Ահաբեկչություն Քաշմիրում. ինչ նպատակներ է հետապնդում Պակիստանը

Ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունից զոհվեց 26 զբոսաշրջիկ, բազմաթիվ մարդիկ վիրավորում ստացան։ Այս միջադեպը 2019-ի փետրվարին Փուլվամայի դեպքից հետո ամենաարյունալի հարձակումն էր, որին զոհ էր գնացել անվտանգության 40 աշխատակից։ Փահալգամի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը Պակիստանում գործող ահաբեկչական «Լաշքար-է-Թայիբա» խմբավորման թևն է։ Հնդկական Observer Research Foundation վերլուծական կենտրոնի փորձագետ Այջազ Վանին (Ayjaz Wani) իր հոդվածում ներկայացնում է այն պատճառները, թե ինչու է Պակիստանը հովանավորում այս հարձակումները։
Ողբերգությունն արձագանք գտավ ամբողջ Հնդկաստանում՝ միավորելով բոլոր կրոնների և ինքնությունների քաշմիրցիներին, որոնք դատապարտում էին Պակիստանի ահաբեկչական գործողությունները։ 35 տարվա բռնության և ահաբեկչության ընթացքում Քաշմիրի հովտում առաջին անգամ տեղի ունեցավ ամբողջական գործադուլ, որն ուղեկցվեց երկրամասով մեկ ահաբեկչությունը դատապարտող բողոքի ցույցերով։
Փահալգամի հարձակումը արտացոլում է Պակիստանի ահաբեկչական խմբավորումների և ռազմական կառույցների աճող հիասթափությունը, որը բխում է հովտում ահաբեկչության աջակցության բացակայությունից, դիվանագիտական մեկուսացումից, ներքին ճնշումներից և Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում անկարգություններից։ Վերջին հինգ տարիների ընթացքում Քաշմիրում զարգացող իրավիճակը Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրին ստիպել է ստանձնել պրոքսի պատերազմի վերահսկողությունը, ինչի անմիջական վկայությունը Փահալգամի հարձակումն էր։ Ապրիլի 15-ին մադրասայի երբեմնի աշակերտ Ասիմ Մունիրն իր ելույթում պակիստանցիներին խրախուսում էր պաշտպանել երկու ազգերի տեսությունը՝ պնդելով, որ Քաշմիրը «կլինի մեր կոկորդի երակը, մենք չենք մոռանա այն» և կաջակցենք քաշմիրցիներին։ Ապրիլի 18-ին «Լաշքար-է-Թայիիբա»-ի հրամանատար Սեյֆուլլահ Մուսան հանրահավաք անցկացրեց Պակիստանի բռնազավթած Քաշմիրի (Պոկ) Ռավալկոտ քաղաքում և հայտարարեց, որ Նյու Դելին ցանկանում է փոխել Քաշմիրի ժողովրդագրությունը. «Ջիհադը կշարունակվի, զենքերը կմոլեգնեն, և գլխատումները կշարունակվեն Քաշմիրում»։
Քաշմիրի այսօրվա իրականությունը
2019-ից ի վեր Քաշմիրի հովտի բնակիչները դուրս են եկել ահաբեկչության ստվերից՝ ավելի լայն հնարավորություն ստանալով ինտեգրվելու մնացյալ Հնդկաստանին։
2019-ին Հնդկաստանի կառավարությունը վերացրեց Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը Ջամմու և Քաշմիր շրջանին տալիս էր հատուկ ինքնավար կարգավիճակ, և միաժամանակ ուժը կորցրած ճանաչեց 35ա հոդվածը, որն ապահովում էր այդ երկրամասի մշտական բնակիչների բացառիկ իրավունքները։
Ջամմու և Քաշմիր մարզի ինտեգրումը Հնդկաստանի իրավական և տնտեսական համակարգին տարածաշրջանում զգալիորեն նվազեցրել է ահաբեկչությունը, նպաստել զբոսաշրջությանը և տնտեսությանը, խթանել տեղի բնակչության ակտիվությունը։ Այս փոփոխությունները հիասթափեցրել են Պակիստանի ռազմական ղեկավարությանը և նրա ահաբեկչական պատվիրակներին, որոնք այժմ փորձում են անկարգություններ ու ահաբեկչություն սերմանել Քաշմիրում։
