Գերիների իրավունքների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմները՝ ըստ իրավապաշտպանների

«Չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական, աշխատանքի արդյունքում կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը և մեզ տեղեկություններ տալ նրանց ողջ լինելու վերաբերյալ». հոկտեմբերի 1-ին ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկմանը՝ «Բաքվի գերիների խնդիրը. մարդու իրավունքներ և քաղաքականություն» խորագրով, նշեց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Քննարկման առանցքում էին գերիների մասին հայկական կողմի ունեցած տեղեկությունները, Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին հակազդելու հնարավոր մեխանիզմները, անկախ միջազգային կազմակերպությունների մուտքի արգելքն ու միջազգային դատական ատյաններից հայտերի հետկանչը։
Ուշադրություն հրավիրելով գերիների հարցին՝ Սահակյանը ընդգծեց, որ թեև իրավական առումով Ադրբեջանում պահվող գերիների թիվը 23 է, սակայն իրավապաշտպանների փաստահավաք գործունեությունը վկայում է բռնի անհետացման ենթարկված առնվազն 80 անձի մասին։
Սեպտեմբերի 3-ին կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Բաքվում։ Այլընտրանքային ի՞նչ մեխանիզմներ կան գերիների իրավունքների պաշտպանության համար։
Բանախոսները, ի թիվս այլ միջոցների, նշեցին գերիների իրավունքների պաշտպանությունը ԵԽԽՎ անդամ պետությունների դեսպաններին պատվիրակելը։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ հյուպատոսական իրավունքի այս դրույթի կիրառման հայտնի օրինակներից է ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների պաշտպանության պատվիրակումը Շվեյցարիային՝ 1979-ին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, երբ ԱՄՆ-ն խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, որը ձերբակալել էր 52 ամեիկացի դիվանագետների։
Սահակյանը դիտարկեց նաև ԵԱՀԿ մոսկովյան մեխանիզմը. «Այն հնարավորություն է տալիս մարդու իրավունքների վիճակը հասկանալու, փաստագրելու և ԵԱՀԿ-ին զեկույց ներկայացնելու նպատակով ձևավորել խումբ, որը այցելության միջոցով վեր կհանի խնդիրները։
«ԵԱՀԿ պետությունները համաձայնության են եկել Մինսկի խումբը լուծարելու շուրջ, որը նաև մարդու իրավունքների խնդիրների օրակարգ ունեցող կառույց է եղել։ Տարիներով Մինսկի խմբի օրակարգում է եղել փախստականների վերադարձի հարցը։ Կարծում եմ՝ փակելուն զուգընթաց պետք էր մտածել նաև մարդու իրավունքների հարցերով մեխանիզմ գործարկելու հնարավորությունը»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Բանախոսները համակարծիք են՝ բոլոր նշված մեխանիզմների արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է պետության համաձայնությունը, պետության դերը, ինչը ներկա փուլում՝ խաղաղության գործընթացով պայմանավորված, բացակայում է։
Հասմիկ Հովհաննիսյան
Տեղադրություն
Civilnet










