Հռոմի 267-րդ պապի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 7-ին

Հռոմի 267-րդ պապի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 7-ին՝ Ֆրանցիսկոս պապի հոգու հանգստի համար նախատեսված պատարագների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Հստակ ժամանակացույց չկա, թե որքան կտևի հաջորդ պապի ընտրությունը։ Նախորդ երկու Ժողովները, որոնք տեղի են ունեցել 2005 և 2013 թվականներին, տևել են ընդամենը երկու օր։
Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հայտնել է, որ կարդինալները կմասնակցեն Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագին, որից հետո ձայնի իրավունք ունեցողները կհավաքվեն Սիքստինյան մատուռում՝ գաղտնի քվեարկության համար։
Սիքստինյան մատուռ մտնելուց հետո կարդինալները չպետք է հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ մինչև նոր պապի ընտրությունը։
Ժողովի առաջին օրվա կեսօրից հետո կայանում է միայն մեկ քվեարկություն, այնուհետև կարդինալները քվեարկում են մինչև չորս անգամ՝ յուրաքանչյուր օր։
Նոր պապի ընտրության համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը։ Քվեարկությանը մասնակցելու է 135 կարդինալ։
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին։
Թեմա
Civilnet