Երկրամասում մարդկանց հավաքագրումների նվազող միտումը և զուգակցված անվտանգության խիստ համակարգի և ահաբեկիչներին լոգիստիկ և այլ աջակցություն տրամադրողների բացակայությունը՝ Պակիստանին ստիպել է ավելի մեծ թվով օտարերկրյա ահաբեկիչներ ուղարկել այստեղ: 2024-ին Ջամմու և Քաշմիր մարզում չեզոքացված 68 ահաբեկիչներից 42-ը օտարերկրացիներ էին՝ զինված M4 կարբին հարձակողական հրացաններով, գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև բարձր կոդավորված հեռահաղորդակցության սարքավորումներով, որոնք սովորաբար օգտագործվում են պակիստանյան բանակի կողմից: Հովտում ահաբեկիչներին աջակցություն տրամադրող ցանցի բացակայության և քաղաքային շրջաններում անվտանգության ուժերին դիմակայելու անկարողության պատճառով ահաբեկիչները ստիպված էին ընտրել խիտ անտառները որպես անվտանգության ուժերի հետ առճակատման վայր: 2020-ից հետո ահաբեկիչները ստիպված էին տեղափոխվել Հովտից դեպի Փիր Փանջալ լեռնաշղթայի հարավ և Ջամմու՝ կիրառելով պարտիզանական մարտավարություն՝ հարձակվելով անվտանգության ուժերի վրա և այնուհետև նահանջելով լեռնային տարածքի խիտ անտառները՝ մեկ այլ հարձակման համար վերախմբավորվելու նպատակով:
2019-ից ի վեր Ջամմու և Քաշմիրում տնտեսական փոխակերպումը և վերջին երեք տարիներին այստեղ զբոսաշրջության բումը հանգեցրել են տնտեսական 7,8 տոկոս աճի, ինչը ընդհանուր երկրի 7,77 տոկոս միջին աճից մի փոքր ավելի է: Զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինն այս մարզի տնտեսական աճի կառուցվածքում նույնպես ավելացել է՝ հազարավոր աշխատատեղեր ստեղծելով տեղացի երիտասարդների համար կառավարության նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է հյուրատնային նախագիծը, որը հատուկ օժանդակություն է ստանում յուրաքանչյուր միավորի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում:
Պակիստանի խորացող հիասթափությունը
Քաշմիրը մշտապես նարատիվ և քաղաքական ռազմավարություն է եղել պակիստանյան բանակի և կառավարության համար, որոնք ներքին ուշադրությունը երկրի քաղաքական անկայունությունից և տնտեսական դժվարություններից ուղղորդել են այստեղ: Վերջին չորս տարիների ընթացքում Պակիստանի տնտեսությունը անկում է ապրում, և Բանակի ազդեցությունը երկրում ներկայումս վիճարկում են միջազգայնորեն ահաբեկչական համարվող «Թեհրիք-է-Տալիբանի», «Բելուջիստանի ազատագրման բանակ» և «Բելուջիստանի ազատագրման ճակատ» խմբավորումները: Տալիբանի՝ Աֆղանստանում իշխանության վերադառնալուց հետո «Թեհրիք-է-Տալիբանի»-ն ուժեղացրել է իր հարձակումները: Տալիբանի իշխանավարման առաջին 21 ամիսների ընթացքում Պակիստանում ահաբեկչական հարձակումներն ավելացել են 73 տոկոսով, ընդ որում` երկրի հյուսիսային Խիբեր Փախթունխվա նահանգում արձանագրել է ահաբեկչության տագնապալի 280 տոկոս աճ. եթե 2021-ին գրանցվել էր 572 միջադեպ, ապա 2024-ին՝ 2,173: Նմանապես, «Բելուջիստանի ազատագրման ճակատը» և «Բելուջիստանի ազատագրման ճակատը» ուժեղացրել են իրենց հարձակումները պակիստանյան հաստատությունների, հատկապես բանակի դեմ:
