Գլխավոր Լրահոս

Պակիստանը քարոզչությամբ է արձագանքում հնդկական ռազմական  գործողությանը

Պակիստանը քարոզչությամբ է արձագանքում հնդկական ռազմական  գործողությանը

Նախորդ գիշեր Հնդկաստանը ռազմական հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող օբյեկտների, որը Նյու Դելիի պնդմամբ՝ ահաբեկիչների թիրախներ են։ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունից հետո, որը խլել է 26 զբոսաշրջիկի կյանք։ Ահաբեկչության համար Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին։ Մայիսի 7-ին Պակիստանի տարածքում թիրախներին հասցված հարվածները Նյու Դելին կոչել է «Սինդուր» գործողություն։ Այս ֆոնին Պակիստանը քարոզչական արշավ է սկսել և փորձում է ազդել տարածաշրջանային և միջազգային ընկալումների վրա։ Հնդկական Kashmirdespatch կայքի հոդվածագիր Վինոդ Բհատը անդրադառնում է Հնդկաստանի դեմ Պակիստանի սկսած քարոզչական արշավին։

«Սինդուր» գործողությամբ Հնդկաստանի վճռական հարվածից հետո Պակիստանը ապատեղեկատվական մեծ արշավ է նախաձեռնել՝ փորձելով կեղծ նարատիվներ տարածել և փոխել ուշադրության կենտրոնը:

Այն, ինչ սկսվել էր որպես Հնդկաստանի զինված ուժերի կողմից կենտրոնացված և արդյունավետ ռազմական գործողություն, այժմ վերածվել է քաոսային առցանց քարոզչական պատերազմի: Պրոպակիստանյան սոցիալական մեդիայի օգտահաշիվները և նույնիսկ ազդեցիկ քաղաքական գործիչներ միտումնավոր կեղծ լուրեր են տարածում՝ իրենց իբր հրաշալի ռազմական հաղթանակների և հերոսական պատասխան հարվածների մասին, որոնք պարզապես գոյություն չունեն:

Պակիստանի պետության կողմից հովանավորվող օգտահաշիվները օգտագործում են հին պատկերներ և հին տեսանյութեր՝ հորինելով կեղծ պնդումներ: Նրանց նպատակը հստակ է՝ ողողել տեղեկատվական տարածքն արագ և ճնշող կեղծիքներով, որ դժվար դառնա փաստը մտացածինից զատելը: Սա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլ հաշվարկված, համակարգված արշավ՝ նախատեսված իրականությունը խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու և ամբողջ տարածաշրջանում ընկալումները մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Հին պատկերներ, որոնք դառնում են վիրուսային

Ամենատարածված օրինակներից մեկը վիրուսային տարածում ստացած պատկերն է, ըստ որի՝ Պակիստանի բանակն իբր խոցել է հնդկական Ռաֆալ ինքնաթիռը Բահավալպուրի մոտ: Լուրը, սակայն, հերքեց PIB Fact Check-ը, որը հաստատեց, որ այն իրականում նկար էր 2021-ին Մոգայում (Փենջաբ) տեղի ունեցած ՄԻԳ-21-ի վթարից:

Մեկ այլ ապատեղեկատվություն ի հայտ եկավ տեսանյութի տեսքով, որը պնդում էր, թե Հնդկաստանի բանակը սպիտակ դրոշ է բարձրացրել և հանձնվել Չորա հենակետում: Հորինված այս պատմությունն ավելի տարածվեց, երբ Պակիստանի նախարար Աթաուլլահ Թարարը լայք դրեց այդ՝ առանց ապացույցների պնդմանը: Չստուգված և ակնհայտորեն կեղծ լուրին պաշտոնական կշիռ հաղորդելով՝ Թարարը ոչ թե պարզապես մոլորեցնում է իր սեփական քաղաքացիներին, այլև մասնակցում քարոզչական արշավին:

Կապ չունեցող նյութերը ներկայացվում են որպես մարտական ապացույցներ

Պակիստանյան սոցցանցերում տարածվում էր նաև տեսանյութ, թե իբր Պակիստանի օդուժը թիրախավորել է հնդկական Սրինագարի ավիաբազան: Իրականում տարածվող նյութը Պակիստանի Խիբեր Փախթունխվա նահանգում 2024-ի սկզբին տեղի ունեցած կրոնական բախումներից էր: Տեսանյութը որևէ կապ չուներ Քաշմիրի կամ օդային վերջին հարվածներից որևէ մեկի հետ:

Մեկ այլ գրառման մեջ էլ պնդում էր արվում, թե Պակիստանը ոչնչացրել է Հնդկաստանի բրիգադի շտաբը։ Այն չունի փաստական որևէ հիմք և ամբողջովին հորինված է, ինչպես պնդում են հնդկական պաշտոնական աղբյուրները:

Մեկ այլ հին պատկեր ևս՝ այս անգամ 2024-ի սեպտեմբերին Բարմերում (Ռաջաստան) ՄԻԳ-29-ի վթարից, վերատարածվեց պրոպակիստանյան սոցիալական մեդիայի օգտահաշիվների կողմից, որոնք դա ներկայացրին որպես հնդկական օդուժի վերջին կորուստներ:

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն էլ անհիմն հայտարարություն արեց, թե հնդիկ զինվորներ են գերվել վերջին ռազմական հարվածների ընթացքում։ Այս հայտարարությունն ավելի ուշ հերքվեց և հետ կանչվեց:

Ասիֆը պնդում էր, թե հնդիկ զինվորներ են գերի ընկել Հնդկաստանի «Սինդուր» գործողությանը Պակիստանի պատասխանից հետո: Այդ պնդումներն անմիջապես հերքվեցին և որակվեցին կեղծ, որոնք չունեին գերիեվերված զինվորների մասին պնդումը հաստատող ապացույցներ: Պաշտպանության նախարարը ավելի ուշ ընդունեց, որ հնդիկ որևէ զինվոր չի գերեվարվել:

Ապատեղեկատվության ռազմավարական օգտագործումը

Այս միջադեպերը Պակիստանի կողմից միտումնավոր և համակարգված փորձ են մոլորեցնելու մեդիան, խեղաթյուրելու գլոբալ պատմությունը և մանիպուլյացիայի ենթարկելու հասարակական ընկալումը «Սինդուր» գործողության ներքո Հնդկաստանի հաջող հարվածի մասին: Հին պատկերներով, իրադարձությունների հետ կապ չունեցող նյութերով և հորինված պնդումներով սոցիալական մեդիան ողողելու միջոցով Պակիստանը փորձում է անտեսանելի դարձնել գործողության իրական արդյունքը և ստեղծել ուժեղ հակազդեցության պատրանք: Այս ռազմավարությունը, թվում է, նպատակ ունի շեղել ուշադրությունը Հնդկաստանի գործողության արդյունավետությունից, միաժամանակ փորձելով ազդել ինչպես ներքին տրամադրությունների, այնպես էլ միջազգային կարծիքի վրա՝ ռազմադաշտի զարգացումների կեղծ պատկերումների միջոցով:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում