ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) ավարտել է իր 30-ամյա գործունեությունն Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք UNFPA-ի պաշտոնական կայքից։
«Ադրբեջանում 30-ամյա ներկայության ընթացքում UNFPA-ն կարևոր դեր է խաղացել՝ աջակցելով կառավարությանը, ինչպես նաև ազգային և տեղական այլ գործընկերներին՝ մայրական առողջության բարելավման, գենդերային բռնության դեմ պայքարի և ապացույցների վրա հիմնված ժողովրդագրական քաղաքականությունների խթանման հարցերում»,- հայտնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ UNFPA-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ կշարունակվի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև կազմակերպության կենտրոնակայանի միջոցով։
Մայիսի 2-ին հայտարարվեց, որ Ադրբեջանում իր գործունեությունն ավարտում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցչությունը։
Փետրվարից Ադրբեջանում սկսվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման գործընթացը։
Իր երկրում այս կառույցների գրասենյակները փակելու որոշումն Ադրբեջանինն է։
Ադրբեջանի կառավարությունը որոշել է փակել ՄԱԿ-ի չորս գործակալությունների գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (ՄԱԶԲՀ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (ՄԱԶԲՀ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը։
Բաքուն հիմնավորել է, որ այս կառույցների «ներկայության անհրաժեշտությունն իր երկրում բացակայում է»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանելով այս որոշումն ասել է, թե «Ադրբեջանի տարածքների ազատագրումը և վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ձեռք բերված սոցիալ-տնտեսական առաջընթացը ստեղծել են պայմաններ, որպեսզի երկիրը սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման գործում հենվի իր ներքին ռեսուրսների և կարողությունների վրա»։
Civilnet