Քաշմիրի հովտում փոփոխված հանգամանքների լույսի ներքո, որը բնութագրվում է տնտեսական փոխակերպմամբ, խաղաղ միջավայրով, զբոսաշրջության բումով և տեղական ընկալումների փոխակերպմամբ՝ Պակիստանը փորձում է անկարգություններ հրահրել և մեծացնել արմատականացումը՝ հիմնականում վիրտուալ ահաբեկչական խմբերի միջոցով: Նրանք ուժեղացրել են հակահնդկական գործողությունները սոցիալական մեդիա հարթակներում։ 2024-ի հոկտեմբերին Հնդկաստանի անվտանգության ծառայությունները հաղորդեցին ավելի քան 2,000 մտահոգիչ գրառումների մասին՝ 2023-ի նույն ժամանակահատվածում գրանցված ընդամենը 89-ի համեմատ:
Այնուամենայնիվ, նրանց ձեռնարկումները ձախողվել են, քանի որ Քաշմիրը և նրա ժողովուրդը 2019-ից հետո մտել են զարգացման նոր փուլ, երբ տարածաշրջանը արագ դառնում է արձակուրդային լավագույն վայրերից մեկը տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Պակիստանի բանակի հրամանատարը միջոցներ է ձեռնարկել վերակենդանացնելու երկու ազգերի տեսության բաժանարար հռետորաբանությունը: Քաշմիրը բնութագրելով որպես Պակիստանի «կոկորդի երակ»՝ նա փորձում է բարձրացնել ահաբեկչական խմբավորումների ոգին հիմնական թեզով՝ ենթադրյալ ժողովրդագրական փոփոխության։ Դա կրկնեց նաև «Լաշքար-է-Թայիբա»-ի հրամանատար Սեյֆուլլահ Մուսան Քաշմիրի՝ Պակիստանի բռնազավթած հատված Ռավալկոտ քաղաքում անցկացված հանրահավաքում: Այդ ազդանշանը բավարար էր «Դիմադրության ճակատի» և նրա ահաբեկիչների համար՝ թիրախավորելու զբոսաշրջային հայտնի վայրը, խափանելու տարածաշրջանի տնտեսական աճը և ստեղծելու վախի մթնոլորտ:
Ահաբեկչության գործողության նպատակն էր նաև շարունակել պրոքսի պատերազմը, խոչընդոտել նորմալացման ջանքերը և խանգարել Ջամմու և Քաշմիր մարզի ինտեգրմանը:
Պակիստանի բանակի հրամանատար Ասիֆ Մունիրը ներգրավվածություն ուներ նաև 2019-ի փետրվարին Ջամմու և Քաշմիր մարզի Փուլվամա քաղաքի հարձակմանը. նա ղեկավարում էր Պակիստանի Միջգերատեսչական հետախուզական գործակալությունը։ 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի հունիս նրա պաշտոնավարման ժամանակ Քաշմիրում ահաբեկչական գործողություններն աճել էին։
***
Պակիստանի ռազմական ղեկավարությունը, որին հետաքրքրում էր զոհված զբոսաշրջիկների ինքնությունները, վկայում է այն մասին, որ նա ձգտում է պառակտումներ խթանել և ուժեղացնել համայնքային տարաձայնությունները։ Ուշագրավ է, որ Փահալգամի ահաբեկչական հարձակման ժամանակ միայն մեկ քաշմիրցի է զոհվել՝ մի ձիավար, որը փորձել էր զինաթափել ահաբեկչին։
Քաշմիրում առաջին անգամ էր, երբ տեղի երիտասարդությունը, առաջին անգամ 35 տարվա հակամարտությունից հետո դուրս եկավ փողոց իր ձայնը բարձրացնելու ահաբեկչության դեմ։ Պակիստանի կողմից Ջամմու և Քաշմիրում իրականացվող ահաբեկչությանը դիմակայելու համար Նյու Դելին պետք է ավելի ակտիվ դիվանագիտական աշխատանք տանի՝ բացահայտելու պակիստանյան բանակի չարամիտ գործունեությունը, մասնավորապես Միջազգային ֆինանսական գործողությունների խմբի (FATF) Ասիա-Խաղաղօվկիանոսյան ստորաբաժանման շրջանակում։ Բացի այդ, Նյու Դելին պետք է օգտագործի իր ռազմավարական գործընկերությունները ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ՝ Պակիստանի ռազմական կառույցի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Վերջապես, չափազանց կարևոր է հասնել հստակ ռազմավարական պատկերացման՝ հասկանալու, թե ինչպես է Պակիստանը շարունակում իր պրոքսի պատերազմը Ջամմուում և Քաշմիրում, երբ տեղում աջակցությունը նրանց գործողություններին երբևէ ամենացածր մակարդակի վրա է։
Թեմա
Civilnet










