի քո խնդրի կատարումը։ Բայց մեր պարագայում ի՞նչ խոցման գոտիների փոխծածկում, եթե ունենք վեց միավոր «Տոր»։ Թեկուզ եթե Արցախում վերցնենք ամեն շրջանի քանակով, մեզ այդ խնդիրը չի հաջողվում կատարել։ Նաև մեր լեռնային հատվածը, բնականաբար, լուրջ խոչընդոտ է հակաօդային պաշտպանության սպառազինության համար, որովհետև մեռյալ գոտիներ են առաջանում։
Այս նշված բաղադրիչները հաշվի առնելով՝ փորձ է արվել հաշվի առնել ուղղությունը՝ ակնկալվող կամ տվյալ պահին ակնհայտ, և ՀՕՊ միջոցները կենտրոնացնել այդտեղ։
- Վերադառնանք «Օսա»-ներին. եթե դրանք չխոցվեին, ի՞նչ դեր կարող էին ունենալ 2020-ի պատերազմում։
- Եթե զինված մարդիկ հարձակվեն քեզ վրա ու դու երկընտրանքի առաջ կանգնած լինես՝ կամ դանակով պաշտպանվես կամ սպասես քեզ սպանեն․․․ ամեն դեպքում ելքը լինելու է քո մահը, ուղղակի մի դեպքում փորձ է արվելու կորուստ պատճառել։ Կոպիտ ասած, այս հարցը նման է դրան։ Այսինքն՝ ինքնաոչնչանալ տվյալ մարտական մեքենաներով՝ փորձելով մաքսիմալ կորուստներ պատճառել հակառակորդին, ինչը կհաջողվի, կամ չի հաջողվի։
Այն ավիացիան և ուժերը, որ կիրառվել են մեր դեմ, այդ մեքենաները մի քանի փորձից հետո կխոցվեին։
Հադրութի շրջանում, այդ տվյալները հստակ են, երբ ինտենսիվ խոցումներ են եղել «Տոր»-ի միջոցով, ավիացիա չի կիրառվել։ Երկու «ՍՈւ-25» խոցեցինք։ Նույն օրը, րոպեների ընթացքում․ մեկը խոցվեց, իսկ մյուսը պտտվում էր, որ դեպի իրենց կողմ գնա, ու կրկին խոցվեց։ Մի բան է ԱԹՍ կիրառելը, մեկ այլ բան՝ ավիացիան, որտեղ մարդ կա։ Դրանից հետո Մարտունու ուղղությամբ սկսեցին ավիացիա կիրառել։
- Բայց ռուս-ուկրաինական պատերազմում «Օսա»-ն արդիականացնում են, և դրանք աշխատում են՝ խոցելով ԱԹՍ-ներ։
- Ռուս-ուկրաինական պատերազմում կիրառվող «Օսա»-ները միայն արտաքնապես են «Օսա»։ Տեխնիկական բնութագրերով, ներսի կառուցվածքով դրանք ժամանակակից մեքենաներ են։ Հետաքրքրության համար ես նման «Օսա»-ի մեջ մտել եմ, երբ «Տոր»-եր էինք ընդունում Ռուսաստանում։ Այնտեղ լրիվ թվային էկրաններ են և այլն։ Համարիր՝ «Տոր»-ի մեջ ես մտնում։ Նույն բելառուսական «Օսա»-ներն էլ են այդպես։
Մերը ռուսական զորատեսակի կիրառումից հանված, կոնսերվացիայի ենթակա սպառազինություն էին։ Նույնն էր Հորդանանից ինչ-որ ճանապարհներով բերված «Օսա»-ները։
- Իսկ Հորդանանից բերված «Օսա»-ները տարբերվո՞ւմ էին ունեցած «Օսա»-ներից։
- Նույն սովետականն էին։
- Ճի՞շտ է, որ հորդանական «Օսա»-ները ստանալուց հետո էին քաղաքական գործիչները հայտարարել, որ օդը փակ է։
- Այդ հայտարարությունը շատ եմ լսել, հիմնականում դրանք այն մարդիկ են անում, որ ՀՕՊ-ի հետ կապ չունեն։ «Օդը փակ» լինելու մասին հասկացություն չկա, մենք հստակ տեսել ենք, որ նույնիսկ Իսրայելի օդը չէ փակ, որի ՀՕՊ-ը աշխարհում լավագույններից է․ արդյունավետությունը շատ բարձր է, բայց դա չի նշանակում, որ փակ է։
2019-ին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել հակաօդային պաշտպանության «Օսա-ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է օդային սահմանները անխոցելի դարձնելու մասին
- Կարո՞ղ ենք ասել, որ ՊԲ-ի ՀՕՊ-ի հիմնական սպառազինությունը «Օսա»-ներն են եղել։
- Հիմնական ՀՕՊ միջոցը «Օսա»-ներն էի, որոնց վրա հույս էին դնում։ Իհարկե, 2019-ից նոր՝ վեց միավոր (խմբ․՝ «Տոր-»-րը նկատի ունի) սպառազինություն ենք ստացել, ու իրենք էլ են իրենց վրա լրացուցիչ ծավալ վերցրել, քանի որ նոր սպառազինություն է, գերժամանակակից, որով փորձ է արվել ամենավտանգավոր ուղղություններում օգտագործել։
Ինչպես ասում են՝ դա «քարավ մըհակ կտրել» է (խմբ․՝ շատ դժվարությամբ մի բան անել)։ Մենք խոսում ենք սպառազինությունից, բայց մինչև այն գնելը, պիտի այդ ճանապարհը տեսնենք․ սպառազինության համար պատրաստենք համապատասխան մասնագետներ, տեղանքը ուսումնասիրենք այդ սպառազինության համար, և այլն։
Տեղադրություն
Թեմա











